«Ես երբեք չեմ հավատացել Նաիրի Հունանյանի ինքնուրույնությանը» (տեսանյութ)

Նման դեպքերում, եթե գործընթացի հետևում լուրջ բան կա, շահարկումներից խուսափելու համար պետք է ստեղծվի մի հեղինակավոր օղակ, որը Հայաստանի տեսակետից կկարողանա թելադրել, թե ինչ պետք է անել: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով հունվարի 31-ին ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին:

«Հիշեցնեմ` նման իրավիճակ էր մարտի 1-ից հետո, երբ կողմերը չէին կարողանում իրար հետ խոսել, և չկար մեկը, որը կարողանար կողմերին բան ասել, նրանցից բան լսել, և Հայաստանի տեսակետից նաև թելադրել: Ուրեմն դա պետք է լինի ինչ-որ մի հեղինակավոր օղակ: Ինչ-որ պահ կար, որ դա կարող էր լինել մեր եկեղեցին, ինչ-որ պահ կար, որ կարող էր լինել մտավորականների մի շրջանակ»,- նկատեց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` այսօր ինչպիսին կլինի այդ օղակը, կարևոր չէ, քանի որ ճիշտ կլինի, որպեսզի գործիչներն իրենք մտածեն, թե ինչպիսի կառույց կարող է իր վրա վերցնել այդ ֆունկցիան: Ի դեպ, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այս դեպքի հետ կապված հետաքննությունը պահանջում է, որ անպայման կատարվի քաղաքագիտական վերլուծություն, բայց ոչ թե հրապարակային, այլ փակ` քաղաքական շահարկումներից խուսափելու համար:

Առավել հետաքրքրական էր Աշոտ Մանուչարյանի այն տեսակետը, որ նման դեպքերում «տարբեր երկրներ սկսում են խոսել»:

«Մի օրինակ բերեմ. Համբարձում Գալստյանի սպանությունից հետո ինձ մոտեցավ X երկրի ներկայացուցիչը և ասաց, որ դա կատարել է Y երկիրը, որովհետև այսպես, այսպես, այսպես…Ուղիղ երեք օրից հետո Y երկրի դեսպանն ինձ հրավիրեց դեսպանատուն և ասաց, որ դա արել է X երկիրը… իսկ այստեղ կար մի ապուշ, որը կազմակերպել էր այդ սպանությունը` մտածելով, թե դա իրենք են անում»,- նշեց Ա.Մանուչարյանը: Այս համատեքստում Մանուչարյանը համեմատություն կատարեց նաև Հոկտեմբերի 27-ի հետ` նշելով, որ երբեք չի հավատացել Նաիրի Հունանյանի ինքնուրույնությանը, որովհետև հաշվի առնելով մարդու խառնվածքը` գոյություն ունի այդպիսի տեխնոլոգիա, որը վաղուց կիրառվել է Արևմուտքում, իսկ արդեն այսօր` ամբողջ աշխարհում և համարյա 100 տոկոսով արդյունքի է բերում. «Նեռոլինգվիստիկ ծրագրավորման մեխանիզմները թույլ են հասնել բարձր կառավարելիության` մանավանդ անհավասարակշիռ մարդկանց դեպքում»:

Կարդացեք նաև

Հայրիկյանի դեմ մահափորձի ֆոնի վրա` Աշոտ Մանուչարյանը նաև այլ մասնրամասներ  պատմեց Հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ:

Ավելացնենք, որ Աշոտ Մանուչարյանը, հաշվի առնելով վերոնշյալը, միանշանակ ճիշտ է համարում այն, որ Հայրիկյանի մահափորձի հետ կապված հետախուզական օպերատիվ աշխատանքներն իրականացնում է ոչ թե Ոստիկանությունը, այլ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Իսկ 168.am-ի հարցին, թե արդյոք ճի՞շտ կլինի այս միջադեպից հետո անվտանգության աշխատակիցներ կցել նախագահի թեկնածուներին, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` 1991 թ. ես` որպես Ներքին գործերի նախարար տվել էի այդպիսի ուղեկցող խումբ այն բանից հետո, երբ գյուղերից մեկում` Պառավաքարում, եղավ մի տհաճ միջադեպ: Զուտ քաղաքական անցուդարձի տեսակետից` նեղ իմաստով, կարծես թե, դրա իմաստը չկար, բայց մի քիչ ավելի լայն կոնտեքստում, եթե երկրի ընդհանուր իրավիճակն ես գնահատում կամ արտաքին գործոնները, իհարկե իմաստ ուներ»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս