Կոնգրեսը քարոզելու է չմասնակցել ընտրություններին
Ասում է Կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը
– ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումն ավարտին է մոտենում: Ի՞նչ եք կարծում,
2013-ի փետրվարի 18-ին մրցակցային ընտրություններ սպասվո՞ւմ են:
– Քանի որ Կոնգրեսը որոշում կայացրեց չմասնակցել ընտրություններին, հետևաբար մենք հետաքրքրված չենք այս ընտրություններով: Միանգամայն չեզոք դիրք ենք գրավելու, չենք մասնակցելու ընտրություններին, ավելին` քարոզելու ենք, որպեսզի ընտրողներն առհասարակ ձեռնպահ մնան ընտրություններին մասնակցելուց:
– Այսինքն` բոյկոտելո՞ւ եք:
– Չմասնակցություն: Բոյկոտելը մի քիչ այլ խնդիր է, որովհետև, եթե մենք տեղամասերում ունենանք հանձնաժողովի անդամներ, դա արդեն բոյկոտել չի լինի: Բոյկոտելու պարագայում մենք գնահատականներ տալ չենք կարող, հետևաբար` կհետևենք ընտրությունների ընթացքին, ընտրակեղծիքները կգրանցվեն, և ցույց կտրվի, թե ինչպես կեղծվեցին ընտրությունները:
– ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն օրերս մեզ ասաց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի տեղերից հրաժարվելու որոշում առայժմ չկա: Հակասություն չի՞ առաջանում. Կոնգրեսը չի մասնակցում ընտրություններին, ավելին` կոչ է անում ընտրողներին չմասնակցել, բայց չի պատրաստվում հրաժարվել հանձնաժողովի անդամների տեղերից:
– Կոնգրեսը կներկայացնի հանձնաժողովի անդամներ, բայց հանձնաժողովի անդամները ընտրություններին չեն մասնակցի, նրանք ուղղակի կլինեն հանձնաժողովներում` վերահսկողություն իրականացնելու նպատակով: Իսկ ինչպե՞ս պետք է ֆիքսվեն ընտրակեղծիքները: Բոյկոտ` կնշանակի` ոչ մի հանձնաժողովում ոչ մի տեղ չունենալ, և չես կարող որևէ գնահատական տալ ընտրություններին:
– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Ձեզ համար նախագահի միակ ընդունելի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Բայց նա չառաջադրվեց: Կյանքն, ի վերջո, շարունակվում է, իսկ ո՞վ պետք է այսուհետև իշխանությանը մրցակից լինի:
– Մենք պատրաստ չէինք այս պահին լսելու, որ Տեր-Պետրոսյանը թեկնածություն չի առաջադրելու, մենք ցանկանում էինք, որ նա լիներ մեր թեկնածուն: Քանի որ նա չդրեց թեկնածությունը, և չկար այն թեկնածուն, որին ավելի մեծ թվով մարդիկ են հավատում ու վստահում, հետևաբար` իրավունք ունենք հրաժարվելու ընտրություններին մասնակցությունից, ավելին` մենք կարող ենք մեր հետագա քաղաքական պայքարում հնարավորություն տալ ձևավորվելու այն թեկնածուին, ում կարող ենք հավատալ, ով ի զորու կլինի այս երկրում ինչ-որ բան փոխել:
– Իբրև քաղաքացի ևս` Դուք եղած թեկնածուների մեջ չե՞ք տեսնում արժանի մեկին, ում կարող եք տալ Ձեր քվեն:
– Ես գտնում եմ, որ այս ընտրություններին մասնակցությունն ուղղակի սխալ է, հետևաբար` այդ սխալի դիրքերից դիտարկում եմ, որ չունեմ:
– Ստացվում է, որ սխալ էր նաև Հրանտ Բագրատյանի՞ առաջադրումը:
– Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի խաղի կանոններով առաջնորդվելը սխալ է:
– Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չդառնար 68 տարեկան և առաջադրվեր, այդ դեպքում ի՞նչն էր փոխվում:
– Հզոր թեկնածուի ներկայությամբ ամբողջությամբ կփոխվեր քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը: Երբ կա այլընտրանքային հզոր թեկնածու, ում վստահում ես, իսկ ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդպիսին է, ես կարծում եմ, որ մենք` կոնգրեսականներս, նաև նրանք, ովքեր հավատում են Կոնգրեսին, կարող էինք մթնոլորտ փոխել: Հիմա բոլորիս համար պարզ է` ով է նախագահը լինելու: Ուղղակի այս անգամ մնացած թեկնածուների մասնակցությունը կտանի նրան, որ գործող նախագահի` լեգիտիմ լինելու մակարդակը կբարձրանա:
– ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն, օրինակ, պնդում է, որ առաջնորդը չի հեռացել, այնինչ շատ այլ քաղաքական գործիչներ սա համարում են Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժեշտը քաղաքականությանը: Ձեր կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակելո՞ւ է գլխավորել ՀԱԿ-ը:
– Ուրիշ քաղաքական գործիչները չգիտեմ` ովքեր են, որ այդպես համոզված են, ես ավելի շատ հավատում եմ Լևոն Զուրաբյանին, քանի որ նա այն անձն է, ով անմիջական շփում ունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա ավելի վստահ կարող է ասել: Դա` մեկ, երկրորդն էլ` այո, Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մնալ Կոնգրեսի առաջնորդը, նա չի հրաժարվում դրանից:
«168 ԺԱՄ»