Բանակը պետք է մաքրվի գողական բարքերից և քրեական հեղինակություններից. Վարդգես Գասպարի
Այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցում էին պետական մի շարք պաշտոնյաներ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Շենքի մուտքի դիմաց բողոցի ակցիա էր կազմակերպել Հայ ազգային կոնգրեսի համակիր, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ում հետ զրուցեց 168.am-ը:
– Պարոն Գասպարի, ո՞րն է Ձեր բողոքը:
– Ակհայտ է, որ բանակում տիրում են ոչ կանոնադրային հարաբերություններ, որոնք խորը արմատներ ունեն, և դա եկամուտի միջոցներ է ապահովում բանակի սպայական կազմի համար, դժվար է ասել` մինչև ո՞ր աստիճանի բարձրաստիճան պաշտոնյաներն են դրանից օգուտներ ստանում: Իսկ կոնրետ խնդիրն այն է, որ երկրի ղեկավարությունը` սկսած նախագահից, շահագրգռված են, որ այդ քրեական հեղինակությունները, քրեական բարքերը պահպանվեն բանակում, որովհետև նրանք հանդիսանում են երկրի իշխանության պահպանման երաշխավորը: Ես գտնում եմ, որ բանակը պետք է մաքրվի գողական բարքերից և քրեական հեղինակություններից:
– Բայց ամեն դեպքում, եթե այսօրվա բանակը համեմատենք, ասենք այն վիճակի հետ, որը կար, օրինակ 10 տարի առաջ, կարծես թե դրական առաջընթացներ կան, և այսօր բանակում այլևս չկան, այսպես ասած, «չաստ նայողները» և նման քրեական տարրեր: Արդյոք այս առումով որևէ առաջընթաց չկա՞ հայկական բանակում:
– Այդ ինֆորմացիան բոլոր դեպքերում ճշտգրտված չէ:
– Ես ծառայել եմ բանակում և կարող եմ ասել, որ այնտեղ իրավիճակն այդ առումով ավելի բարվոք է դարձել:
– Համենայնդեպս, միշտ հայտարարվում է, որ հիմա ավելի լավ է, քան նախկինում, անցյալում, բայց երբեք չի ասվում, թե տվյալ պահին ինչպիսի՞ իրավիճակ է: Կոնկրետ սպանություններ հարցով` եթե կան դեպքեր, որոնք հասարակությունը, լրատվամիջոցները չեն հայտնաբերել, դրանք ընդհանրապես չեն բացահայտվում, Պաշտպանության նախարարությունը դրան չի անդրադառնում: Ավելին, երեք պաշտոնատար անձինք` արտգործնախարարը, դատախազը և ևս մեկը, երեք տարբեր թվեր են ասում, թե անցած տարում քանի մարդ է սպանվել բանակում. մեկն ասում է 60, մյուսը` 40 և այլն:
Այսինքն` առաջին խնդիրն, իհարկե, թափանցիկությունն է` հասարակական վերահսկողություն բանակում, որը պետք է իրականացվի: Ճիշտն ասած` ես միանշանակ չեմ ընդունում, որ հիմա ավելի լավ է, քան անցյալում: Իհարկե, հիմա ավելի լավ է, քան 1913 թվին:
– Մի փոքր կոպիտ համեմատություն չէ՞ր:
– Այո, իհարկե, կոպիտ ասացի, որ, այսպես ասած, դա ժամանակի կտրվածքը չէ, պահանջի խնդիրն է: Այս նույնը հարցը մի անգամ քննարկվում էր մոնիթորինգի ժամանակ, որտեղ ներկա են եղել նաև ամերիկացի իրավապաշտպաններ, որոնց հարցրել են, թե ինչպե՞ս է իրենց մոտ բանակի վիճակը, ոչ կանոնադրային հարաբերություններ, պատահե՞լ է, որ մարդ սպանվի և այլն, մարդիկ զարմացել են, թե «էդ ի՞նչ բան է», և մտաբերել են, որ 82 թվին ինչ-որ մեկը սպանվել է: Երբ նայում ենք Հայաստանի նման փոքր երկրին, որի բանակում սպանվածների թիվն ընդամենը մեկ տարում արդեն 48 է հասել, և հունվար ամիսը դեռ չավարտված` 4 սպանություններ ունենք բանակում, դա իհարկե շատ մեծ թիվ է:
– Իսկ ե՞րբ եք վերջին անգամ եղել որևէ զորամասում:
– Չեմ եղել, ընդհանրապես չեմ եղել, ոչ էլ ծառայել եմ: