Բաժիններ՝

Դեդ Հասանի միակ հարցազրույցը. «Ապրում եմ հանգիստ, ոչ մեկի չեմ խանգարում, ես հաշտարար եմ»

Մոսկովյան «Комсомольская Правда» թերթը հրապարակել է հատվածներ հունվարի 16-ին սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հետ տարիներ առաջ արված հարցազրույցից: «Комсомольская Правда»-ն պնդում է, որ դա միակ դեպքն է, երբ Ուսոյանը խոսել է լրագրողի հետ: Մինչ հարցազրույցը ներկայացնելը «Комсомольская Правда»-ի թղթակից Աննա Վելիժանան պատմում է Ուսոյանի հետ հարցազրույցի նախապատմությունը:

«Դեդ Հասանի կերպարով հետաքրքրվեցի հինգ տարի առաջ, երբ սկսեցի լուսաբանել քրեական աշխարհում կատարվող իրադարձությունները: Դեռևս Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի «գահակալության» շրջանում քրեական աշխարհի բազմաթիվ հեղինակություններ (որոնց հետ ես շփվել եմ աշխատանքի բերումով), մեծագույն հարգանքով էին խոսում Յապոնչիկի գորշ կարդինալի` Դեդ Հասանի մասին` նրան ներկայացնելով որպես ամենակարող և անպարտելի մարդու: Ես այն ժամանակ նոր էի սկսում ուսումնասիրել քրեական կլանների միջև կապերը. դա չափազանց հետաքրքիր և գայթակղիչ էր:

Հետաքրքրությամբ էի շփվում օրենքով գողերի հետ ու հասկանում էի, որ որպես այս թեմաները լուսաբանող լրագրող` ինձ համար «բարձրակետը» կլինի եթե ոչ՝ Յապոնչիկի, ապա գոնե՝ նրա «աջ ձեռքի»` Դեդ Հասանի հետ հարցազրույցը: Ինձ շատ էին պատմել, որ Դեդ Հասանը հաճախ է այցելում Մոսկվայի «Барашек» ռեստորան: Եվ մի անգամ, երբ այնտեղ նախատեսված էր Ուսոյանի հանդիպումն ինչ-որ մեկի հետ, ինձ ևս կանչեցին «Барашек»: Ես ակնկալում էի, որ տեսնելու եմ ինչ-որ «հրեշի» (հիշողությանս մեջ էին նրա կերպարի մասին պատմությունները` կարմիր պիջակով, ոսկյա շղթայով): Սակայն ռեստորան մտավ մարմնեղ, սոլիդ տղամարդ, ակնհայտորեն` թանկարժեք, բայց միաժամանակ՝ ճաշակով հագուստով:

Նրան ուղեկցում էին երեք տղամարդիկ` նույնպես նորմալ արտաքինով: Նրանք նստեցին սեղանի շուրջ, քիչ անց նրանց միացան նոր մարդիկ: Թե ինչի մասին էին խոսում, ինձ չհաջողվեց լսել: Բայց տպավորությունն այնպիսին էր, որ զրույցն ընթանում էր հանգիստ, հարգալից մթնոլորտում: Դեդին դիմում էին ընդգծված ակնածանքով: Նա պատասխանում էր ցածր ձայնով, չընդհատելով զրուցակիցներին, ուշադիր լսում էր` միաժամանակ մասնակցելով զրույցին: Ժամանակ առ ժամանակ պատասխանում էր բջջային հեռախոսին և ինչ-որ հանձնարարականներ էր տալիս: Զգացվում էր, որ նա սեփական անձի, խոսքի, շարժուձևի արժեքը գնահատող մարդ է:

Միաժամանակ՝ Դեդն իրեն պահում էր բավականաչափ համեստ, առանց իր անձի վրա ուշադրություն գրավելու: Ու հաստատ նա ինձ ոչնչով չսարսափեցրեց, չնայած ինձ ներշնչել էին, որ հասարակ մահկանացուների համար նույնիսկ նրան մոտենալը վտանգավոր է: Ես տեսել եմ որոշ հանցագործների, որոնք իսկական վախ են ներշնչում: Իսկ «Դեդուշկան» (ինչպես նրան անվանում էին շատ մտերմիկ շրջապատում) միայն դրական էմոցիաներ էր առաջացնում:

Սակայն այդ երեկո ինձ այդպես էլ մոտ չթողեցին Դեդին, քանի որ նա զբաղված էր ավելի կարևոր գործով: Ինձ բացատրեցին, որ դեռ իմ ժամանակը չի հասել:
Ավելի ուշ լրագրող Մաքսիմ Գլադկինն ինձ համոզեց, որ կարողացել է հարցազրույցի նախնական պայմանավորվածություն ձեռք բերել Դեդի հետ: Ես, իհարկե, սկզբում չէի հավատում, որ դա իրականություն կդառնա: Բայց համաձայնեցի մասնակցել դրան: Դա տեղի ունեցավ օդանավակայանում: Ուղևորների անցուդարձի մեջ սկզբում ես նույնիսկ չնկատեցի Ուսոյանին: Նա բացարձակապես իր վրա ուշադրություն չէր սևեռում, քայլում էր գլխահակ, ծանր քայլվածքով: Մաքսիմ Գլադկինը մոտեցավ Ուսոյանին այն պահին, երբ նա բարձրանում էր սանդուղքով:

Դեդի թիկնապահը ցանկանում էր խոչընդոտել Մաքսիմին, բայց Ուսոյանը հայացքով հասկացրեց, որ ամեն ինչ կարգին է և վտանգավոր ոչինչ չկա: Նա ուշադիր լսեց Մաքսիմին, հարցազրույց տալու նրա խնդրանքը: Սկզբում Դեդը վերցրեց Մաքսիմի այցեքարտը, ասաց, որ կմտածի: Բայց Գլադկինը չէր ընկրկում և ընթացքում հարցեր էր ուղղում Դեդին (նրան արդեն մոտեցել էր օգնականը` տեսախցիկով): Ի վերջո, Ուսոյանը համաձայնեց պատասխանել հարցերին: Չնայած նրա թիկնապահները պատրաստ էին հենց այդ պահին պատժել համարձակ լրագրողին:

Ես շարունակում էի հետևել իրադարձություններին` առանց միջամտելու: Ավելի ուշ Գլադկինն ինձ ցույց տվեց իր բացառիկ վիդեոհարցազրույցը Դեդ Հասանի հետ: Մաքսիմն այդպիսով դարձավ միակ լրագրողը, ում հաջողվել էր անձամբ զրուցել «քրեական արքայի» հետ: Ստորև ներկայացնում եմ այդ հարցազրույցից որոշ հատվածներ:

– Ասլան Ռաշիդովիչ, ի՞նչ է այսօր կատարվում գողական աշխարհում:

– Ես արդեն հեռու եմ դրանից: Մենք խաղաղասեր մարդիկ ենք, ոչ մեկի չենք խանգարում: Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, որպեսզի չլինի ամենաթողություն: Ապրում ենք հանգիստ:

– Այդ Դո՞ւք եք Ձեզ համարում հաշտարար մարդ:

– Այո, իհարկե, ես ապրում եմ հանգիստ, ոչ մեկի չեմ խանգարում, ես խաղաղասեր եմ:

– Ձեր քրեական կենսագրությա՞մբ եք պատրաստվում մարդկանց հաշտեցնել:

– Իսկ ի՞նչ կարող եմ անել: Ես ծեր եմ արդեն, շատ բան եմ տեսել կյանքում, գիտեմ՝ ինչ եմ ասում:

– Իսկ Ջեմին հիշո՞ւմ եք (Ջեմը` Եվգենի Վասինը, օրենքով գող էր, ով մահացել է Խաբարովսկի ժամանակավոր պահման մեկուսարանում` 2001 թվականին.- «К.П.»):

– Մենք նրա հետ Տոբոլսկում ենք նստել: Հետո ես այցելում էի նրան` ծննդյան օրերին. ակորդեոն, հանգիստ… Նա չափազանց պարկեշտ մարդ էր:

– Նա օրենքով գող էր, ի՞նչ պարկեշտության մասին է խոսք:

– Դա դատարկաբանություն է: Եթե երեխային մեկը սպանել է, դրա գլուխը կկտրենք: Կա Աստված, կա արդարադատություն, և այն կվերականգնվի:

– Ձեր գողական արդարությամբ Աստծուն հավատո՞ւմ եք:

– Այս տարիքում` այո: Կյանքը խաղ է: Բռնիր գողին, խնդրեմ: Բռնեցին, դրանից հետո էտապով կգնաս: Իսկ այնտեղ սկսում ես գրքեր կարդալ: Գիտես, պետք է իմաստուն գրքեր կարդալ և խելացի կինո դիտել և չիջնել այն մարդու հոգեվիճակին, որի համար գլխավորը միայն գողանալն է: Պետք է զարգանալ:

– Դուք զարգացել եք, լուրջ հեղինակություն ունեք:

– Մեր աշխարհն այլ է:

– Ի՞նչ եք մտածում Զախարիա Կալաշովի ձերբակալման մասին (Կալաշովը` Շակրո կրտսեր մականվամբ, հանցավոր խմբավորման պարագլուխն էր, ով 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել Իսպանիայում` փողերի լվացման համար- «К.П.»):

– Այն, ինչ կատարվեց, սխալ էր: Նա այնքան մարդկանց է օգնել, որ երբեք չի մոռացվի: Բայց այն, որ նրան ձերբակալել են Իսպանիայում, սխալ է: Նա շատ թշնամիներ ունի, ցեխոտում են նրան, հենց այնպես:

– Նրան համարում էին կնքահայր, իսկ Ձեզ` երկրորդը՝ նրանից հետո:

– Ճիշտ չէ: Ոմանց ձեռնտու է սևացնել մարդուն և խլել այն, ինչ նա ունի Ռուսաստանում: Չէ՞ որ նա գործարար էր: Մի խոսքով, չարակամներ շատ կան:

– Իսկ Դուք չե՞ք ցանկանում Կնքահայր լինել:

– Ես թոշակառու եմ, ապրում եմ թոշակով:

– Դուք անկեղծորեն միայն թոշակո՞վ եք ապրում:

– Համարյա:

– Օպերատիվ տեղեկությունների համաձայն, Կալաշովի ձերբակալմամբ մերկացվեց քրեական աշխարհի ղեկավարությունը:

– Այն, ինչ ասվում է Կալաշովի մասին, դա սև է, դա վատ է: Նա լավ, բարի մարդ է, գողերի հետ աշխատել է, բայց դա էլ է նորմալ: Ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում. այն, ինչ մեկին կարելի է, մյուսներին չի՞ կարելի: Այդպես էլ Շաքրոն և ես: Նա որպես գող՝ վատ վարվեց` Թբիլիսիում իր համար ամրոց կառուցելով: Ավելի համեստ է պետք լինել:

– Բայց չէ՞ որ Դուք էլ Տվերսկոյի վրա եք ապրում՝ ոչ հենց այնպես:

– Ես ապրում եմ համեստ, որևէ մեկին չեմ վնասում: Ուզում եմ հանգիստ ապրել կյանքիս մնացած հատվածը…
Այդ ժամանակ Ուսոյանը փորձում էր տպավորություն ստեղծել, որ որևէ կապ չունի քրեական աշխարհի հետ: Ես նրան գրեթե հավատացի: Հետագայում ես խորապես հիասթափվեցի՝ լուսաբանելով քրեական կլանների կյանքը: Հավատացեք, դրանում որևէ «գողական ռոմանտիզմ» չկա, որի մասին պատմվում է գրքերում ու սերիալներում: Նրանք բոլորն ապրում են` ինչպես վառոդով տակառի վրա: Նրանց գործերը դաժան են: Եվ, ինչպես ցույց է տալիս կյանքը, նրանցից քչերն են մահանում բնական մահով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս