Հայաստանը Շոլոխովին կվճարի 5 հազար եվրո

Հունվարի 24-ի նիստում կառավարությունը մտադիր է ընդունել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում` ՄԻԵԴ-ի կողմից «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության» թիվ 40358/05 գանգատով 2012 թ.-ի հուլիսի 31-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:

Մասնավորապես նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությանը 2013 թ.-ի առաջին  եռամսյակում հատկացնել 5  հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ` Շոլոխովին փոխհատուցելու համար:

Նախագիծը մշակած ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորմամբ, Հայաստանի Հանրապետությունն այս գործով դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել  նշված գումարը եվրոյին համարժեք Մոլդովական լեյ հաշվարկված վճարման օրվա փոխարժեքով` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2012 թ.-ի հոկտեմբերի 31-ին,  հետևաբար վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թ.-ի հունվարի 31-ն է:

Ներկայումս Մոլդովայի քաղաքացի Վ.Շոլոխովը 1971թ. մայիսին Երևանի Մսի կոմբինատում աշխատելիս ստացել է ողնաշարի կոտրվածք և ճանաչվել առաջին աստիճանի հաշմանդամ: 1972թ. փետրվարի 25-ին կոմբինատի ղեկավարությունը դիմումատուին նշանակել է ցմահ ամսական վճարումներ:

Դիմումատուն ներպետական դատարաններում կոմբինատի դեմ վնասների փոխհատուցման պահանջով հայցեր է ներկայացրել: 1973թ. նոյեմբերի 20-ին Քիշնևի Լենինի շրջանի դատարանը Կոմբինատին պարտավորեցրել է փոխհատուցել խնամքի ծախսերը: 1974թ. հունվարի 16-ին Մոլդավիայի ԽՍՀ գերագույն դատարանի քաղաքացիական պալատը փոփոխել է այդ վճիռը` նվազեցնելով նշանակված փոխհատուցման գումարները: Դիմումատուն, այնուհետև, ձեռք է բերել ցմահ հաշմանդամության կարգավիճակ` աշխատունակության 100% կորստով:

1980-ական թվականների վերջերին դիմումատուն կոմբինատի դեմ հայց է ներկայացրել` պահանջելով լրացուցիչ բուժօգնության և հավելյալ սննդի համար լրացուցիչ փոխհատուցում եւ  Օրջոնոկիձեի շրջանի ժողդատարանը բավարարել է դիմումատուի պահանջները:

1992թ. հունվարից ի վեր կոմբինատը դադարեցրել է դիմումատուի ամսական վճարումները:

1995թ. հունիսի 14-ին կոմբինատը  վերակազմակերպվել է «Ուրարտու» ԲԲԸ-ի, իսկ 1997թ. հունվարի 14-ին ճանաչվել է սնանկ: 1997թ. ապրիլի 28-ին ընկերությունը հանվել է աճուրդի, վաճառվել և ազատվել  որևէ պարտքի վճարումից:

Դիմումատուն շարունակել է իր պայքարը, և Մոլդովայի դատարաններում հայց ներկայացրել «Ուրարտու» ԲԲԸ-ի դեմ` պահանջելով հետագա վնասի փոխհատուցում: 2003թ. մարտի 27-ին Քիշնևի Սիոկանա շրջանի դատարանը «Ուրարտու»  ԲԲԸ-ն ճանաչել է կոմբինատի օրինական իրավահաջորդ և բավարարել դիմումատուի պահանջները: Դիմումատուն, այնուհետև, պահանջել է Մոլդովայի արդարադատության նախարարությունից աջակցել իրեն Հայաստանում 2003թ. վճիռը ճանաչելու և կատարելու հարցում` 1993թ. Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին Մինսկի Կոնվենցիային համաձայն:

2004թ. մարտի 4-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դիմումատուի պահանջը` ճանաչելով 2003թ. վճիռը և պահանջելով կատարել այն: Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2004թ. ապրիլի 23-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի պահանջը: Դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը 2004թ. սեպտեմբերի 17-ին մերժվել է` չհիմնավորված լինելու պատճառով:

Այնուհետև դիմումատուն անհատական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Կոնվենցիայի 6 § 1 հոդվածի և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո՝ Հայաստանի և Մոլդովայի իշխանությունների կողմից 1988թ. վճիռը և Հայաստանի իշխանությունների կողմից 2003թ. վճիռը չկատարելու վերաբերյալ:

Դիմումատուն նաև գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո, որ նա զրկված էր իր կյանքի իրավունքից՝ նորմալ կենսապայմանների առումով, և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել, քանի որ ազգությամբ ռուս լինելու հանգամանքն է հանդիսացել վճիռների չկատարման պատճառ:

Եվրոպական դատարանը 2012թ. հուլիսի 31-ի վճռով խախտում է ճանաչել միայն Կոնվենցիայի 6 § 1 հոդվածով: ՄԻԵԴ-ը նշել է, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, մերժելով 2003թ. վճիռը ճանաչելու և կատարելու մասին դիմումատուի պահանջը, ընդամենը հղում է կատարել Մինսկի Կոնվենցիայի 55 (գ) հոդվածին, սակայն ըստ էության չի պատճառաբանել իր որոշումը: Այսպիսով, թույլ է տրվել Կոնվենցիայի 6 § 1 հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պետք է վճարի 5,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Գայանե Մելիքյան
«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս