Բաժիններ՝

Զուգարանի թղթի պատմությունը. Հիտլերից մինչև Ջորջ Բուշ-կրտսեր (լուսանկարներ)

«Հիգիենիկ թուղթ Հայեթթի-հեմորոյի դեմ պայքարի լավագույն միջոցը»: Նման գրությամբ քառակուսիների բաժանված մոխրագույն թղթի տուփերը վաճաքում են հայտնվել 1857 թվականի դեկտեմբերին: Նյույորքցի ձեռնարկատեր Ջոզեֆ Հայեթթին առաջին անգամ սկսել է զուգարանի թղթի արդյունաբերական արտադրությունը: Իր արտադրանքը նա վաճառում էր Մանհեթենում գտնվող իր խանութում: Թղթի հազար թերթերով տուփն արժեր 1 դոլար: Թերթերից յուրաքանչյուրը պատված էր ալոէի թուրմով և կրում էր արտադրողի անուն-ազգանունը պատկերող տարբերանշան:

Աշխարհի տարբեր հատվածներում մարդիկ անձնական հիգիենայի ամենատարբեր միջոցներ էին օգտագործում` խոտ, տերևներ, ջուր, ձյուն, ավազ և անգամ՝ քարեր: Հին Հռոմում, օրինակ, բոլոր հանրային զուգարաններում տեղադրված էին փայտեր, որոնց ծայրերին ամրացված էր սպունգ: Օգտագործելուց հետո այն դնում էին աղաջրով լցված դույլերի մեջ: Ավելի հարուստները կարող էին իրենց թույլ տալ այդ նպատակով օգտագործել մորթի և վարդագույն ջուր:

Եվրոպայի թագավորական ընտանիքներում միջնադարում օգտագործում էին շրջանակաձև թաշկինակներ: 1720-ական թվականներին ֆրանսիացիները ստեղծեցին բիդեները, որոնք երկու սեռերի ներկայացուցչների կողմից էլ օգտագործվում էին: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան և բրիտանական զինվորները տեսնելով բիդեները հասարակաց տներում, կարծեցին, թե դրանք նախատեսված են միայն կանանց համար: Դրանից հետո տղամարդիկ դադարեցին օգտվել բիդեներից:

Թուղթը զուգարաններում սկսեցին մասսայաբար օգտագործել 18-րդ դարում: Այդ ժամանակ թերթերը հասանելի էին բոլորի համար և դարձել էին շատ մատչելի: Լորդ Չեստերֆիլդը որդուն ուղղված իր նամակներից մեկում խորհուրդ է տալիս միշտ իր հետ ունենալ բանաստեղծությունների որևէ էժանագին հատոր: Իհարկե, Արևելքում մինչև հիմա էլ կարծում են, որ թղթի միջոցով հնարավոր չէ հասնել անհրաժեշտ հիգիենայի: Այդ պատճառով, օրինակ, արաբական երկրներում մինչև հիմա այդ նպատակով օգտագործվում է ձախ ձեռքը, որը, բնականաբար, այդ «գործից» հետո լվանում են: Ասում են, որ հենց սրանով է պայմանավորված միայն աջ ձեռքով բարևելու ավանդույթը:

1890-ական թվականներին Ամերիկայի գյուղական բնակավայրերում մեծ տարածում ստացավ «Սիրս» ընկերության կատալոգը, որից ստանում էին 100 թերթ անվճար փափուկ զուգարանի թուղթ: 1930-ական թվականներին այդ կատալոգը սկսեցին տպագրել հարթ և փայլուն թղթով, ինչի արդյունքում մի քանի հազար մարդ ընկերությանը բողոք ներկայացրեց:

Հայեթթիի նորարարությունից հետո զուգարանի թղթի շուկայում հաջորդ բեկումն արձանագրվեց մի քանի տարի անց: 1870-ական թվականներին Ֆիլադելֆիայի «Սքոթթ Փեյփեր Քոմպանի» ընկերությունը սկսեց զուգարանի թուղթ արտադրել «ռուլոններով»: Դրա արտաքին տեսքը վերջնականապես ձևավորվեց արդեն 20-րդ դարում: Հետագայում ի հայտ եկան ամենազանազան պատկերներով զուգարանի թղթեր: Գործարարները կարող էին օգտագործել հարյուր դոլարանոցի պատկերով զուգարանի թուղթ, որն ավելի թանկ արժեր:

Աֆղանստանի վերջին պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում զուգարանի թղթի վրա տպագրում էին Ուսամա Բեն Լադենի դիմանկարը: Երբ ամերիկացիները հոգնեցին պատերազմից, զուգարանի թղթերի վրա հայտնվեցին նաև Ջորջ Բուշ-կրտսերի լուսանկարները: Առաջին անգամ հակագովազդի այս միջոցն ամերիկացի զինվորներն օգտագործել են 1943 թվականին. Այն ժամանակ զուգարանի թղթի վրա հայտնվեց Հիտլերի դիմանկարը: Հետագայում զուգարանի թղթի վրա տպագրեցին նաև Սադամ Հուսեյնին:

Նշենք, որ տարբեր ուսումնասիրությունների համաձայն, միջին հաշվով ԵՄ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան օգտագործում է 10 կիլոգրամ զուգարանի թուղթ:

3
1 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս