Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական այցը Եռաբլուր (լուսանկարներ)
Այսօր առավոտյան, Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում. նա շրջեց Հերոսների ծառուղում և ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին: Նախագահի թեկնածուն այցելեց նաև Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքն Արցախի ազատագրության ու Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հընթացս պատասխանելով լրագրողների հարցերին, նա բարձր գնահատեց Մեծ հայրենականում և Արցախյան գոյամարտում հայ ժողովրդի արժանի զավակների ցուցաբերած սխրանքը, բանակաշինության գործում նրանց ներդրած հսկայական ավանդն ու ջանքերը, որոնք հաղթանակով պսակվեց թե՛ Բեռլինում՝ 1945-ին և թե՛ Շուշիում՝ 1994-ին:
Օրվա երկրորդ կեսին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Թալին և նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց տեղի ընտրողների հետ:
«Այսօր հայկական գյուղը կքել է հոգսերի բեռան տակ, հյուծվել ու դարձել է անգործունակ,- ասաց Հովհաննիսյանը: – Երկրից մեկնողների պատկառելի մասը գյուղացիներն են: Շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս դատարկվում են ամբողջ գյուղեր, որովհետև իշխանությունները գյուղացուն միայնակ են թողել իր խնդիրների հետ: Իսկ մեր գյուղերի բնակլիմայական պայմանները, ինչպես գիտեք, խիստ են, և տասնապատիկ ավելի ջանք ու աշխատանք է պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար»:
Մեզանում ռազմավարական նշանակություն ունեցող գյուղական խնդիրների լուծման համար, ըստ թեկնածուի, անհրաժեշտ է առաջնային ուշադրություն դարձնել տնտեսության առաջանցիկ զարգացման, ջրագծերի, ոռոգման համակարգի, ճանապարհների, կապի և այլ ենթակառուցվածքների արդիականացման, սոցիալական կարիքների լիարժեք ապահովման հարցերին: Նրա խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները՝ արդեն 2014-ից կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները 50 տոկոսով բարձրացնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրողներին կոչ արեց փետրվարի 18-ին մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը եւ կատարել ազատ, գիտակցված ընտրություն:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ