«Եկավ ու ասեց, որ երեխան էլ չկա, մահացել է». զինվորի մայր
Իմ որդին առողջական խնդիրներ բացարձակ չուներ, 7 տարի զբաղվում էր բռնցքամարտով: Առողջական խնդիրը այն է եղել, որ մեկ-մեկ, կարելի է ասել` հազարից մեկ, սովորական գրիպ, կամ ինչ-որ բան, որը նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ որ թվին է եղել, ուրիշ ոչ մի պրոբլեմ չի ունեցել: Ներկայացել է ստուգումներին, մենակ վերջին ստուգմանը, մնացել էր չափումները, երեք օր գնաց եկավ, հերթը այդպես էլ իրեն չհասավ, ջղայնացավ, մենակ չափումներին չի ներկայացել, բայց մնացած բոլոր գեներալնի ստուգումներին մասնակցել է, անցել է ամբողջ կամիսիան, լրիվ նորմալ, պարապմունքի տեղի թղթերն էլ ունի»,- galatv.am-ի լրագրողի հետ զրույցում պատմել է զինվորական հոսպիտալում հանկարծամահ եղած 1994 թվականին ծնված Նորայր Նվերի Սահակյանի մայրը՝ Կարինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա Նորայր Սահակյանը բանակ զորակոչվել էր 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, սակայն զորամաս ուղևորվելու ճանապարհին կտրուկ վատացել էր, իսկ հաջորդ օրը զինվորական հոսպիտալում հանկարծամահ էր եղել:
«Ամսի 21-ին, առանց չուզենալու, կամ ինչ-որ մի բանի, շատ ուրախ, շատ տրամադրված ուզում էր գնալ ծառայելու: Մինչև անգամ ասում էինք` Նոր ջան, տղես, կարող է քեզ Ղարաբաղ չտանեն, վերջին հավաքներն են, ցուրտ է, ճանապարհները փակ, ասում էր` մամ, ես ուզում եմ գնամ Ղարաբաղ, ես ուզում եմ ծառայել սպեցնազ: Մամ, դու ոչ մի պրոբլեմ չունես: Ինքը շատ, շատ վստահ իր վրա, իրա ուժի վրա, շատ մեծ ցանկություն ուներ ծառայելու, ուղղակի էրեխեն շատ էր ուզում ծառայել: Մինչև անգամ ասեցինք` արի տանենք Ռուսաստան, արի գնանք ստեղից, մի ծառայի, ասեց` չէ, ես ուզում եմ ծառայել, ես ուզում եմ անպայման տեսնեմ էդ կյանքը: Ինչ ասեմ, ախր, շատ ուրախ գնացել էր ծառայելու դեկտեմբերի 21-ին»,- նշել է Կարինե Սահակյանը:
Մահացած զինվորի մայրը պատմել է, որ հավաքակայանից որդին հեռախոսով զանգել և հայտնել է, որ ինքը գնալու է ԼՂՀ` նշելով, որ կզանգահարի արդեն իսկ վաղը` տեղ հասնելուն պես: «Ինքը անընդհատ զանգում էր, անընդհատ տարբեր հեռախոսներով, ասում էր` մամ ջան, դուրս ենք եկել արդեն, Արարատ ենք, տանում են մեզ Ղարաբաղ: Անցավ էդ առաջին գիշերը, առավոտյան զանգեց 8-ի կողմերը, արդեն մենք հաշվել էինք, որ պետք է 8-ին լինեին Ղարաբաղում, տեսանք, որ Արմենթելի համարով է զանգել: Մենք զարմացանք, հայրը ասեց, թե բա` Նոր ջան, որ Ղարաբաղ ես, ո՞նց ես Արմենթելի համարով զանգել, ասեց` պապ, ճանապարհին ենք՝ ճանապարհները լավը չէին, ամբողջ գիշեր կանգնել ենք, հիմա շարժվել ենք, մի երկու ժամից կհասնենք Ղարաբաղ:
Հետո ծանոթի միջոցով զանգեցինք, իմացանք, հետաքրքրվեցինք մինչև էրեխեքը տեղ հասան: Այնտեղ ծանոթ կար Ղարաբաղում, ասեց, որ էրեխեքը տեղ են հասել, որ Խոջալուում են արդեն, մի քիչ հանգստացանք և սպասում էինք էրեխու զանգին, հետո զանգեց, բայց մինչև էդ ծանոթը նորից զանգեց և ասեց, որ էրեխեն հոսպիտալում է, ջերմություն ունի: Մտածեցինք, որ առավոտյան լույսը բացվի, գնանք հասնենք երեխային»: Այդ օրը երեկոյան Նվեր Սահակյանը դարձյալ կապվել է ծնողների հետ` հայտնելով, որ ջերմությունը գրեթե անցել է, և որ ամեն ինչ իր հետ նորմալ է: Սակայն ծնողները, այնուամենայնիվ, որոշում են առավոտյան մեկնել ԼՂՀ: «Առավոտյան մեր մոտի թաղային լիազորը եկավ ու ասեց, որ երեխան էլ չկա, որ երեխան մահացել է»,- արցունքները չզսպելով պատմել է Կարինե Սահակյանը:
Նորայր Սահակյանի մայրը հայտնել է, որ չի պատրաստվում սպասել մինչև, որ ՊՆ-ում քայլեր ձեռնարկեն իր որդու մահվան իրական պատճառները բացահայտելու համար: «Չենք պատրաստվում լռել, չգիտեմ, ես իրանց դատաբժշկական արդյունքներին չեմ էլ վստահում, չեմ էլ հավատում, որ պետք է ճիշտը ասեն, բայց միևնույն է, եթե դատաբժշկական արդյունքներն էլ իրանք կարողանան կեղծել և ուզենան փակել այս հարցը, ես թույլ չեմ տա, ես ինքս` որպես մայր, թույլ չեմ տա այս հարցը փակեն, ես անընդհատ փորձելու եմ պայքարել, որովհետև ես դեռ երեք զինվոր էլ ունեմ»: