Արարատի դատախազի, դատավորի, պատգամավորների համար 2011թ. հաջողակ չի եղել

2011թ. Արարատի մարզպետի, մարզի դատախազի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Արարատի տարածքից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների համար գույքի ձեռքբերման առումով հաջողակ չի եղել: Բացառություն է թիվ 18 ընտրատարածքի պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը: Նա, համաձայն ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, 2011թ. ձեռք է բերել 2 հողամաս` 12 մլն 50 հազար դրամ ընդհանուր արժեքով և 70 մլն դրամ արժեքով 1 բնակարան հայտարարագրել է որպես նվիրատվություն:

Այս բարձրաստիճան պաշտոնյաների տարեկան եկամուտները հիմնականում գոյացել են ստացած աշխատավարձերի գումարներից: Այստեղ ևս բացառություն է պատգամավոր Ա.Գրիգորյանը, ում եկամուտները գոյացել են նաև շահաբաժնից և գյուղմթերքի իրացումից, ինչպես նաև` թիվ 16 ընտրատարածքի պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ում եկամուտների մի մասը գոյացել է մինչև ընտրվելը ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից:

Այսպես` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի 2011-ի տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 391 հազար 63 դրամ, որից 2 մլն 307 հազար 63 դրամը` աշխատավարձ, և 3 մլն 84 հազար դրամը` թոշակ:

Մարզպետի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են 4 մլն 350 հազար դրամ:

Էդիկ Բարսեղյանի տիկնոջ դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են 18 մլն դրամ, իսկ եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից` 1 մլն 200 հազար դրամ:

Արարատի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանի և նրա տիկնոջ 2011-ի տարեկան եկամուտները ևս գոյացել են բացառապես աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 4 մլն 706 հազար 636 դրամ և 1 մլն 327 հազար 881 դրամ: Ամուսինները դրամական միջոցներ չեն հայտարարագրել:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի և նրա տիկնոջ 2011-ի տարեկան եկամուտները ևս գոյացել են բացառապես աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 8 մլն 824 հազար 774 դրամ և 500 հազար դրամ: Ի տարբերություն դատախազի` դատարանի նախագահը հայտարարագրել է դրամական միջոցներ` տարեսկզբին 9 մլն դրամ, տարեվերջին` 8 մլն 500 հազար դրամ:

Թիվ 18 ընտրատարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հայտարարագրել է 121 մլն 992 հազար 890 դրամի չափով տարեկան եկամուտներ, որից 3 մլն 121 հազար 40 դրամը` աշխատավարձ, 65 մլն 637 հազար 500 դրամը` շահաբաժին, 53 մլն 234 հազար 350 դրամը` գյուղմթերքի իրացումից:

Նրա դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին կազմել են 869 մլն 870 հազար դրամ և 864 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 955 մլն 800 հազար դրամ և 870 հազար ԱՄՆ դոլար:
Ա.Գրիգորյանի տիկինը և դուստրը ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:

Թիվ 16 ընտրատարածքի պատգամավոր Մուրադ Մուրադյանի 2011թ.-ի հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջում տեղադրված չէ: Սակայն, որպես պատգամավորության թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն, 2011թ.-ի մարտի 30-ից մինչև 2012թ.-ի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 24 մլն 960 հազար դրամ` աշխատավարձ և ձեռնարկատիրական գործունեությունից: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները` 85 մլն դրամ:

Թիվ 17 ընտրատարածքի պատգամավոր Կարինե Պողոսյանի 2011թ. հայտարարագիրը կայքում ևս տեղադրված չէ, սակայն առկա է նրա` ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահի դրութամբ`31.05.2012-ին, ներկայացրած հայտարարագիրը: Ըստ այդմ` պատգամավորի եկամուտները գոյացել են որպես դպրոցի տնօրեն ստացած աշխատավարձից` 3 մլն 544 հազար 671 դրամ: Դրամական միջոցները` 600 հազար դրամ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս