Օնլայն լրատվական ռեսուրսներին տրված ազատությունը միտումնավո՞ր է
Գործող իշխանությունները ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում որևէ կայքէջի գործունեություն անօրինական կերպով չեն փակի: Եթե նման բան արվի, ապա այդ տեսակ կայքերի բովանդակությունը պետք է ծայրահեղ լինի, որպեսզի նմանատիպ սանկցիաներ կիրառվեն: Ցանկացած արգելափակում կնշանակի, որ դա իրոք լուրջ սպառնալիք էր, և դա անելու համար պետք է իրենք լուրջ հիմքեր ունենան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանը՝ նշելով, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ արգելափակվեց ինտերնետը՝ 2008թ., իշխանությունները շատ անցումային փուլում էին գտնվում, և դա շատ կտրուկ կատարվեց, ինչը շատ լուրջ հետևանքների և մտահոգությունների պատճառ հանդիսացավ:
«Ցանկացած պարագայում, իհարկե, նման բան հնարավոր է, սակայն ներկայումս մեծ անտարբերություն կա օնլայն ռեսուրսների նկատմամբ: Կարծում եմ՝ դա միտումնավոր է արվում, որպեսզի ցանկացած պահի, երբ սահմանն անցնեն, այդ տեսակ հիմք ունենալով… արգելափակեն: Հասարակությունն այսօր արդեն որոշ «լրատվական» կայքէջերի անդրադառնալիս՝ խոսում է այն մասին, թե ի՜նչ անպատասխանատու լրատվամիջոց է, որը, սակայն, իրականում լրատվամիջոց չէ:
Տեսնում ես՝ ինչ-որ կայք է բացվում, որի նախաձեռնողներն անհասկանալի մարդիկ են, չես հասկանում՝ ովքե՞ր են այդ կայքէջի լրագրողները, խմբագիրները, ինչ-որ տեղեկատվություն են տարածում, հետո զարգացնում այդ տեղեկատվությունը, սոցցանցերում հավաքում են ինչ-որ հավանողների (like տվողների.- Լ.Մ.) խմբաքանակի, ու չգիտես, թե ո՞ւմ է իրեն լրատվամիջոց համարող այդ կայքէջը ծառայելու վաղը:
Այսինքն՝ այդ իմաստով ազատություն է տիրում, սակայն ցանկացած պահի, եթե հանրությունը, այսպես ասած, պոռթկա, ասի՝ այստեղ սահմանափակումներ, օրենքներ են պետք, և այլն, այդ ժամանակ վտանգը կա, որ կարող են նման սանկցիաներ կիրառվել՝ օրենքների միջոցով, ինչպես, օրինակ, կատարվեց Զրպարտության ապաքրեականացման շուրջ:
Այդ ժամանակ ևս շատ լուրջ տուժեցին լրատվամիջոցները, մինչև որոշակի նախաձեռնություններից հետո սահմանափակվեց տուգանքների մաքսիմալ չափը: Նույնն այս պարագայում է, տեսնենք՝ այդ չափը ո՞ւր կհասնի: Կրկնում եմ՝ ինտերնետ տարածքում կայքէջերի չափից շատ ազատությունը հնարավոր է և՝ միտումնավոր լինի, և դրա համար շատ կարևորում եմ, որ այն լրատվամիջոցները, որոնց հիմքում, այսպես ասած, լրատվամիջոցների ավանդական արժեքներն են, էթիկայի կանոնները, մարդու բոլոր արժեքները, որն ունի ցանկացած լրատվամիջոց՝ անկախ այն բանից՝ օնլա՞յն է, թե՞ այլ լրատվական ռեսուրս, նրանք չպետք է սկանդալային էժանագին լուրերի, չճշտված ինֆորմացիայի, անհասկանալի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ ռեյտինգ հավաքեն:
Չպետք է վարակվեն այն հարթակներից, որոնց համար կարևորն էժանագին և չճշտված լուրերով կայքէջեր այցելուների քանակի արհեստական ավելացումն է: Պետք է կարողանան այդ ամենը պահպանելով՝ ապացուցել, որ առցանց լրատվամիջոցները ծանրակշիռ են»,- ասաց Ս. Դեհերյանը:
Սուրեն Դեհերյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: