Թուրքիան նպաստում է տարածաշրջանային խոշորագույն էլեկտրաէներգիա արտահանողի վերածվելու Իրանի պլանի իրագործմանը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մրցույթ է հայտարարել այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են երկիր էլեկտրաէներգիայի ներկրմամբ: Մրցույթի հայտարարումը միտված է Իրանից գոյություն ունեցող էներգետիկ հզորություններով էլեկտրաէներգիայի ներկրման մեծացմանը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպությունը (EPDK): Այդ նպատակով Բաշքալե-Խոյ էլեկտրահաղորդագծի հզորությունը ներկայիս 300 մեգավատտից հասցվել է 400 մեգավատտ հզորության: Բացի այդ, Բայազեթ-Բազարգան էլեկտրահաղորդագծի հզորությունը հասցվելու է մինչև 40 մեգավատտի:
Մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր ընկերությունները պետք է իրենց հայտերը EPDK-ին ներկայացնեն մինչև հունվարի 29-ը: 2012 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիան ներկրել է 5.8 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Իրանը հարևան երկրներ է արտահանել 8.6 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանխատեսումների համաձայն՝ մոտ ժամանակներս այդ ցուցանիշը կհասնի 10 միլիարդ կվտ/ժամի: Իրանն էլեկտրաէներգիա է արտահանում Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Պակիստան, Աֆղանստան և Իրաք:
Բացի այդ, Իրանը պլանավորել է Հորմուզի նեղուցում ընկած Քեշմ կղզու էլեկտրակայանում արտադրել 12.000 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիա՝ այն Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրներ արտահանելու համար: Իրանի, Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջև կնքված պայմանագրերին համապատասխան, Իրանը տարեկան 2200-2500 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում այդ երկրներին:
Իրանը պլանավորել է նաև 6000 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիա արտահանել դեպի Հնդկաստան ու Պակիստան, որից 4000 մեգավատտ/ժամը բաժին է ընկնելու Հնդկաստանին, իսկ 2000 մեգավատտ/ժամը` Պակիստանին: Վերջին 10 տարիներին Իրանում էլեկտրաէներգիայի արտադրության պոտենցիալն աճել է 10 անգամ:
Ներկայումս Իրանը ձգտում է վերածվել տարածաշրջանի խոշորագույն էլեկտրաէներգիա արտահանողի և ավելի քան 1.1 միլիարդ դոլար է ներդրել երեք նոր էլեկտրակայանների կառուցման մեջ: Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը ներկա դրությամբ կազմում է մոտ 67 գեգավատտ: