
Ի՞նչ է՝ Գագիկ Ծառուկյանին սպառնացել էին ազգ ու տակով, գերդաստանով վերացնե՞լ

ՀՔՄ նախագահ Հմայակ Հվհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին, որովհետև կամ նրան վախեցրին, կամ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԲՀԿ-ի և իշխանությունների միջև: «Առյուծ պահող այդ հսկան, որը միշտ իր բիցեպսներով զարմացնում է բոլորին, ոմանց ահ ու սարսափ ներշնչում, հանկարծ որոշում է չմասնակցել: Ի՞նչ է՝ սպառնացել էին ազգ ու տակով, գերդաստանով վերացնե՞լ»,- հայտարարեց նա:
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը չառաջադրվեց նախագահական ընտրություններում, արդյոք նրան է՞լ էին վախեցրել, քաղաքագետը պատասխանեց.
«Իսկ ի՞նչ է՝ կարծում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վախը բռնե՞լ են: Երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ դատաիրավական մահակն օգտագործվում է մարդկանց դեմ: Իհարկե, այս մթնոլորտից վախեցավ:
Ի՞նչ է՝ 2008-ի մարտի 1-ից հետո հաջորդած զանգվածային ձերբակալությունները հիմք չէի՞ն, որ նա վախենար: 68 տարեկանը պատճառաբանություն չէր: Երբ վերջին համապետական ընտրություններին նա մասնակցեց, նրա 68 տարին արդեն լրացել էր: Հիմա երկու ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանին ի՞նչ պատահեց: Կարծում եմ՝ եղավ նույն պատմությունը, ինչ Գագիկ Ծառուկյանի դեպքում»:
Հմայակ Հովհաննիսյանին հակադարձեց ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը՝ բացառելով քաղաքական գործիչներին վախեցնելու հանգամանքը:
«Ամեն ինչ պարզ է, հասարակ: Եկեք խորհրդարանական ընտրությունների և նախագահական ընտրությունների միջև տարբերություններ մտցնենք: Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել, որովհետև շատ լավ մտածել գիտի ու միշտ էլ պաշտոն զբաղեցնելու հիվանդագին նպատակ, ձգտում չի ունեցել, այլ բարեկեցությունն ու ռեսուրսները պահելն է եղել: Եթե նա համոզված չէ, որ նախագահ կընտրվի, էլ ինչո՞ւ պետք է առաջադրվի:
Չմոռանանք, թե ընդդիմադիր դաշտում այդ ժամանակ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ առաջ և հետո, ի՞նչ էր տեղի ունենում: Վախի մթնոլորտ, անզեն աչքով անգամ երևում է, որ այսօր հատկապես գոյություն ունենալ չի կարող: Կլինեն ընտրությունները՝ կտեսնենք: Վախի մթնոլորտը մինիմումի ենք հասցնում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ժամանակին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Կենտրոն» հեռուստատեսության եթերում հայտարարություն էր արել, որ խորհրդարանական ընտրություններն՝ ի տարբերություն նախագահական ընտրությունների, չեն նպաստում ժողովրդի մոբիլիզացմանը, և պետք է օգտագործել 2013-ի ընտրությունները՝ որպես ալիք բարձրացնելու առիթ:
«Ինչպե՞ս կարող են իրենք նման հայտարարությունից հետո չմասնակցել ընտրություններին: Ի՞նչ է՝ ազգ ու տակով վերացնելու սպառնալի՞ք են ներկայացրել: Մարդիկ գնացին, մտան ծակերը ու այսօր ձայն չեն հանում: Երկրի հիմնադիր նախագահը մի հատ խղճուկ հարցազրույց է տվել, մի մարդ, որը հռետորական լուրջ հմտություններ ունի, ինտելեկտուալ է: Որովհետև վախենում է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը և մնացած բոլոր ուժերը, ովքեր չմասնակցեցին ընտրություններին, դիմում են պասիվ բոյկոտի:
Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը վախկոտ չէ, Հմայակ Հովհաննիսյանն արձագանքեց. «Հիմա ի՞նչ, վաղը պետք է գան խորհրդարանում կրակեն, որ հասկանաք, որ վախի մթնոլո՞րտ է տիրում»:
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ի՞նչ պատահեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի օրում մտափոխվեց, քաղաքագետը շեշտեց. «Ի՞նչ արեցին՝ երևի գաղտնալսեցին, ասեցին՝ էսօր գաղտնալսում ենք, վաղը կգյուլլենք: Այդքան բան: Մեզ վրա հոկտեմբերի 27-ին եկան կրակեցին, դա հնարավոր է, Զուրաբյանին գյուլլել հնարավոր չէ՞»: