«Լևոն Տեր-Պետրոսյանը մեր տեսակից էր թվում»
«Որքան էլ մեծ ողբերգություն է 2008թ. մարտի 1-ը, որից մենք դուրս չենք եկել, ավելի մեծ ողբերգություն կլիներ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը հասներ իշխանության, որովհետև իրենք ձգտում էին իշխանափոխության, այլ ոչ թե համակարգի փոփոխության,- մեզ հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման և «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը` ավելացնելով,- Մենք կունենայինք ավելի ծանր վիճակ այն առումով, որ երկրում ոչինչ չէր փոխվի, և կանհետանար հույսը»:
Տ. Խզմալյանն ասում է, որ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրը չի եղել, ավելին` զարմանում է, որ իրեն շարունակ վերաբերվում են` որպես ՀԱԿ առաջնորդի համակիր:
Տիգրան Խզմալյանը պնդում է, որ իր պաշտոնավարման տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ անգամ բարձր պաշտոնների առաջարկներ է արել իրեն, որից հրաժարվել է: Ինչ վերաբերում է վերջին տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքին, ապա դա, ըստ Տիգրան Խզմալյանի, չափազանցված է: Նրա խոսքերով, ինքն ընդամենը 2008թ.-ից հետո հրավեր է ունեցել Կոնգրեսից և նիստին ելույթը սկսել է խոսքով, թե չի ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, Դուք չէիք հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունակ է ինչ-որ բան փոխել երկրում:
«Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընդհանուր սխալների և միամտությունների մարմնավորումն է: Նա ուղղակի մեզ թվում էր մեր տեսակից, և դա էր պատճառը, որ մտավորական, մեզ պես մարդիկ իրեն են հաճախ քարկոծում: Մարդկային առումով հասկանալի է այդ դառնությունը, որովհետև մենք Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին չէինք կարող ներկայացնել այն պահանջները, որն իրեն էինք ներկայացնում: Մյուս երկուսին` իր աշխատակազմի անդամներին, ովքեր փոխարինեցին իրեն, մեղադրելն առանձնապես իմաստ չունի, նրանք այն են, ինչոր կային այն գլխից, ԿԳԲ-իստ, չեկիստ մարդիկ էին, շարունակեցին մնալ այդպիսին»,- նկատեց Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ այս տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն իրենց համար դավաճանություն էր:
Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացա՞վ քաղաքականությունից, թե՞ոչ. այս հարցի պատասխանը Տիգրան Խզմալյանը դժվարացավ տալ, սակայն շեշտեց, թե Տեր-Պետրոսյանը կրկնեց իր նախորդ սխալները: «Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը ես չէ, որ պետք է որոշեմ, թող ինքը որոշի` հեռացա՞վ, թե՞ ոչ, բայց իր վերջին հեռանալը շատ նման էր, մանրակերտն էր իր նախագահական ոդիսականի` էլի հույսեր, էլի ոգևորություն, հետո մեկը մյուսի հետևից քաղաքական, կադրային սխալներ և հրաժարում, որն այդ պաշտոնում հավասազոր է դավաճանության: Դա եղավ 90-ականներին, դա ավելի սեղմ ժամկետում, մոդելավորված կերպով կրկնվեց հիմա»,- նշեց նա:
Տիգրան Խզմալյանը պնդում է, թե ինքն ու իր ընկերները չէին հիմնի «Սարդարապատ» շարժումը, եթե Կոնգրեսը լայնախոհություն ցուցաբերեր: «Մենք փորձում էինք ամբիոնում քննարկել հարցեր, բաց այլախոհությունը մերժվում էր, իսկ դեմոկրատիան ավտորիտար ձևերով չի կարելի կառուցել»,- ասում է նա: Խզմալյանի կարծիքով, 2008թ.-ին մարդիկ համախմբվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, քանի որ ժամանակ առ ժամանակ ժողովուրդն ընդդիմանում է իշխանությանը, և այդ անգամ հասարակության հույսերն արդարացնելու հայտը նա իր վրա վերցրեց: Տիգրան Խզմալյանի համոզմամբ, սակայն, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ էլ մյուս ընդդիմադիր ուժերը պարզապես չցանկացան իշխանափոխություն կատարել:
«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք բազմիցս տեսել ենք պահեր, երբ իշխանությունը դրված էր հրապարակում և պետք էր այն վերցնել: Ցավոք, մեր ժողովուրդը չափազանց կռապաշտ է և չափազանց վստահում է առաջնորդներին` մոռանալով, որ իրական առաջնորդը հենց ինքն է: Առաջնորդները, կամա թե ակամա, ուղարկում էին ժողովրդին տուն և վերադարձնում էին իշխանությունն այս վարչախմբին»,- ասաց Տիգրան Խզմալյանը` պնդելով, թե այս դեպքում քննադատության սլաքը միայն Լևոն Տեր-Պետրոսյանին չէ ուղղված:
Նրա խոսքերով, ցինիզմ է, երբ իրեն ընդդիմություն հռչակողը գործարքի է գնում այն համակարգի հետ, որի դեմ ցույց է տալիս, թե պայքարում է: Տիգրան Խզմալյանը համարում է, որ հայաստանյան բոլոր կուսակցությունները, այդ թվում` նաև նրանք, ովքեր թեկնածու են առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում, դավաճանել են իրենց իսկ հռչակած գաղափարներին և դարձել են մի քանի մարդու շահերը պաշտպանող ակումբներ: «2012-ը հայաստանյան կուսակցական դաշտի վերջն էր, բայց դա, իհարկե, հավերժ չի տևի: Որոշակի ռադիկալ փոփոխություններից, մաքրվելուց, ապաշխարելուց հետ որոշ կուսակցություններ կվերականգնվեն, եթե ցանկանան, իսկ որոշ կուսակցություններ չեն լինի երբեք»,- նշեց Տիգրան Խզմալյանը` չմանրամասնելով, թե ովքեր կլինեն ապաշխարողները: Նա համոզված է միայն մի բանում, որ ապագայում չի կարող լինել այսպիսի Հանրապետական կուսակցություն, ավելին` երկար ժամանակ մարդիկ կամաչեն «հանրապետական» բառը գործածել:
«168 ԺԱՄ»