Ո՞վ է իրականում ծառայում Սերժ Սարգսյանին

Իշխանություններին ծառայելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքը  դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ուժերի ու գործիչների իշխանությանը ծառայելու մեջ ավելի ակտիվորեն ու ջանասիրաբար մեղադրում են հատկապես նրանք, ում գործունեությունն ամենաշատն է իշխանությանը ծառայելու կասկածներ հարուցում: Քաղաքագետ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանն ընտրություններում առաջադրված բոլոր ոչ իշխանական թեկնածուներին կոչ է արել ինքնաբացարկ հայտարարել` Սերժ Սարգսյանին թողնելով միայնակ: Այդպիսով, նախագահի երիտասարդ թեկնածուն առաջարկում է «միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների…»: «Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչև ս. թ. հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության»,- կոչ է անում Ա. Ղուկասյանը: Վերջինս իր հայտարարության մեջ բավական կոռեկտ է գտնվել և «խնայել» է նախագահի մյուս թեկնածուներին: Մինչ հայտարարության պաշտոնական հրապարակումը՝ երեկ  լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ներկայացրած վերջնաժամկետում թեկնածուների` ինքնաբացարկ չներկայացնելու դեպքում ինքը կհամարի, որ այդ թեկնածուները Սերժ Սարգսյանի դրածոներն են: Այսինքն` Ա. Ղուկասյանը դասական շանտաժ է անում նախագահի թեկնածուներին` ինքնաբացարկ ներկայացնել, հակառակ դեպքում՝ սպառնալով արժանացնել Ս. Սարգսյանի դրածոյի պիտակավորմանը:

Բնականաբար, նրա մտքով չի կարող անգամ անցնել, որ մարդիկ կարող են մտածել` իսկ գուցե այդ քայլն անում է, որովհետև ի՞նքն է Ս. Սարգսյանի դրածոն: Այսինքն` գուցե Ս. Սարգսյանն իսկապես ցանկանում է, որ ընտրություններում մնա միայնակ և վերընտրվի առանց որևէ դժվարության:
Առաջին հայացքից թվում է, թե Ս. Սարգսյանին այդ հեռանկարը ձեռնտու չէ, քանի որ նման պայմաններում վերընտրվելու դեպքում միջազգային հանրության կողմից կարող է գնահատվել՝ որպես ոչ լեգիտիմ նախագահ: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես: Միջազգային հանրությունը հետևում է և տեղյակ է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Համենայնդեպս, մինչև այս պահը որևէ հակաժողովրդավարական, հակաօրինական քայլ չի կատարվել, որը կարող էր վկայել մյուս թեկնածուների նկատմամբ ճնշումների, անհավասար պայմանների մասին: Իշխանությունն այդպես վարվել է, թերևս, միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչի մասին, սակայն, առնվազն որևէ ԲՀԿ-ական չի բարձրաձայնել: Մի խոսքով, միջազգային հանրության համար տեսանելի է, որ եթե անգամ թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեն, դա տեղի է ունենալու ոչ թե իշխանության կողմից ինչ-ինչ ճնշումների արդյունքում, ինչպես կատարվում է, ասենք, Բելառուսում, Ադրբեջանում կամ Ռուսաստանում, այլ քաղաքական դրդապատճառներով: Նման պարագայում միջազգային հանրությունն ընդամենը կարող է խորը ափսոսանք, նույնիսկ կսկիծ արտահայտել առ այն, որ մնացած թեկնածուները հրաժարվել են ընտրապայքարից` միաժամանակ արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը` ոչ իրենից կախված պատճառներով միայնակ մնալով, վերընտրվել է նախագահի պաշտոնում: Ս. Սարգսյանի համար իրականում սա բավական ցանկալի սցենար է, որովհետև  այս սցենարի իրագործման դեպքում նրա լեգիտիմությունը գոնե միջազգային հանրության տեսանկյունից շատ ավելի բարձ կլինի, քան, եթե մրցակից թեկնածուները շարունակեն պայքարը:
Առիթ ունեցել ենք գրելու, որ արդար ընտրությունների դեպքում իրականում Ս. Սարգսյանի համար շատ դժվար է լինելու վերընտրվել նույնիսկ երկրորդ փուլում, իսկ առաջին փուլով «հաղթելու» համար նա ստիպված է լինելու դիմել ընտրակեղծարարության ողջ գործիքակազմին: Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնությունն ընդդիմադիր տրամադրվածություն ունի և կարող է առաջնորդվել «Ցանկացած մեկը՝ բացի գործող նախագահից» սկզբունքով: Այնպես, ինչպես, ի դեպ, առաջնորդվել է գրեթե բոլոր ընտրություններում` սկսած 1996 թվականից:  Եվ այդ առումով, թե՛ Հրանտ Բագրատյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են իրական մրցակից դառնալ Ս. Սարգսյանի համար: Նրանց քաղաքական որակները, ռեսուրսային հնարավորությունները քննարկման այլ նյութ են: Տվյալ համատեքստում կարևորն այն է, որ Բագրատյանը կամ Հովհաննիսյանը կարող են դառնալ թեկուզ ոչ ցանկալի, սակայն այլընտրանք Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանության նկատմամբ: Այսինքն, կրկնում ենք, ընտրություններում նրանց առկայության դեպքում իշխանությունը ստիպված է լինելու ողջ եռանդով կեղծել ընտրությունները: Անդրիաս Ղուկասյանի կոչ-ուլտիմատումն այս իմաստով` իրականանալու դեպքում, կարող է, իրական նվեր է իշխանության ու Սերժ Սարգսյանի համար: Ստեղծված պայմաններում ընտրություններում միայնակ մնալը բացասական կորակվի ոչ այնքան քաղաքական, որքան «էսթետիկական» տեսանկյունից, ինչն իշխանության համար հազիվ թե որևէ նշանակություն ունի: Ս. Սարգսյանը միայն մի խնդիր ունի` վերընտրվել և ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը, ինչը միայնակ մնալու դեպքում կարող է իրականացնել անհամեմատ ավելի հեշտ:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Անդրիաս Ղուկասյանը Սերժ Սարգսյանի դրածոն է, մութ գործարքի արդյունքում նման քայլով է հանդես եկել նրան ծառայելու համար: Գուցե Ղուկասյանն իսկապես հավատում է, որ Ս. Սարգսյանին միայնակ թողնելով՝ հնարավոր է Հայաստանում «նոր քաղաքական իրադրության սկիզբ դնել»: Բայց դա ընդամենը մոտեցում է, ընդ որում, ինչպես վերը նշեցինք, չափազանց խոցելի մոտեցում, որը չպետք է իմպերատիվ լինի և ներկայացվի վերջնագրի տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս