
Արամ Հարությունյանին թիկնապահ պետք է, իսկ Արման Մելիքյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ոչ

«Ես այս երկրում թշնամիներ չեմ տեսնում և որևէ մեկի հանդեպ թշնամանք չունեմ: Ապրում եմ սովորական կյանքիս ռեժիմով և այդ ռեժիմը փոխելու իմաստը չեմ տեսնում այս պահին»,- 168.am-ին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` անդրադառնալով ՀՀ ոստիկանության երեկվա տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը երեկվա հայտարարության մեջ ասված էր.
«ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ»:
Արման Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև նախորդ տարիներին հստակ ընդդիմադիր դիրքորոշում է ունեցել, սակայն երբևէ որևէ սպառնալիք որևէ մեկի կողմից, այդ թվում և իշխանությունների՝ չի եղել և երբևէ ճնշումների չի ենթարկվել:
Ի տարբերություն Արման Մելիքյանի` նախագահի մեկ այլ թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պնդում է, որ իր հասցեին սպառնալիքները հնչում են: «Արդեն սպառնալիքները սկսել են, և ես միգուցե օգտվեմ, չնայած այս իշխանություններին չեմ վստահում»,- 168.am-ին փոխանցեց Արամ Հարությունյանը` հավելելով, որ առաջիկայում ուղիղ եթերով ինքը կհայտարարի, թե ինչ շանտաժների և սպառնալիքների մասին է խոսքը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց, որ իրենց կուսակցության առաջնորդը կարող է օգտվել ոստիկանության առաջարկած օգնությունից: «Չէ, չէ Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ թիկնապահ պետք չէ»,- վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը: