Այստեղ ինձ պահում է հայրենասիրությունը, ուրիշ ոչինչ, սակայն դա էլ անսպառ չէ
Հրաչյա Ասատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև թեկնածուական թեզ պաշտպանել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։ Դրանից հետո երիտասարդ գիտնականը հետդոկտորական աշխատանք է կատարել Ֆրանսիայում՝ Թուլուզի ինֆորմատիկայի համալսարանում, այնուհետև՝ Հունգարիայում՝ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ գիտնականը մասնակցել և ղեկավարել է մի շարք գիտական ծրագրեր, հանդիսանում է մի շարք միջազգային կառույցների ղեկավար մարմնի անդամ, ՀՀ նախագահի մրցանակակիր տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում, գիտաժողովների մասնակից։ Փորձում է ակտիվ լինել աշխարհի գիտական հանրության շրջանակներում։ Հրաչյա Ասատրյանը ներկայումս ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի լաբորատորիայի վարիչն է։
– Դուք տարբեր միջազգային ծրագրերի եք մասնակցել, սովորել և աշխատել եք արտերկրում, ի՞նչն է Ձեզ պահում Հայաստանում։
– Հայրենասիրությունը, անկեղծ ասած՝ հայրենասիրությունը, ուրիշ ոչինչ։ Եթե ասեմ, որ կյանքս այստեղ ավելի լավ է, այդպես չէ, սակայն կա հավատ։ Հայրենասիրությունն էլ անսպառ չէ, եթե անկեղծ ասեմ։
– Հայաստանում գիտության վիճակն ինչպե՞ս կգնահատեք։
– Կոնսոլիդացիայի կարիք կա, բացի այդ, կարծում եմ, որ ոլորտում ճիշտ գնահատականների և կազմակերպչական հարցերի լուծման կարիք կա։ Գիտնականը տարբեր երկրներում տարբեր կերպ է խրախուսվում։ Օրինակ՝ Եվրոպայում բանաձև գոյություն ունի, որը գնահատում է, թե տվյալ գիտնականը որքանո՞վ է ակտիվ եղել։ Որքա՞ն նյութեր է հրապարակել, որքա՞ն նախագծերի է մասնակցել, որքա՞ն այցելություններ է ունեցել, և այլն։ Եվ իր ակտիվության համաձայն՝ գիտնականը, անկախ իր աշխատավարձից, նաև հավելյալ գումար է ստանում։ Ռուսաստանում ևս նման բան կա։ Իսկ մեզ մոտ, ես չգիտեմ, նման բան կա՞։ Միգուցե կա, բայց ես չգիտեմ։ Հայաստանում էլ կան նպատակային նախագծեր, փորձում են ինչ-որ բաներ անել։ Չի կարելի ասել, որ նման ծրագրեր չկան Հայաստանում, սակայն կարծում եմ, ավելի լավ կլինի, որպեսզի այդ ծրագրերն ու մեր ուժերը համախմբենք պրոբլեմների շուրջ և գտնենք այդ խնդիրների լուծումը։
– Այսինքն՝ խնդիրները, որոնք հիմա մեր գիտնականներն են լուծում, որքանո՞վ են կարևոր և ընդհանրապես որքանո՞վ են կապված միջազգային հանրության հետ, կամ գուցե կղզիացա՞ծ է մեր գիտությունը։
– Չէի ասի, որ մեր գիտությունը կղզիացած է, քանի որ մեր գիտնականներն՝ առանձին-առանձին վերցրած, բավականին բարձր վարկանիշ ունեն արտերկրում։ Սակայն կարծում եմ, որ գիտությունը պետք է ավելի ինտենսիվ աշխատի տարբեր գերատեսչությունների հետ։ Օրինակ՝ Հայաստանի սոցիալական կարիքները լուծելու համար, լինի դա շրջակա միջավայր, թե մեկ ուրիշ ոլորտ։ Այսինքն՝ ի՞նչ կարող է տալ գիտնականը։ Կցանկանայի, որ նման նախաձեռնություններ լինեն, ենթադրենք՝ միջգերատեսչական նախաձեռնություններ, որոնք կօգտագործեն մեր գիտական ներուժն ու առկա պոտենցիալը։ Կարևորում եմ՝ նաև գիտական հանրության սերտ համագործակցությունը Եվրոպական հետազոտական տիրույթի հետ։ Օրինակ, ներկայումս ինստիտուտը ղեկավարում է եվրոպական մի նախագիծ (INARMERA-ICT), որը եվրոպական գործընկերների (Ֆրանսիա, Հունգարիա, Բելգիա) օգնությամբ հնարավորություն կտա հզորացնել ինստիտուտի առկա գիտական ներուժը կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում։
– Օրինակ, ինֆորմատիկայի բնագավառում կա խնդիր, որը կարող են լուծել մեր գիտնականները, և որը, օրինակ, կարելի է պետությանն առաջարկել։
– Շատ խնդիրներ կան, որոնք կարող են լուծել մեր գիտնականները։ Կա նպատակային ծրագիր, օրինակ՝ մեր գիտնականները ներկայումս փորձում են լուծել եղանակի կանխատեսման խնդիրը։ Այսինքն՝ թվային կանխատեսումը, որն ամբողջ աշխարհում կատարվում է, դրան հասնելու համար քեզ պետք են համապատասխան ռեսուրսներ։ Օրինակ՝ մինչև հիմա Հայպետհիդրոմետը ստանում է պատրաստի լուծումներ միջազգային կենտրոններից ու կանխատեսում է իրականացնում, այսինքն՝ չկա սեփական գործիք, որի ստեղծումը կբերի նաև հարակից խնդիրների լուծմանը։ Այդ խնդրի լուծման համար, օրինակ, պետությունն աջակցում է։ Այսինքն՝ պետք է նմանատիպ կոնկրետ խնդիր դնել և կոնկրետ լուծում տալ դրան։ Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ կան։
– Դուք տարբեր երիտասարդների հետ եք աշխատում, նաև գիտական խմբեր եք ղեկավարում։ Երիտասարդների շրջանում ներկայումս Հայաստանում մնալու և գիտությամբ զբաղվելու մոտիվացիա կա՞։
– Նրանք, ում հետ ես աշխատում եմ, փորձում եմ այնպես անել, որ կղզիացած չմնան։ Նրանք երբեմն դուրս են գնում ու տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում։ Փորձում ենք նաև դրսից մարդկանց բերել Հայաստան՝ այստեղ համատեղ աշխատելու համար, որպեսզի ժամանակակից զարգացումներին մերոնք ևս մասնակից լինեն։
Գիտության մեջ առաջ գնալու համար տարբեր մոդելներ կան. պետք է ուսումնասիրել աշխարհի առաջավոր փորձը՝ հաշվի առնելով մեր տեղական նրբությունները։ Այստեղ վատն այն է, որ ֆունդամենտալ-կիրառական կախվածությունը շատ քիչ է։ Այսինքն՝ գիտնականն ինչ-որ ֆունդամենտալ գյուտ արեց, այդ գյուտը պետք է կիրառվի ինչ-որ արտադրության մեջ։ Իսկ որպեսզի այն արտադրության մեջ կիրառվի, այդ տեսական գիտելիքից պետք է վերածվի կիրառական գիտելիքի։ Դա անվանում են ապրանք։ Հայաստանում կոմերցիալիզացիայի մասնագետների պակաս կա, որոնք կարող են օգնել գիտնականներին։ Օրինակ, Ակադեմիան պետք է նման կառույց ունենա, որպեսզի օգնի գիտնականներին, դա էլ փորձ և հմտություն է պահանջում՝ թե ինչպես պետք է գրել բիզնես-պլան։ Միգուցե դա գիտնականի խնդիրը չէ։ Գիտությունը կոորդինացնողները պետք է նման մասնագետներ ունենան։ Շատ խնդիրներ կան, այդ թվում՝ ֆինանսների սղություն։ Պետական միջոցները սակավ են։ Եվ, օրինակ՝ հեղինակավոր համալսարանների հետ միջազգային նախագծերի մասնակցությունը դժվարանում է, երբ սակավ միջոցներ ունես։
Կարծում եմ, օրինակ՝ որքան էլ մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ճյուղ է հայտարարվել, միևնույն է՝ շփվելով միջազգային նախագծերում մեր տարածաշրջանի երկրների հետ, Հայաստանի զարգացածության տեմպերն ինձ չեն գոհացնում։ Ճիշտ է, զարգացում կա, սակայն կարծում եմ, որ պետք է ավելի լուրջ մոտեցում. ներկա տեմպերով մենք հետ կմնանք առաջիկա տարիներին։ Ոլորտին պետք է ֆինանսներ, կոնսոլիդացում, պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնել և անցնել ավելի լուրջ և կոնկրետ գործողությունների։ Եթե ասենք, որ պետությունը չի աջակցում, այդպես չէ, պետությունն աջակցում է, սակայն աջակցման ներկա տեմպերը, կարծում եմ, բավարար չեն։ Դրանք համարժեք չեն զարգացման միջազգային տեմպերին և քաղաքականությանը։