
Հանգամանքը, որ Թրամփը մինչև իրենց հանդիպելը առանձին հանդիպում է ունեցել Զելենսկու հետ, անկասկած մտահոգել է եվրոպացի առաջնորդներին. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Բովանդակային առումով, ակնառու էր եվրոպացիների մի մտահոգություն՝ իրենք կարող են դուրս մնալ Թրամփ-Պուտին երկխոսությունից, իսկ Զելենսկին կարող է այսպես ասած ընդունել նրանց պայմաններն ու գալ համաձայնության:
Սրանով է թերեւս պայմանավորված նաեւ, որ նրանց խոսքում գերակշռում էր միտքը, որ բանը միայն Ուկրաինան չէ, Ուկրաինայի անվտանգությունը չէ, այլ ընդհանուր եվրոպական անվտանգությունը:
Հանգամանքը, որ Թրամփը մինչեւ իրենց հանդիպելը առանձին հանդիպում է ունեցել Զելենսկու հետ, անկասկած մտահոգել է եվրոպացի առաջնորդներին, առաջացնելով մտավախություն, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն կարող էր անել մի առաջարկ, որից՝ ինչպես ասվում է հոլիվուդյան ֆիլմերում, Զելենսկին չէր կարող հրաժարվել:
Ի վերջո, ուզում եմ հիշեցնել մոտ մեկ ամիս առաջ Թրամփի խոսքը Զելենսկու մասին, որտեղ նա նշել էր, թե՝ «եթե նախագահ Զելենսկին ուզում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, ապա պետք է պաատրաստ լինի ստորագրել ինչ որ բան՝ պատերազմը կանգնեցնելու համար»: Սա Թրամփն էր ասել հուլիսի 10-ին:
Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին ասել է, որ տարածքների հարցը կքննարկեն Թրամփ-Զելենսկի-Պուտին եռակողմ գագաթնաժողովի ժամանակ: Այս ամենն իհարկե եվրոպացի առաջնորդների համար մտավախության հիմք է, որ իրենք կարող են սկզբունքորեն դուրս մնալ պրոցեսից: Այդ հանգամանքը հատկապես ընդգծված էր Մակրոնի եւ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի խոսքում: Նրանք ըստ էության բաց էին ասում, որ Եվրոպան պետք է ստանա իր բաժինը:
Թրամփը նրանց չէր հակաճառում, սակայն ֆոն դեր Լայենի ելույթի առիթով հիշեցրեց, որ վերջերս լավ համաձայնագիր ստորագրեցին ԵՄ հետ՝ առեւտրային համաձայնագիր: Հնարավոր է, որ նա ակնարկում էր, որ Ուկրաինայի հարցում համաձայնություններին խոչընդոտելու պարագայում եվրոպացիները կարող են խնդիրներ ունենալ այդ համաձայնագրի մասով:
Սա ենթադրություն է, բայց ակնառու էր, որ կա եվրոպական լիդերների հետ իսկապես շոշափելի անհամաձայնություն, այլապես Թրամփը թերեւս չէր բարձրաձայնի, որ ակնկալում է Վաշինգտոնի քննարկումների արդյունքում եվրոպական առաջնորդների հետ գալ համաձայնության:
Բովանդակային առումով նկատելի մյուս տարբերությունն այն էր, որ եվրոպական առաջնորդները խոսում էին լուծումները քննարկելուց առաջ հրադադարի կարեւորության մասին, այն դեպքում, երբ Թրամփը Ալյասկայից հետո հայտարարում է, որ հնարավոր է նաեււ լուծումները քննարկել ռազմական գործողությունների շարունակության պարագայում, եթե չի հաջողվում գալ հրադադարի:
Սա էական տարբերություն է նրանով, որ կարծես թե նշմարվում է տողատակային իմաստ, որ ռազմական գործողությունները կարող են ծառայել լուծումներ գտնելուն, այն իմաստով, որ Ուկրաինայի դրության առավել վատթարացումը կարող է բերել դիրքորոշումների փափկեցման:
Բոլոր դեպքերում, հարկ է նկատել, որ քննարկումները միայն հրապարակային ռեժիմում չէին: Դրանք այսպես ասած նախնական ուրվագծերն էին, իսկ հետո քննարկումները շարունակվելու էին մամուլից հեռու՝ Օվալաձեւ կաբինետում, որտեղ դրանք թերեւս կլինեին թեժ եւ առավել կոնկրետ»: