
Նարինե Մկրտչյանը դիմեց Սահմանադրական դատարան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանն այսօր Սահմանադրական դատարան հանձնեց իր դիմումը:
Ըստ այդմ, նա, մասնավորապես, վիճարկում է Ընտրական օրենսգրքի` ընտրական գրավի կիրառմանն առնչվող 24-րդ, 80-րդ հոդվածների և 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականությունը: Դիմումին կից ներկայացվել է նաև միջնորդություն` վիճարկվող ակտերի գործողությունը մինչև գործի քննության ավարտը կասեցնելու խնդրանքով:
«Դիմումում մատնանշվել է այն հանգամանքը, որ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված են Հանրապետության Նախագահի թեկնածուին ներկայացվող սպառիչ պահանջները, և այնտեղ գումարային խնդիրներ արծարծված չեն: Երկրորդ` գումարային պահանջների ներկայացումը հանդիսանում է թեկնածուների ընտրվելու իրավունքի կիրառման խտրականություն` կախված նրանց գույքային դրությունից»,- «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց Ն.Մկրտչյանը:
Ըստ դիմումատուի, ՍԴ-ի համապատասխան բաժինը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, 5-օրյա ժամկետում կուսումնասիրի դիմումի համապատասխանությունը սահմանված պահանջներին և, առարկություններ չլինելու դեպքում, դիմումը կհանձնվի ՍԴ-ի նախագահին ու կհամարվի ընդունված:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին առաջադրված Ն.Մկրտչյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել որպես թեկնածու` 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագրի բացակայության պատճառով: