Արդյոք Հայաստանի պատվիրակությունը ճանաչե՞լ է ադրբեջանական տարածքների օկուպացիան
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն գրում են այն մասին, որ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն ընդունել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, և այդ տարածքներից բռնագաղթել են հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական պատվիրակության հերթական մեղադրանքներին ի պատասխան, ըստ որոնց՝ «Հայաստանն օկուպացրել է երկրի 20 տոկոսը, և այնտեղից բռնագաղթել են 1 միլիոն ադրբեջանցիներ», հայկական պատվիրակությունը պատասխանել է, որ խոսքը ոչ թե 20 տոկոսի, այլ 13 տոկոսի մասին է, իսկ փախստականների թիվն էլ ոչ թե 1 միլիոն է, այլ 700 հազար: Ադրբեջանցիները համարում են, որ այսպիսով հայերը պաշտոնապես ճանաչել են օկուպացիայի փաստը:
168.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Հունվարի 24-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստում լսվել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին զեկույցը, որը ներկայացրել են ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Ժոզեֆ Գրեշը: Այս զեկույցը ներկայացնելու ժամանակ համազեկուցող Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ երեք ամիս առաջ Փարիզում տեղի ունեցած մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչն իր խոսքում ընդունել է, որ Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 13 տոկոսը` այդ տարածքներից ստիպողաբար հեռացնելով 700 հազար ադրբեջանցիների:
ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դավիթ Հարությունյանն, ի պատասխան Ագրամունտի հայտարարության, մոնիտորինգին ասել է. «Իր պնդումներն ավելի համոզիչ դարձնելու համար Ագրամունտը մանիպուլյացիաների է դիմել և խեղաթյուրել իմ փաստարկները, որոնք վերաբերում էին հակամարտության փաստական տվյալներին»: Ապա Դավիթ Հարությունյանն ավելացրել է, որ Ագրամունտը կանխամտածված կերպով ապակողմնորոշում է ԵԽ ԽՎ-ին:
«Սարսափելի է, որ Վեհաժողովի անդամը, ավելին` Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը դիմում է կեղծիքի: Պարոն Ագրամունտի հիշողությունը նրան դավաճանում է»,- ասել է Դավիթ Հարությունյանը, ով իր ճշմարտացիությունն ապացուցելու համար առաջարկել է հրապարակել Մոնիտորինգի հանձնաժողովի հիշյալ նիստի արձանագրությունները:
Պեդրո Ագրամունտի խնդիրն էր՝ ուսումնասիրել և ԵԽ ԽՎ-ին ներկայացնել Ադրբեջանի կողմից ԵԽ ԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը, ներկայացնել, թե դրանք որքանով են կատարվել և որքանով են անտեսվել: Բայց դրա փոխարեն՝ նա խոսել է այլ բանի մասին, խոսել է Հայաստանի պատվիրակության անդամի հայտարարության մասին, այն բնութագրելով՝ որպես Ադրբեջանի տարածքի բռնազավթումը ճանաչելու մասին արված խոստովանություն:
Հայկական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կլինի Երևանում: Նրանք կհայտարարեն, որ իսպանացի պատգամավորը կաշառված է, և նրա բերանից փչում է իր կերած նավթա և ձկնկիթադոլարների հոտը, որին, իհարկե, բոլորը կհավատան՝ համարելով խիստ համոզիչ:
Բայց չէ՞ որ ժամանակին նույն ձևով ՀՀ իշխանություններն էին կաշառում ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որպեսզի նրանք ընտրությունները ներկայացնեն՝ որպես ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխան, կամ իրենց զեկույցներում ամեն կերպ շրջանցեն «քաղբանտարկյալ» արտահայտությունը, և այդ զեկույցներից էլ կոնյակի ու բաստուրմայի հոտ էր գալիս:
Խնդիրն այն է, որ բոլորը հասկանում են` ԵԽ ԽՎ-ն անկողմնակալ ու անշահախնդիր կառույց չէ, որի նպատակն անդամ երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակի մասին օբյեկտիվ գնահատական ներկայացնելն է, այն հաշվով, որ ներկայացված բացասական երևույթներն ուղղվեն և չկրկնվեն:
Պարզ է, որ այնտեղ հավաքված մարդկանց մի մասը լուծում է անձնական խնդիրներ և, մեծ հաշվով, թքած ունի ժողովրդավարության, մարդու իրավունքների և մյուս համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա, որոնք մենք հաճախ եվրոպական ենք անվանում: ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցողն ընդամենը մեկ ապացույցն է այն բանի, որ Եվրոպան խորը ճգնաժամի մեջ է, և այդ ճգնաժամը չի վերաբերում միայն ֆինանսներին ու որոշ երկրների պարտքային բեռի մեծացմանը, դրա սպասարկման անհնարինությանը: Այդ ճգնաժամն, ըստ ամենայնի, նաև արժեքային է և համակարգային: