«Օրգանի» մարդը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ՝ շքեղ կազմված մի քանի գիրք ձեռբներին և ասում են՝ «մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետև ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները։ Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում։ Բայց եթե այս օրերին մեր տուն են զալիս ինչ-որ մարդիկ, ներկայանում են թաղապետարանից, համատիրությունից և էլի ինչ-որ մի հիմնարկից ու սկսում են հարցեր տալ ընտրությունների վերաբերյալ կամ, ավելի վատ՝ հավաքում են անձնագրային տվյալներ, ինչո՞ւ նույնը չենք անում։ Նրանք բնակարան ներխուժելու և մեզ հարցեր տալու ճիշտ նույն իրավասություններն ունեն, ինչ որ «Եհովայի վկաները»:
Բայց ոչ՝ այստեղ մեր մեջ նստած է խորհրդային ժամանակներից մնացած գենետիկ վախը պետական մարմնի, «օրգանի» հանդեպ։ Եթե «օրգանը» գալիս է և մեզնից տվյալներ է ուզում, ուրեմն դա վերևներում համաձայնեցված է և անհրաժեշտ։ Դե, եկեք, ուրեմն, այդ «օրգանի» մարդուն չդիմադրենք՝ ո՞վ գիտի՝ ինչ է գլխներիս սարքելու, և նրա պահանջները կատարենք։ Ու բնակիչները խելոք-խելոք պատմում են նրան՝ գնալո՞ւ են ընտրությունների, թե՞ ոչ, ո՞ւմ են քվեարկելու, ինչպես նաև հանում են «սերվանտներից» իրենց անձնագրերն ու թելադրում տվյալները։
Հետո այդ մարդկանց մի մասը զանգում է լրատվամիջոցների խմբագրություններ, կուսակցություններ, հ/կ-ներ և բողոքում է, թե իշխանությունն իրենցից տվյալներ է հավաքում, բայց ավելացնում՝ հանկարծ մեր անունները չգրեք՝ քաշվելու ենք։
Այդ վախերն ունեն զուտ «իներցիոն» բնույթ ու ոչ մի բանով հիմնավորված չեն։ Ահազանգելն, իհարկե, ճիշտ է, բայց նախ՝ մի վախեցեք ասել ձեր անունը և հասցեն, երկրորդ՝ ահազանգելուց առաջ վերցրեք այս «օրգանի» մարդու կամ տիկնոջ թևքից և քաղաքավարի ուղեկցեք մինչև ձեր տան դուռը։ Հաջորդ անգամ բնակչի դուռը զանգելուց աոաջ նա երեք րոպե կմտածի։ Իսկ եթե մի քանի քաղաքացի նրան այդպես ուղեկցի, նա կզեկուցի իր «շեֆերին», որ նախընտրական այս «աշխատանքը» ինքը չի կարող կատարել։ Ի դեպ, մերժե֊լով այդ «բանագնացներին»՝ կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաքելու ցանկացած նախաձեռնություն։
Խնդիրը բարդանում է, իհարկե, երբ այդ արատավոր, եթե չասեմ՝ հանցագործ նախաձեռնությամբ հանդես է գալիս պետական կամ մասնավոր հիմնարկի ղեկավարը։ Պարզ է, որ այս դեպքում աշխատակիցները կախվածության մեջ են իրենց տնօրենից (սեփականատիրոջից) և կդժվարանան արհամարհել նրա ապօրինի «հրահանգները»։ Այ, այստեղ իսկապես որոշակի խիզախություն է պետք. ոչ թե գալ տուն և խոհանոցում դժգոհել իշխանությանը «սապոնվող» շեֆից, այլ միասնաբար դիմադրել նրան՝ դիմելով թե՛ լրատվամիջոցներին և հասարակական կառույցներին, թե՛ դատական ատյաններին։ Այդ դեպքում իշխանությանը հաճոյանալու այդ «աշխատաոճը» չի դրսևորվի նաև տնօրենների մակարդակով»։