Բաժիններ՝

«Անատոլիական քրիստոնյաների օսմանյան ցեղասպանությունները» խորագրով գիտաժողով Չիկագոյում, 2013թ. մայիսի 10-11

Ինչպես հաղորդում է ԱՐՄԱԿԱԴ-ը՝ 2013թ. մայիսի 10-11-ը ԱՄՆ Չիկագո քաղաքում կկայանա «Անատոլիական քրիստոնյաների օսմանյան ցեղասպանությունները» խորագրով գիտաժողով, որին մասնակցելու են հրավիրվում գիտնականներ ամբողջ աշխարհից:

Փոքրասիական և պոնտական ուսումնասիրությունների հունական կենտրոնը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների ասորական կենտրոնը հայտարարում են գիտական հոդվածների հայտերի ընդունում «Անատոլիական քրիստոնյաների օսմանյան ցեղասպանությունները» թեմայով կայանալիք կոնֆերանսի համար:

20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների հետևանքն էր առնվազն 2.5 միլիոն քրիստոնյաների զանգվածային ոչնչացումը, հարյուր հազարավորների արտաքսումը, ահռելի ծավալների ունեցվածքի առևանգումը, մշակութային ժառանգության և սրբավայրերի կործանումը:  Կոնֆերանսի նպատակն է նպաստել այս ցեղասպանությունների ակադեմիական և քննադատական ուսումնասիրությանը:

Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանությունների միջդիսցիպլինար քննության արդյունքում հայերի, ասորիների և հույների հանդեպ իրագործած ցեղասպանությունները կենթարկվեն համեմատական ուսումնասիրության, ինչը թույլ կտա նոր դիտանկյունից մոտենալ Փոքր Ասիայի քրիստոնյա բնակչության ոչնչացման քարոզարշավի ռազմավարությանը, ծրագրմանը, իրականացանն ու դրա հետևանքներին: Խրախուսվում են հայտեր հասարակագիտության բոլոր ճյուղերից՝ առաջարկված թեմաներով:

Կարդացեք նաև

Հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների իրավական կողմը: Սա կարող է ներկայացվել տարբեր տեսանկյուններից, ներառյալ.

– Մինչև ցեղասպանությունները, դրանցից հետո և դրանց ընթացքում իրականացված ձերբակալությունների, մահապատիժների, տարհանումների, ունեցվածքի բռնագրավման համար Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից օգտագործված իրավական հիմքերը,

– Ցեղասպանությունների ընթացքում իրականացված ոճիրների համար իրավական միջոցների որոնումը և դրանց իրավական հիմքը միջազգային և Հանրապետական Թուրքիայի օրենքում:

 Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանությունների պատճառները: Այստեղ կարելի է ներառել.

– պանիսլամական և պանթուրանիստական շարժումների ազդեցությունը,
– բալկանյան պատերազմների և մուսուլման փախստականների ներհոսքի հետևանքները:

Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ցեղասպանությունների ներածական մասը: Ելույթները կարող են լուսաբանել ցեղասպանություններին նախորդող իրավիճակը, որում հայտնվել էին Փոքր Ասիայում քրիստոնյա փոքրամասնությունները, և նրանց վերաբերմունքն այդ իրավիճակին.

– Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանությունները նախապատրաստող միջոցների ձեռնարկումը,
– «Քավության նոխազներ» ու կարծրատիպեր. հայերի, ասորիների և հույների հանդեպ Օսմանյան Թուրքիայի վերաբերմունքի նմանություններն ու տարբերությունները,
– Հայերի, ասորիների և հույների քաղաքական դիրքորոշումը 1908թ. Օսմանյան հեղափոխությունից առաջ և հետո. որո՞նք էին նրանց պահանջներն ու միջոցները:

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունների հետևանքները: Այստեղ կարելի է ընդգրկել.

– Հայկական, ասորական և հունական սփուռքերի ստեղծումը. նմանություններն ու տարբերությունները ցեղասպանությունների ֆիզիկական և հոգեբանական վնասների չեզոքացմանն ուղղված համայնքային կառույցներում, մշակութային ինքնության պահպանումը և ճանաչման ու հատուցման պահանջների ռազմավարությունը,
– Թուրքիայում բնակվող հայերի, ասորիների և հույների հանդեպ վերաբերմունքը, նրանց մշակութային և կրոնական ինստիտուտները և ուղենիշները,
– Առևանգված ունեցվածքի ու հարստությունների բաժանումը Օսմանյան և Հանրապետական Թուրքիայում,
– Ցեղասպանությունների բանավոր պատմությունը՝ արևելյան Փոքր Ասիայի ներկայիս բնակչության փոխանցմամբ:

Օսմանյան Թուրքիայի ցեղասպանությունների գիտական ուսումնասիրություն: Այս ոլորտը կլուսաբանի Օսմանյան Թուրքիայի ցեղասպանությունների գիտական ուսումնասիրությունների ներկայիս վիճակը, ընդգրկելով.

– Գործող այն կենտրոնների գնահատականը, որտեղ պահպանվում են ցեղասպանությունների վերաբերյալ նյութեր՝ ներառյալ կառավարական, մասնավոր ու անձնական արխիվներ, դրանց բովանդակությունը և հասանելիությունը,
– Վերլուծական և սկզբնաղբյուրային կարևոր նյութերի ներկայացում, որոնք ներկայումս հասանելի չեն անգլալեզու գիտնականների և հետազոտողների համար: Թեև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու նյութերն ավելի հասանելի են, քան հունական և ասորական՝ փաստաթղթերի մի ստվար զանգված շարունակում է անհասանելի մնալ գիտնականների մեծ մասի համար՝ լեզվական սահմանափակումների պատճառով:

Հեղինակների ներկայացրած սեղմագիրը չպետք է գերազանցի 1000 բառը և պետք է վերաբերի վերը նկարագրված թեմաներից որևէ մեկին, կամ դրանց առնչվող այլ թեմայի: Հղումները կարող են ներկայացվել առանձին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է. 15 փետրվարի, 2013

Հոդվածի սեղմագիրը պետք է ուղարկել http://www.hellenicresearchcenter.org կայքի միջոցով, էլ.հասցե՝ [email protected]:

2013թ. փետրվարի 28-ին կհրապարակվեն ընտրության արդյունքները: Ընտրված հեղինակները պետք է այնուհետ ներկայացնեն 40 տպագիր էջը չգերազանցող հոդված:

Հոդվածները չպետք է տպագրված լինեն որևէ այլ տեղ, կամ՝ զուգահեռաբար ներկայացված լինեն այլ ամսագրերի կամ կոնֆերանսների և պետք է լինեն հեղինակի բնագիր աշխատանքը: Կոնֆերանսին ներկայացված հոդվածները կհավաքվեն, կխմբագրվեն և կհրապարակվեն կոնֆերանսից հետո:

Բոլոր արաբերեն, հայերեն, ասորերեն, հունարեն, քրդերեն, պարսկերեն և/կամ թուրքերեն բառերը պետք է գրադարձվեն՝ համապատասխան Միջին Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) կանոնների: Հեղինակը պատասխանատու է գրադարձության ճշգրտության և օտար լեզվում համարժեք օգտագործման համար:

Բացի հոնորարից, մասնակիցները կստանան նաև իրենց ճանապարհի և կեցության ծախսերի փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս