«Քարոզներով երկրի տեր չեն դարձնում. Ստրուկը երբեք երկիր չի պաշտպանում»

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ մշակույթի ազդեցությունը բիզնեսի վրա այն դարձնում է ավելի քաղաքակիրթ, իսկ բիզնեսի ազդեցությունը մշակույթի վրա դարձնում է այն ավելի մատչելի և գործնական: Նա նշում է, որ  նույնիսկ հանցագործ աշխարհն է քաղաքակիրթ հասարակություն պահանջում, որովհետև, եթե չորս կողմդ հանցագործ են, հանցագործություն գործելը շատ դժվար է: 168.am-ը Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է ոչ միայն Տիկնիկային թատրոնի, արվեստի, երեխաների հոգեբանության և երիտասարդության խնդիրների, այլև Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Երևանի մասին:

– Պարոն Բաբայան, Տիկնիկային թատրոնը բազմաթիվ փառատոների մասնակցելու հրավերներ  ունի, որոնց ֆինանսների սղության պատճառով չի կարողանում մասնակցել: Աջակցություն ստանալու նպատակով` Մշակույթի նախարարությանը դիմո՞ւմ եք:

– Այո, դիմում ենք: Ես կարծում եմ` սխալ է բոլոր հույսերը կապել պետության հետ: Երբ այս հարցին մի փոքր գլոբալ ենք նայում` տեսնում ենք, որ Հայաստանում ունենք լուրջ խնդիր, այն է` քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու խնդիրը: Այս խնդրի լուծմանը պետք է բոլորը մասնակցեն` թե՛ մշակույթի գործիչները, և թե՛ մեծահարուստները: Սրանք իրարից անջատված, իրար ատող, չհանդուրժող, ձեռք առնող ճամբարներ են: Այս խնդիրը կար նաև Եվրոպայում, բայց այնտեղ փորձեցին թշնամական վերաբերմունքը գործնական համագործակցության փոխարինելու ելք գտնել: Կան երկրներ, որտեղ տարվա լավագույն հովանավորին պետական մրցանակներ և շքանշաններ են հանձնվում:

Մշակույթի ազդեցությունը բիզնեսի վրա այն դարձնում է ավելի քաղաքակիրթ, իսկ բիզնեսի ազդեցությունը մշակույթի վրա դարձնում է այն ավելի մատչելի և գործնական, որովհետև բոլոր դեպքերում՝ այն, ինչ մենք անում ենք, ցուցադրելու անհրաժեշտություն ունի: Այս տեսանկյունից` Հայաստանում ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Եթե ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, որոշակի մշակույթ առաջ կգա, և երկու բիզնեսմեններն իրար առջև գլուխ կգովեն ոչ թե նրա համար, թե ռեստորանում ինչքան գումար են մարել, կամ կազինոյում որքան գումար են շահել կամ պարտվել, այլ՝ ով ինչ մշակութային գործունեություն է ծավալել: Սա, ճիշտ է, բարդ պրոցես է, բայց պետք է առաջ գնալ, որովհետև կարծում եմ, որ մեր պետությունը երբեք չի ունենա այնքան ֆինանս, որ մշակույթին կարողանա լիակատար աջակցել:

– Ձեր կարծիքով` մշակույթն ու բիզնեսը ե՞րբ կսկսեն համագործակցել:

– Որևէ խնդիր լուծելու համար ցանկություն է պետք: Երբ կա ցանկություն, սկսում ենք ճանապարհներ փնտրել: Որտեղի՞ց պետք է գա այդ ցանկությունը: Կարծում եմ, երբ Հայաստանում բիզնեսը մի քիչ լրջանա, դուրս գա խուժանի մակարդակից, նա կգիտակցի, որ լուրջ բիզնեսը պահանջում է քաղաքակիրթ հասարակություն: Նույնիսկ հանցագործ աշխարհն է քաղաքակիրթ հասարակություն պահանջում, որովհետև, եթե չորս կողմդ հանցագործ են, հանցագործություն գործելը շատ դժվար է: Երբ գա այդ գիտակցությունը, կսկսեն մտածել, թե ինչպե՞ս անեն: Պետք է սկսել հենց մանուկ հասակից: Օրինակ, հիմա դպրոցներում տոմսեր բաժանելն արգելել են: Լա՛վ, երեխան չի գնա և չի լսի դասական երաժշտություն, չի այցելի պատկերասրահ, չի դիտի ներկայացում: Այդ դատարկությունը կլցվի հեռուստացույցով, համացանցով, փողոցով: Սրա մասին պետք է շատ խորը մտածենք, որովհետև, վերջիվերջո, մենք բավարարում ենք այն պահանջը, որը կա հասարակության մեջ: Հավանական է, որ դու կարող ես ստեղծել արվեստի գործ, բայց դրա պահանջը հասարակությունը չզգա: Իսկ եթե պահանջ լինի, կստեղծվեն բազմաթիվ արվեստի գործեր, հասարակությունն ու պետությունն էլ քաղաքակիրթ կդառնան:

– Մեզանում քաղաքակիրթ հասարակության ծիլերը նկատվո՞ւմ են:

– Ինչ-որ տեղ՝ այո: Ես 18 տարի դասավանդում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և մշտապես շփվում եմ երիտասարդների հետ: Ինձ նրանք շատ են դուր գալիս: Երբ մենք` մեծահասակներս, հաճախակի գանգատներ ենք ունենում ներկայիս սերունդի մասին, մոռանում ենք, որ այդ սերունդը լուսնից չի իջել: Եթե կան թերություններ, մեր մեղքն է: Ես զգում եմ, որ մարդիկ ցանկանում են ավելի քաղաքակիրթ ապրել: Սա շատ կարևոր է: Մենք այսօր անընդհատ Վրաստանին ենք օրինակ բերում, բայց ուզում եմ մի բան պատմել: Այս տարի Չինաստանից Հայաստան՝ Թբիլիսիով էի վերադառնում: Ես նկատեցի, որ մենք քաղաքակիրթ ապրելուն ավելի ենք պատրաստ, քան վրացիները: Այնտեղ դա մի փոքր զոռով է արվում: Չեմ կարծում, որ մեզանում քաղաքակրթությունն ընդդիմության կարժանանա: Կարող են առաջ քաշվել հնուց եկած կարծրատիպեր, որոնք իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում: Ասում են՝ հայի կերպարն այսպիսին է: Երբ խորանում ես, հասկանում ես, որ այն, ինչն իրենք որպես հայի կերպար են ներկայացնում, ձևավորվել է մահմեդական շրջապատի մեջ: Երբ ասում են` եկեք վերադառնանք մեր արմատներին, ես ասում եմ` այո, բայց եկեք վերադառնանք մեր իրական, քրիստոնեական արմատներին: Եկեք առավոտյան փողոց դուրս գալուց ժպտանք իրար, միմյանց բարևենք: Դեմքի մուննաթ արտահայտությամբ հնարավոր չէ հուսալ, որ կյանքը դեպի լավը կփոխվի:

– Որպես մտահոգ քաղաքացի` առաջիկա ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Անկեղծ ասած` շատ քիչ բան եմ ընտրությունների հետ կապում: Կարծում եմ, որ ես՝ իմ թատրոնով, աշխատակիցներով ոչ պակաս կարևորության գործ եմ անում: Ես մի մարդ եմ, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Սովետական Միությունում, որտեղ ևս կային ընտրություններ, ինչը բացարձակապես ոչ ոք լուրջ չէր ընդունում: Այնպես է ստացվել, որ մեր հասարակությունն ընտրություններն այլևս չի ընկալում՝ որպես իշխանություն ձևավորելու մեխանիզմ: Դժվար է նրան մեղադրելը: Մեծ հումանիստ Անդրեյ Սախարովն ասում էր, որ ժողովուրդն իրավունք չունի կառավարությանն ավելի շատ վստահել, քան կառավարությունը վստահում է ժողովրդին:

Չգիտեմ` ես կմասնակցե՞մ ընտրություններին, թե՞ ոչ: Չեմ հասկանում, երբ քաղաքական գործիչները հրաժարվում են քաղաքական պայքարից: Սա նույն բանն է, եթե ես հրաժարվեմ բեմադրություն անելուց: Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքացի եմ և կարծում եմ, որ այս հարցում իրավունք ունեմ առաջնորդվել իմ անձնական մոտեցումներով: Ես բացարձակապես որևէ նշանակություն ընտրություններին չեմ տալիս: Կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է, թե ինչ կկատարվի ընտրություններից հետո, քան ընտրությունների ժամանակ: Լև Տոլստոյը մի լավ միտք ունի, ասում էր` «Բոլոր վեպերն ավարտվում են հարսանիքով, մինչդեռ ամուսնությունից պետք է սկսել»: Մեր պարագայում` ո՛չ հաղթողների, ո՛չ էլ պարտվողների համար ընտրություններով կյանքը չի վերջանալու: Հաղթեցիք` հետո ի՞նչ եք անելու: Այս հարցն է կարևոր, մտահոգող: Մենք կկարողանա՞նք այս երկիրը բազմաթիվ արտաքին մարտահրավերների մեջ ճիշտ տանել, թե՞ ոչ, ինչպե՞ս ենք լուծելու Ղարաբաղի հարցը, Սովետական համակարգից ինչպե՞ս ենք ազատվելու: Թող կուսակցությունների բազմազանությունը չխաբի ոչ մեկին, ներկայիս մենաշնորհը, ավտորիտարիզմը սովետական համակարգ է: Ի տարբերություն, երևի թե, մեր  բոլոր քաղաքական գործիչների` ես համոզված եմ, որ բուրգը վերևից չի կառուցվում:

– Չեք մասնակցելու ընտրություններին, որովհետև կարծում եք, որ ոչինչ չի՞ փոխվելու:

– Դեռ հաստատ չեմ որոշել: Ես ուզում եմ, որ ինձ ապացուցեն, որ մեր երկիրն ի վիճակի է նորմալ ընտրություններ անցկացնել: Մենք հաճախ ենք ասում, որ մեր միակ ազատ ընտրությունները 1990-1991 թվականներին էին: Սովետական Միությունը թույլ տվեց նորմալ ընտրություններ անցկացնել, բայց անկախ Հայաստանում մենք դա չենք կարողանում անել:  Ընտրությունը հոյակապ բան է: Ես ինքս էլ թատրոնում ընտրվել եմ, եղել են 4 թեկնածուներ: Չորսն էլ հիմա աշխատում են թատրոնում, ընտրություններին մասնակցելու համար ոչ մեկը մյուսի վիզը չկոտրեց (Ժպտում է.- Գ.Ա.): Ընտրություններից շատ ավելի հետաքրքիր բաներ կան: Ես այն տարիքում եմ, որ առողջությանս համար փորձում եմ միայն դրական էմոցիաներ հավաքել: Ձեզ էլ եմ նույնը խորհուրդ տալիս:

– Բայց, այնուամենայնիվ, կա՞ ինչ-որ մի ուժ, որի իշխանության գալու դեպքում՝ բուրգը ճիշտ կկառուցվի:

– Ես ավելի շատ գործին եմ հավատում: Ես ռեժիսոր եմ, խոսքը շատ քիչ նշանակություն ունի: Թատրոնում գործողությունն ավելի կարևոր է: Խոսքը հաճախ գալիս է գործողությունը փակելու համար: Երբ մենք ինչ-որ պիես ենք վերլուծում, դա անում ենք գործողության տեսանկյունից:

Ես այն տարիքում չեմ, որ ինչ-որ խոսքերի հավատամ, բայց ոչ էլ հոռետես եմ. ես գերադասում եմ գործը նկատել: Իմ կարծիքով` կարևորը բալանսը պահպանելն է: Հնարավոր չէ  երկիրը կառավարել մի կենտրոնից, հնարավոր չէ լինել վերահսկողությունից դուրս: Կարծում եմ նաև, որ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին՝ ուժեղ է իր քաղաքացիներով, իսկ քաղաքացին ուժեղ է լինում, երբ այդ երկրի տերն է լինում: Քարոզներով տեր չեն դարձնում: Ստրուկը երբեք երկիր չի պաշտպանում: Երբ մենք մարդկանց կաշառք բաժանելով ստրկացնում ենք, մոռանում ենք, որ մարդային հոգեբանությանը և երկրին մեծ վնաս ենք հասցնում: Եթե կարելի է վաճառել ձայնը, ապա կարելի է վաճառել ամեն ինչ:

Եթե ես որոշեմ մասնակցել ընտրություններին, երբեք հրապարակավ չեմ ասի, թե ում եմ ընտրելու: Ինչո՞ւ: Ի տարբերություն քաղաքական գործիչների` կարծում եմ՝ մենք` մտավորականներս, ունենք շատ կարևոր խնդիր: Մենք ունենք մարդկանց միավորելու խնդիր: Քաղաքական պայքարը բոլոր դեպքերում որոշակի բաժանում է: Մենք պետք է փնտրենք և գտնենք, թե ի՞նչն է մեզ միավորում: Հաճախ արտասանում ենք Եղիշե Չարենցի խոսքերը, ով ասել է` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հանճարեղ պոետը շատ ճիշտ բառ է գտել` հավաքական ուժ, որը նշանակում է՝ տարբեր հայացքների, կողմնորոշումների տեր մարդիկ պետք է հավաքվեն, որովհետև ունեն ընդհանուր գաղափար, որովհետև պետք է փնտրեն, թե իրենց ինչն է միավորում:

– Մենք զգո՞ւմ ենք, որ այս երկրի տերն ենք:

– Իհա՛րկե ոչ: Ես կարող եմ ասել միայն իմ մասին: Երևանն իմ քաղաքը եղել է միայն 1988-1993 թվականներին: Ես այդ ժամանակ ոչ մի պաշտոն չունեի, թատրոնում աշխատում էի` որպես հերթական բեմադրիչ, բայց Երևանն իմ քաղաքն էր: Ես զգում էի, որ այս քաղաքի տերն եմ, ներքին զգացողություն է, չեմ կարող բացատրել: Հետո շատ բան փոխվեց, ես ինձ դադարեցի զգալ քաղաքի տերը: Հիմա ես ինձ տեր եմ զգում միայն այս փոքրիկ տեղում` թատրոնում: Գուցե որոշ ժամանակ հետո տիրոջ զգացողությունն այստեղ էլ կորցնեմ:

– Երևանի տերը չզգալու պատճառը ո՞րն է:

– Խորթ ինչ-որ բան կա: Իմը չի, ինչ-որ բան է կորել: 1988-1993 թվականները շատ դժվար տարիներ էին` նավթի, հացի հերթեր, լույսի խնդիր, և այլն: Ես զգում էի, որ քաղաքը և՛ ուրախության, և՛ տխրության պահին ինձ հետ միասին է ապրում: Հետո սկսեցին քեզ հարազատ դեմքերը կորչել, քաղաքը սկսեց քանդվել և դառնալ արևելյան շուկայի նման մի բան, շենքերը սկսեցին իրար վրա կառուցվել, գավառականությունը շատացավ….

– Քաղաքը ե՞րբ կլինի Ձերը:

– Այս քաղաքը կլինի իմը, երբ այն լինի ձերը` երիտասարդներինը, և այստեղ դուք ձեզ տեր կզգաք: Այդ տեսակետից` բարձր եմ գնահատում հասարակական շարժումները, որոնք ձևավորվեցին վերջին 2-3 տարվա ընթացքում: Այդ տեսակ շարժումները միավորող հատկություն ունեն: Կարող են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվել, որովհետև նրանց իսկապես հետաքրքրում է, թե ինչ կկատարվի այսինչ անտառում: Ինչքան շատ լինեն նման քաղաքացիներ, հույս ունեմ, որ մինչև վերջին հրաժեշտը ես էլ կարող եմ ասել` սա իմ քաղաքն է:

Տեսանյութեր

Լրահոս