Մեկը Մարքսով է գալիս, ու ծիծաղելի չի դառնում, մեկն էպոսով է գալիս, ու ծիծաղելի է դառնում
Հարցազրույց «Ազգային պետություն» կուսակցության նախագաh, 1996 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանի հետ
– Քաղաքական դաշտը շատերն ամայացած են համարում: Դուք և՞ս գտնում եք, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե՞ մրցակցություն սպասում եք:
– Քաղաքական դաշտը ոչ թե ամայացած է, այլ պարզապես գոյություն չունի: Պետք է կույր լինել` չհասկանալու համար, որ գործող նախագահն արդեն նախագահ է: Երկու կարծիք լինել չի կարող: Իրողությունը ցույց է տալիս, որ պայքարն անիմաստ է, ալտերնատիվ լինել չի կարող: Իսկ ծրագրային պաքարի մասին մոռացեք: Եթե կարողանանք մյուս ընտրություններին մի կերպ ուշքի գալ, ես պարզապես ուրախ կլինեմ: Սա համակարգային խնդիր է, ներքևի օղակներն աշխատում են այնպես, ինչպես ցանկանում են: Ուզում եք` բոլոր նախարարներին փոխեք, մյուսներին դրեք, նույնն է, ոչինչ չի փոխվի:
– Իսկ ինչի՞ հետևանքով է, որ այսօր քաղաքական դաշտն, ինչպես ասացիք, գոյություն չունի:
– Որովհետև օրենքները չեն գործում: Կամ դաժանորեն գործում են խեղճի նկատմամբ: Մենք հասել ենք հոգևոր ու բարոյական սնանկացման վերջին, իսկ եթե ես սխալվում եմ, Աստված չանի, տեսնեմ մյուս վերջը: Ժողովուրդս այնքան է նահանջել իր իրավունքների հարցում, քաղաքական դաշտն այնքան է ապաքաղաքականացվել ու բազարի վերածվել, որ լոզունգի համար հնարավոր է դարձել «Սասունցի Դավիթի» վրայի փոշին թափ տալ:
– Դուք ճանաչում եք ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Նա անգամ եղել է Ձեր օգնականը, երբ Վազգեն Մանուկյանի շտաբի պետն էիք: Ի՞նչ եք կարծում, նա շանսեր ունի՞ նախագահ դառնալու: Կարո՞ղ է «Սասնա Ծռեր» էպոսի հիմքում ընկած նրա նախընտրական ծրագիրը դառնալ մրցունակ:
– Յուրաքանչյուր մարդ, ով Հայաստանի քաղաքացի է, ով օրենքով նախատեսված բոլոր պահանջները բավարարող կյանքով է ապրել, իրավունք ունի առաջադրվելու, մասնակցելու ընտրապայքարին: Իսկ թե էպոսը` որպես գործիք, լոզունգ, մեթոդ օգտագործելը որքանո՞վ է ճիշտ, Վարդան Սեդրակյանի անձնական գործն է:
Մեկը Մարքսով է գալիս, ու ծիծաղելի չի դառնում, մեկն էպոսով է գալիս, ու ծիծաղելի է դառնում: Սա աբսուրդ է: Պետք է հարգել մարդկանց: Հարցադրումների մեջ անընդհատ փնտրում են, թե որտե՞ղ տրորեն մարդու իրավունքները: Բայց դա իր իրավունքն է, լավ է արել, էպոսով է եկել: Կամ շրջանառվում է այն տեսակետը, թե որքանո՞վ կարող է Սեդրակյանը նախագահ դառնալ:
Բայց ո՞վ է ինչքանով նախագահ դարձել մինչև հիմա: Սերժ Սարգսյանը նախագահ է, որովհետև ժողովրդի մեծ մասը ձայն է տվել, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, որովհետև 90-ականներին իսկապես հավաքեց ձայների մեծ մասը: Սա է իրողությունը: Մեր ժողովուրդը չունի նպատակ, ազգային երազանք: Փողոցում պատահական մեկին հարցրեք, թե` ի՞նչ կցանկանաք հենց այս պահին ստանալ նախագահի կողմից, ու չհավատաք, որ ցանկությունները լինեն երկրի շահերից բխող, դրանք կլինեն միմիայն անձնական բնույթի: Սա անընդունելի է, պետք է քաղաքացի ձևավորվի, ազգային գաղափարի հիմքում: Սեդրակյանը շատ խորամանկ քայլ արեց:
Սրանով ինքն իրեն անմահացրեց պատմության էջերում, և ավելին` մեծ լավություն արեց Սերժ Սարգսյանին: Որովհետև վերջինիս արարքները միջպետական թե ներպետական խնդրում շարքային գործեր էին, պարտականություններ: Հետագայում, երբ հայ ժողովուրդն էլ չլինի, «Սասունցի Դավիթը» մնալու է: Տարիներ հետո կգրեն, որ «Սասունցի Դավիթն» այնքան հզոր գործ էր, որ, երբ հայ ազգը հոգևոր սնանկության մեջ էր, հայտնվեց մեկը, ով դրոշ բարձրացրած «Սասունցի Դավիթը»` մտավ ընտրապայքարի մեջ:
Բոլորը զավեշտ, տարօրինակություններ են փնտրում, բայց, կարծում եմ, որ այստեղ կան հետաքրքրական դրվագներ: Բայց ես չեմ զարմանում, որովհետև նույն կերպ ոչ միանշանակ է ընդունվում արմատական հեղաշրջման առաջարկը: Ընդհանուր դաշտն այնքան ամուլ է, այնքան խեղճ, որ թափուր տեղ էր բացվել, ու Վարդանը ներկայացրեց «Սասունցի Դավիթը»` որպես լոզունգ: Ի՞նչ վատ լոզունգ է, այդ գաղափարն ունա՞կ է միավորման:
– Գաղափարը գուցե ունակ է, իսկ անհատը որքանո՞վ է պատրաստ դառնալ այդ միավորման առանցքը: Միայն գաղափարը բավակա՞ն է, թե՞ անհատից էլ է շատ բան կախված:
– Սերժ Սարգսյանը կամ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ են նախագահ դառնալ: Իհարկե: Բա ի՞նչ տարբերություն: Բոլորն էլ նույն կրթական մակարդակն ունեն: Էլ ո՞րն է խնդիրը: Սեդրակյանի ազգանվեր գործի դրական կողմերից մեկն էլ այն է, որ գոնե առիթ է, մարդիկ էպոսը կկարդան:
– Շատերն ասում են, որ Սեդրակյանը համապատասխան քաղաքական անցյալ, կենսագրություն չունի: Դա խնդիր չէ՞:
– Պարզվում է` մյուսները քաղաքական մեծ անցյա՞լ ունեն: Դա ի՞նչ է նշանակում: Այդ մասին խոսողները գոնե հասկանում են, որ քաղաքականությունը Հայաստանում եղել է զոռբայության գործառույթ, օրենքի խախտումներ, և այլն: Ամենանուրբ քաղաքագետին խնդրեք` թող մեկնաբանի կատարվածը, նա համակարգչի նման «կկախվի»: Քաղաքականությունը հարաբերությունների ընդհանրությունն է, որտեղ կամ շահում են, կամ զավեշտական դառնում: Համոզված եղեք, որ այս առումով Վարդան Սեդրակյանն ավելի մեծ քաղաքական անցյալ ունի, քան, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Վարդան Սեդրակյանը դեռ շտաբում աշխատելու ժամանա՞կ էր ցանկանում նախագահ դառնալ: Դուք գիտեի՞ք իր մտադրության մասին:
– Միայն Վարդան Սեդրակյանը չէ: Դուրս եկեք փողոց, գյուղեր, և եթե գտնեք անգամ մեկ հողագործի, որն իր հոգու խորքում չի ցանկանում նախագահ դառնալ, ես քիթս կկտրեմ: Դա ազգային բնութագիր է: Լիդեր դառնալու ցանկությունը մեր մեջ է: Վ. Մանուկյանի շտաբում, երբ մյուսների պես Սեդրակյանը եկավ օգնելու, հենց այդ ժամանակ էլ նրա մեջ առաջացան այդ խմորումները:
Վազգեն Մանուկյանն ազգային խնդիրը ելակետային դարձրեց ու ցանկանում էր ներմուծել քաղաքականության մեջ ազգային երազանքի գաղափարը: Նման հոգևոր ամայացման պարագայում` կարելի է ոչ միայն «Սասնա Ծռերը», այլև «Տորք Անգեղը» բերել: Երբ Վարդան Սեդրակյանը եկավ Վազգեն Մանուկյանի մոտ ու ներկայացրեց, որ էպոսում կան ապրելակերպի բոլոր նորմերը, հենց այդ ժամանակ էլ նա արդեն ուներ նախագահ դառնալու մտադրություններ: Մեզ համոզում էր, որ այնտեղ դրված են յուրաքանչյուր փոխհարաբերությունների կոդերը:
– Ի դեպ, Սեդրակյանը հայտարարել էր, որ` Վազգեն Մանուկյանի շտաբում «կարտ էինք խաղում, սուրճ էինք խմում»:
– Նման բան բացառվում է: Թղթախաղը ես կտրականապես հերքում եմ: Սուրճ խմում էինք չափից շատ, ծխում էինք` չափից շատ, բայց կարտ խաղալն աբսուրդի վերջն է: Ընդհանրապես կարտ են խաղում նախագահ դարձած թեկնածուի շտաբում, բայց ոչ` Վազգեն Մանուկյանի շտաբում:
«168 ԺԱՄ»