«Միայն ճոպանուղի սարքելը և այն Գինեսի գրքում գրանցելը բավարար չէ». Վահագն Վարդումյան
Հայաստանում էկոտուրիզմ իրականացնող Վահագն Վարդումյանի կարծիքով` Հայաստանը չքնաղ ու աննկարագրելի վայր է էկոտուրիզմը զարգացնելու համար:
– Էկոտուրիզմի համար պահանջվող ամենահիմնական տարրը` կուսական բնությունը, մենք, բարեբախտաբար, դեռ ունենք: Օրինակ` Ալպերում, երբ բարձր կետից ներքև ես նայում, ցանկանում ես գտնել ինչ-որ կետ, որին մարդու ձեռքը չի դիպչել: Շուրջբոլորը տուրիստական գոտիներ են: Տհաճ է, որ մարդն ամեն տեղ իր քիթը խոթել է: Հայաստանում կան կետեր, որտեղով կարող ես ժամերով քայլել և տեսնել, որ մարդու ձեռքը դեռևս դիպչած չէ:
– Ի՞նչ ես կարծում` էկոտուրիզմն ու հանքարդյունաբերությունը հնարավո՞ր է համատեղել:
– Հայաստանի պարագայում՝ ոչ: Երբ կառավարությունում հայտնվում են մի քանի խելոք մարդիկ, ովքեր լավ ծրագրեր են առաջ քաշում, անպայման նրանց ճամփին հայտնվում է մեկը, և նրանց առաջ քաշված ծրագրերից ոչ մեկն իրականություն չի դառնում: Ես հույս չունեմ, որ Հայաստանում գոնե առաջին տասնամյակում իշխանավորները կկարողանան էկոտուրիզմն ու հանքարդյունաբերությունը համատեղել:
– Էկոտուրիմի զարգացմանն է՞լ ինչն է խոչընդոտում:
– Փոքր ու միջին բիզնեսի տխուր վիճակը: Էկոտուրիզմը մի կողմից՝ շահութաբեր բիզնես է, մյուս կողմից` ծախսեր և ներդրումներ է պահանջում: Այստեղ մոնոպոլիայով է ամեն ինչ արվում, և եթե մեկը փորձի իր ջանքերով ինչ-որ բան անել, ապա կարող է հայտնվել մեկը, ով ավելի շատ փող ունի, և խանգարել նրան:
– Ինչ-որ առումով նաև մարդն է խոչընդոտող հանգամանք հանդիսանում, քանի որ աղտոտում է շրջակա միջավայրը, փչացնում է հուշարձանները, և այլն:
– Մարդուն, եթե համեմատենք իշխանական գոտիներում տիրող մինուսների հետ, կտեսնենք, որ քաղաքացին ի զորու չէ այդքան վնաս տալ: Մենք կարող ենք մեր կերածը թափել գետնին, բայց դա այնքան վնասակար չի լինի, որքան մեկ-երկու պոչամբարը: Չեմ կարծում, որ հայերն այդքան կեղտոտ են: Ամեն դեպքում, վերահսկողություն պետք է լինի, օրենքով կարգավորվող համակարգ է անհրաժեշտ: Օրինակ, եթե ես գնամ և Խոսրովի արգելոցը կեղտոտեմ, ինձ կտուգանեն, իսկ եթե ինչ-որ մեկի հորեղբոր տղան գնա և կեղտոտի, ապա նրան կարող է նույնիսկ ասեն, թե լավ ես արել, և այլն: Մարդիկ պետք է իմանան, որ եթե սխալ բան են անում, ապա պատժվելու են:
– Այսինքն` պետությունը դեռևս չի՞ գիտակցում էկոտուրիզմի կարևորությունը:
– Մեր պետությունը, որպես այդպիսին, կարծում եմ, գոյություն չունի: Այսքան իր շահը, դիրքորոշումը չիմացող սեգմենտը չի կարող պետություն կոչվել: Պետությունը կա՛մ չգիտի, որ գոյություն ունի էկոտուրիզմ, կա՛մ էլ գիտի, բայց դրան կարևորություն չի տալիս: Մի քանի անհատներ չեն կարող ողջ համակարգն առաջ շարժել: Երիտասարդ կադրեր են անհրաժեշտ, ովքեր իրենց հոգով ու սրտով բնապահպան են: Միայն ճոպանուղի սարքելը և այն Գինեսի գրքում գրանցելը բավարար չէ: Դրանով ոչինչ չի փոխվում: