Վլադիմիր Գասպարյանը պատրաստ է երաշխավորելու բոլոր թեկնածուների անվտանգությունը, նաև՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ

ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքը, քաղաքացիների, այդ թվում ՀՀ նախագահի թեկնածուների իրավունքների լիարժեք կենսագործման անհրաժեշտությունը, փաստում է իր պարտականությունը, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված իրեն հասցեագրված դիմումների և բողոքների քննության պատշաճ ընթացակարգի ապահովմանը, ընտրական գործընթացներին առնչվող խոչընդոտների վերացմանը, հասարակական կարգի պահպանությանը, ժողովրդավարական հասարակությանը հարիր ընտրական միջավայրի և մթնոլորտի ձևավորմանը: ՀՀ ոստիկանության կազմակերպական, մասնագիտական և մարդկային ողջ ներուժն ուղղվելու է ՀՀ Սահմանադրության և օրենքներով երաշխավորված` ընտրելու և ընտրվելու իրավունքի անշեղ իրականացմանը, առանց որևէ տարբերակման, բոլոր քաղաքացիների իրավունքների իրականացման ապահովմանը:

ՀՀ ոստիկանությունը, մասնավորապես, իր պատրաստակամությունն է հայտնում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:

Ընտրական գործընթացների անբաժանելի մասն է հավաքների անցկացումը: Հաշվի առնելով այս հիմնարար սահմանադրական իրավունքի նշանակությունը հատկապես ընտրությունների փուլում՝ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է հանրությանը, որ, հավատարիմ մնալով իր որդեգրած և իրեն բազմիցս արդարացրած գործելակերպին, ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում անվերապահորեն ապահովելու է բոլոր հավաքների անցկացումը:

ՀՀ ոստիկանությունը գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանում սկսել է ձևավորվել հավաքների ազատության կենսագործմանը նպաստող հասարակական միջավայր, առաջացել է փոխգործակցության և համերաշխության ապահովման հանրային հրամայական, որի պահպանումը թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե իշխանությունների գերխնադիրն է: Միայն այս միջավայրն է, որ ունակ է լինելու գործուն, իրական երաշխիք տարաբնույթ միջադեպերի և հնարավոր խախտումների կանխման համար:

Կարդացեք նաև

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին հայցել և ստանալ ոստիկանության ծառայողների աջակցությունն ընտրական գործընթացներում իրենց կողմից կարևորվող բոլոր հարցերով, քանզի ոստիկանությունը կոչված է ծառայելու մեր հասարակությանը, նրա պահանջների և խնդիրների լուծմանը:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս