Բաժիններ՝

Կենեթ Կիրկվուդ

Ռենեսանսը Ճապոնիայում (գրքից)

Մացուո Բասյո

Սկիզբը` նախորդ համարներում

«Գենձի մոնոգատարիի», 10-11-րդ դարերի ժամանակագրությունների, կամ Մուրասակի Սիկիբուի օրագրերի ընթերցողը կհայտնաբերի պարզ ճապոնական բանաստեղծությունների նրբագեղությունն ու գեղեցկությունը, երբ կողմնակի ակնարկն ամենալուրջ ուղերձների, մտքերի և զգացողությունների հաղորդման միջոց է դառնում:
Որպես օրինակ՝ մեջբերենք մի կարճ հատված, որ նկարագրում է «անզուգական իշխան» Գենձիին, որ լքում է ճգնակյացի հյուղակը, ուր նա որոշ ընթացք բնակվել է, և որտեղ նրան տեսանվեց բարետես աղջնակ Մուրասակին, ում նա պետք է որդեգրեր:
«Մոտենում էր լուսաբացը: Տաճարից, ուր կարդում էին «Լոտոսի սուտրան», լեռնային քամին բերում էր ապաշխարանքի խոսքերը, և այդ վսեմաշուք ձայներին երկրորդում է ջրվեժի աղմուկը:

Քամու ոռնոցները
խուլ լեռներում
Արթնացրին ինձ:
Ես արտասվեցի,
Ջրվեժի աղմուկը:

Այդ խոսքերով Գենձին ողջունում էր վանականին: Նա նրան բանաստեղծությամբ պատասխանեց.

Արցունքներից
թացվել է ձեր թևքը.
Իսկ սիրտը
Լեռնաբնակի
Արդեն չի դողում

«Երևի, ես դրան սովորել եմ»,- հավելեց նա: Վաղորդյան երկինքը թանձր մեգով էր պատված, չէր լսվում նույնիսկ լեռնային թռչունների ծլվլոցը: Շուրջն այնքան ծաղկուն խոտեր ու ծառեր էին աճել, որոնց անունները Գենձին չգիտեր, և լեռները թվում էին բազմագույն մետաքսե գորգով ծածկված: Նա այնքան հիացավ եղնիկով, որ մեկ կանգ էր առնում, մեկ առաջ էր ընթանում, որ նույնիսկ նրա տրտմությունը ցրվեցգ Վանականը նրա համար չտեսնված մի արմատ բերեց, որը նա պոկել էր ինչ-որ տեղ ձորի խորքից: «Մինչև այս տարվա վերջը ես երդվել եմ չլքել այս լեռները, ինչի մասին հիմա շատ ափսոսում եմ, քանզի չեմ կարողանա ձեզ ուղեկցել»,- ասաց նա և Գենձիին երկարեց հրաժեշտի գավը: «Իմ սիրտը մնաց այս լեռների և ջրվեժների մեջ,- ասաց Գենձին,- բայց վախենում եմ, որ կայսրն արդեն անհանգստանում է ինձ համար: Այդուհանդերձ, ես հուսով եմ ավելի վաղ վերադառնալ, քան կթափվեն այս ծաղիկները»: Եվ նա մի բանաստեղծություն արտասանեց.

Կգամ ես մարդոց մոտ
Եվ կփութացնեմ նրանց.
Այլապես քամին նրանց կկանխի
Եվ լեռնային բալենիների
Ծաղիկները կպոկի:

Ծեր վանականը, հուզված Գենձիի նրբաճաշակ խոսքերից և տարված նրա ձայնով, բանաստեղծությամբ պատասխանեց.

Լոկ նա, ում
Բախտ է վիճակվել հիանալու
Ուդումբարոյի ծաղիկներով.
Լեռնային բալենիներին
ես այլևս չեմ նայի:

«Ես ամենևին էլ այնպիսի հազվագյուտ բան չեմ, ինչպես ուդումբարի ծառը»,- ժպտալով արտաբերեց Գենձին: Վանականը նրանից ընդունեց հրաժեշտի գավը այսպիսի խոսքերով.

Թեպետ ես հաճախ
Չեմ բացում
Դուռն իմ լեռնահյուղակի,
ինձ դեռ երբեք չի հաջողվել
Այսպիսի ծաղիկ տեսնել:

«Եվ երբ նա նայեց Գենձիին, նրա աչքերի մեջ արցունքներ էին շողում»:
Մենք ցույց տվեցինք, թե ինչպես ակնարկների և այլաբանությունների օգնությամբ բանաստեղծական ձևով կրթյալ դասերի ներկայացուցիչները վարժվում էին վայելչության և սիրալիրության արվեստի մեջ: Այդ չափազանց նրբագեղ արվեստը շարունակում էր մնալ բոլոր նրանց արտոնությունը, ով հավակնում էր դիմելաձևի նրբագեղությանն ու պատշաճությանըգ Բանաստեղծության զանազան պայմանական ձևերի մեջ հոքքուն առավել սահմանափակ և քչախոս ժանրն էր, որը տասնյոթ վանկի մեջ ցնորական միտք էր արտահայտում, թեպետ և իմաստալի: 17-րդ դարում քիչ չէին վարպետները, որոնք սիրում էին համանման «ժամանցը», բայց նրանցից ոչ մեկը վարպետությամբ և տաղանդի ուժով չէր կարող գերազանցել թափառական բանաստեղծ Բասյոյին:

Բասյո-ճանապարհորդը

Կարիք չկա մանրամասն պատմելու Բասյոյի հետագա ճամփորդությունների մասին, որոնց ժամանակ նա շարունակում էր կատարելագործել հոքքուի հանրահայտ արվեստը, որը մինչև այսօր շարունակում է Ճապոնիայում մնալ կայսրի, գիտնականների, փիլիսոփաների և բնության սիրահարների ամենանրբին զբաղմունքներից մեկը:

1444 (3)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուր էլ որ նա գալիս էր, ամենուր նրան դիմավորում էին երկրպագուները, որ իրենցով լրացնում էին նրա աշակերտների թիվը: Ուր էլ որ նա գալիս էր, ամենուր նրան հրավիրում էին մասնակցելու բանաստեղծական երեկոներին: 1686 թվականին նա ուխտագնացություն կատարեց Եսինո, և մեկ անգամ ևս՝ Իսեյի սրբավայրը: Հաջորդ տարի նա ուղևորվեց հյուսիս, Սենդայ և Մացուսիմա, ուր, ինչպես և Եսինոյում, բնության գեղատեսիլություններից պապանձվեց: Ավելի ուշ, նույն տարում, նա կրկին այցելեց Նարա և Կիոտո, ուր նրան հանդիսավոր ընդունելություն էր սպասվում: 1690 թվականին նա դարձյալ վերադարձավ Իսե և երկար մնաց Բիվա լճի մոտ, որը Ճապոնիայի գեղեցկագույն վայրերից մեկն էր:

Ինչպես մենք տեսնում ենք, Բասյոն ուխտավոր-ճանապարհորդ էր: Ավելին, նա ոչ միայն բանաստեղծ էր, այլ նաև հիանալի արձակագիր` ճանապահորդական օրագրերի հանրահայտ ժանրի հիմնադիրներից մեկը: Նա թողել է իր ճանապարհորդությունների հինգ նկարագրություն, որոնցից յուրաքանչյուրը յուրատեսակ գլուխգործոց է, և բոլորում էլ տեղ է գտել բանաստեղծի բնավորությունը: Դրանցից լավագույնը համարվում է «Օկու-նո խոսոմիտի» («Հյուսիսի արահետներով»), որ հրաշալի անգլերեն է թարգմանել Իսոբե Յաիտիրոն «Բանաստեղծական ճամփորդությունը հին Ճապոնիայում» խորագրի տակ: Այնտեղ նկարագրված է Բասյոյի իր Սորա անունով աշակերտի հետ ամենաերկարատև ճանապարհորդությունը, որը սկսվեց 1689 թվականի մարտին, և տևեց հարյուր վաթսուն օր:

Այդ ստեղծագործության առաջին տողերում նա բացահայտում է իր բնավորության շատ հատկանշական գծերը, ինչպես նաև իր ճամփորդության պատճառները:
«Ամիսներն ու օրերը` հավերժության ուղեկիցներն են, իսկ փոփոխվող տարիները` նույնպես պանդուխտներ են: Նրանք, ովքեր ողջ կյանքը լողում են նավերով, և նրանք, որ դիմավորում են ծերությունը, երասանները բռնած ձիերին տանելով, ճամփորդում են օրըստօրե, և ճամփորդությունը` իրենց կացարանն է: Եվ հնում հաճախ էին ճամփորդելիս մահանում: Այդպես և ես, արդեն վաղուց ի վեր, տարված քամու բերանն ընկած ամպով, չեմ դադարում մտածել ճամփորդությունների մասին:

Թափառում էի ես մերձափնյա վայրերով և անցած աշնանը ջնջեցի հին սարդոստայնն իմ կիսաքանդ գետի ափի մոտ գտնվող հյուղակում: Ահա և այս տարին ավարտվեց, և գարնանը, որ վրա եկավ մշուշի ծխի մեջ` «Անցնեի գուցե Սիրուկավա ուղեկալը»` գաղթակղության աստվածը, բուն դնելով իմ մեջ, սկսեց բորբոքել իմ հոգին, ճամփորդների պահապան աստվածներն այդպես էլ կանչում էին, և ինչ էլ որ անում էի, ոչինչ չէր ստացվում:

Տաբատիս ծակերը կարկատեցի, գլխարկս կարգի բերեցի, ծնկներս տաքացրի, և այդ օրվանից անընդհատ հոգուս մեջ Մացուսիմայի լուսնի պատկերն էր: Կացարանս ուրիշներին զիջեցի և քաղաքից դուրս ելա դեպի Սամպո…

Երրորդ ամսին, վերջին դեկադայի, երբ երկինքը փոքր-ինչ շառագունում էր արշալույսից և լուսինը նվազում էր, մարելով իր լույսը, հազիվ նշմարվում էր Ֆուձիի գագաթը, և մտորում էի Ուենոյի և Յամայի բալենիների ճյուղերի մասին` սիրտս կծկվեց: Բոլոր մտերիմներս հավաքվեցին երեկոյան կողմ և նավակներով ուղեկցում էին ինձ: Երբ ես նավակից իջա Սենձյու անունով վայրում, սիրտս կծկվեց երեք հազար լի ճամփորդության մասին մտորելիս, որ դեռ պիտի անցնեի, և ունայն աշխարհի ցնորական ճամփեքի վրա ես բաժանման արցունքներ թափեցի.

Գարունը գնում է,
Եվ լալիս են թռչունները.
Ձկների աչքերին
արցունքներ են…

Այդպես ես նորոգեցի ճամփորդական տուշամանը, բայց ճամփան դեռ գլուխ չէր գալիս: Իսկ ետևում, ճամփին կեցած. երևի թե իմ ետքից նայում են այնքան ժամանակ, քանի դեռ ես երևում էի:

Այսպես այդ տարի, Գենրոկոյի երկրորդ տարուն, մեկ էլ մտքիս փչեց ճամփորդության գնալ հյուսիս, դեպի Օո: Թեպետ հեռավոր երկրների երկնքի տակ հավելվում էին ճերմակահեր գլխիս դառնությունները, այդուհանդերձ, գուցե թե, այս վայրերից, որ միայն լսելով գիտեի, բայց աչքով չէի տեսել, գուցե թե ողջ դառնամգ, այդպիսի հույս ունեի: Եվ ահա հենց առաջին օրվա վերջում ես հասա Սոկա անունով կայարանը:

Ողջ ոսկրոտ ուսերիս բառնածն առաջին հերթին ինձ շատ ծանր եկավ: Ես ոնց որ թե թեթև էի ճամփա ելել, բայց բամբակե հագուստը, որ պահպանում էր գիշերվա ցրտից, թեթև ամառային հագուստը, անձրևաթիկնոցը, տուշն ու վրձինները, նաև, դրանցից ոչ մի կերպ չես ազատվի, հրաժեշտի նվերները` հո այդ ամենը դեն չէի՞ նետելու, բայց այդ ամենը ճամփին չափազանց խոչընդոտ է»:

1444 (4)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այդպես գրավիչ, օրագրի անկաշկանդ և բնական ձևով, պատմում է Բասյոն իր առաջին հյուսիսային ճամփորդության մասին Նիկոյի, Մացուսիմայի և Սենդայի գավառներով, և վերջապես, վերադարձի մասին Իսեի միջով` հինավուրց մայրաքաղաքը: Այս անպաճույճ նկարագրությամբ մենք կարող ենք առանց դժվարության պատկերացնել քառասներկուամյա բանաստեղծին, հանգիստ և ոչ այնքան ուժեղ պանդուխտ, որ թափառում էր երկրով մեկ, որ ենթարկում էր իր «եսը» շրջակա բնությանը և, թափառական Ոդիսևսի նման, դառնում էր այն ամենի մասը, ինչ պատահում էր ճամփին: Ի սկզբանե նրան ոչինչ պետք չէր, իսկ իր ուղեկիցներից՝ շատ քիչ բան: Ավելի ճիշտ, նրան մի բան էր պետք` կենդանիների, բույսերի և ծառերի նման միաձուլվել շրջակա աշխարհին, ընդ որում, մնալով անկախ անհատականություն, որ ունակ է գրառելու իր տպավորությունները, իսկ հետո ցույց տալ դրանք իր ընկերներին հստակ, կատարելության հասած բանաստեղծություններով:

Բասյոյի կյանքի վերջին օրերը

1691 թվականին նա նորից ուղևորվեց Կիոտո, որը, չնայած թատրոնի և ուկիո-է գեղանկարչության աճող հանրահայտությանը Էդոյում, դեռևս մնում էր կայսրության առավելագույնս նրբագեղ և հղկված արվեստի և մշակույթի կենտրոնը: Երեք տարի անց նա նորից կայցելի իր հարազատ Ուենո, նախկին Նարայի մայրաքաղաք ու մշակութային կենտրոն և, ի վերջո, Օսակա, ուր նորահարուստների մոտ սկսել էր ճշմարիտ ճաշակ ի հայտ գալ հինավուրց արվեստի ավելի ավանդական և կատարյալ ֆորմաների հանդեպ:

(Նույնիսկ Բասյոն իր ճանապարհորդական օրագրերից մեկում խոսում է առևտրական Սեյֆուի մասին. «Թեպետ նա հարուստ է, բայց օժտված է ճաշակով և լավ վարվելաձևով»):
Յամայում նրան այնքան էլ ջերմ չընդունեցին, ինչպես ինքն էր սպասում, քանզի այնտեղ Դանրին դպրոցի հովանավորության ներքո արմատավորվել էր հոքքուի ավելի հասարակ ձևը, և Բասյոյի ոճը ոչ բոլորի սրտով էր:

1444 (1)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դա նրա վերջին ճամփորդությունը եղավ: Բասյոյի կյանքի վերջին օրերի մասին մանրամասն պատմում է նրա կենսագիրներից մեկը. «Այդ տարվա ամսի 29-ին (1964 թվականի սեպտեմբերին) Բասյոն մասնակցում էր բանաստեղծական երեկոյին տիկին Սոնոյի առանձնատանը, իր ուշիմ աշակերտուհու, ով նրա պատվին ճոխ ընդունելություն էր կազմակերպել: Դժբախտաբար, ընթրիքը բանաստեղծի համար ճակատագրական եղավ, որ արդեն մի քանի օր տառապում էր ստամոքսի խանգարմամբ: Հնարավոր է՝ նա շատ սունկ կերավ և գիշերը սաստիկ ցավեր ունեցավ: Սովորական դեղը չէր օգնում, և հիվանդությունը, հավանաբար՝ դիզենտերիան, ավելի ու ավելի լուրջ բնույթ էր կրում: Անկողնուն գամված՝ բանաստեղծն ասաց. «Մոկուսացուն Օցոյից լավ գլուխ է հանում իմ առողջությունից: Ուղարկեք նրա ետևից»:

Բանաստեղծ-բժիշկը եկավ և զննեց նրան: Բանաստեղծն ասաց. «Ես պետք է ինչ-որ բաներ ասեմ Կյորային», և ուղարկեց Կյորայի ետևից Կիոտո: Նրա աշակերտ Սոդոյի տանը, ուր Բասյոն հանգրվանել էր Օսակա գալուն պես, անհրաժեշտ պարագաներ չկային նրան խնամելու համար, և հոկտեմբերի երեքին Բասյոյին տեղափոխեցին Նիձայոմեն անունով ծաղկի կրպակի տիրոջ հետին կողմի սենյակը, որ Միդո տաճարի կողքին էր:
Չխոսելով Սիկոյի և Իձամեյի մասին, որ ուղեկցում էին բանաստեղծին իր վերջին ճանապարհորդության ժամանակ, նրան զօրուգիշեր խնամում էին Սիդոն, Կյորայը, Մակուսեցուն, Սյարան, Դոնսյուն, Օտոկունին և Սեյսյոն, որոնք իմանալով նրա հիվանդության մասին՝ տեղնուտեղը ժամանեցին: Տագնապալի լուրը տարածվեց շրջակա գավառներում, և կուտակ-կուտակ սկսեցին գալ տագնապով ու վախով համակված նրա ընկերներն ու աշակերտները: Վերոնշյալ տասը աշակերտները ընդունում էին նրանց և երախտապարտ էին լինում, բայց հիվանդի սենյակ ոչ մեկին չէին թողնում:

Պարզելով, որ հիվանդի վիճակը ծայրահեղ վատ է, Մակուսեցուն առաջարկեց Բասյոյին ինչ-որ մեկ այլ բժիշկ հրավիրել, բայց մահացող բանաստեղծն այդ մասին լսել անգամ չէր ուզում, ասելով. «Ոչ, քո բուժումն ինձ լիովին բավարարում է: Ուրիշ ոչ մեկի կարիքը չունեմ»: Երբ նրան խնդրեցին գրել վերջին բանաստեղծությունը, նա պատասխանեց. «Իմ երեկվա բանաստեղծությունը այսօր կլինի իմ վերջին բանաստեղծությունը: Իմ այսօրվա բանաստեղծությունը վաղը կլինի իմ վերջին բանաստեղծությունը: Յուրաքանչյուր բանաստեղծություն, որ ես գրել եմ իմ կյանքի ընթացքում` դա վերջին բանաստեղծությունն է»: Սակայն ամսի 8-ին նա անկողնու մոտ կանչեց Ձյոսուին, Կյորային և Դոնսյուին, և Դոնսյուին թելադրեց հետևյալ բանաստեղծությունը.

Ճամփին ես տկարացա,
Եվ անդադար փախչում,
պտտվում է երազն իմ
Այրված դաշտերով:

«Այս բանաստեղծությունը վերջինը չէ,- ասաց բանաստեղծը,- բայց հնարավոր է, որ այն և վերջինն է: Համենայն դեպս, այս բանաստեղծությունը ծնվել է իմ հիվանդությունից: Բայց հիմա այդ մասին մտածելը, երբ ես կեցած եմ կենաց ու մահվան մեծ խնդրի առաջ, թող որ ես ողջ կյանքս նվիրել եմ այս արվեստին, մոլորություն լիներ»:

Ամսի 11-ին Էդոյից անսպասելի ժամանեց Կիգաքուն, որ ճամփորդում էր Օսակայի ծայրամասերում, և ոչինչ չգիտեր իր ուսուցչի հիվանդության մասին: Ուսուցիչն ու աշակերտն ուրախությունից ու վշտից միաժամանակ արցունքներով էին ողողվել: Հաջորդ օրը, երբ մոտենում էին նրա վերջին րոպեները, Բասյոն խնդրեց, որ իր համար լոգարանը պատրաստեն և, իր մահճի մոտ կանչելով Կիկակուին, Կյորային, Օտոկունիին և Սեյսյոուին, թելադրեց Սիկոյին և Իձամուին մանրամասն կտակն առ այն, թե ինչպես տնօրինել իր կարողությունը, նաև ուղերձներ թողեց իր աշակերտներին և Էդոյի ծառային, ցուցումներ այն մասին, թե ինչպես վարվել ձեռագրերի և այլ բաների հետ: Մի գրություն Ուենոն իր Խանձաեմոն եղբորը ինքը գրեց: Ասելով այն ամենը, ինչ ուզում էր, նա ձեռքերը ծալեց և, շշուկով ինչ-որ բան կարդաց, որ հիշեցնում էր հատված Կաննոնի սուտրայից, շուտով ցերեկվա չորսից հետո, հիսունմեկ տարեկան հասակում, նա փչեց իր վերջին շունչը:

Բասյոյի տեղը գրականության մեջ

Բասյոն իրավամբ կարող է տեղ գրավել այդ շրջանին նվիրված ցանկացած հետազոտության մեջ, ոչ այն պատճառով, որ նա խռովարար էր կամ արմատական ռեֆորմատոր, այլ այն պատճառով, որ իր մեջ կենտրոնացրել է այն ամենը, ինչ որ արվել էր հոքքուի ժանրում մինչև ինքը: Իր բանաստեղծական հանճարի շնորհիվ՝ նա պարզեցրեց թանկան և այն վերածեց ավելի կարճ, հղկված հոքքու-մանրապատումի: Բայց հենց դա էր նրա տաղանդի ուժը, և այդպիսի պարզեցման արդյունքում՝ այդ բանաստեղծությունները, ըստ էության, ոչինչ չկորցրին: Նա մաքրեց թանկայի ավանդական ժանրը, երկուսով գրվող ռենգան, վերացրեց բառախաղը, էժանագին հումորն ու վուլգարիզմները: Նա դրանց հանգստության զգացողություն հաղորդեց և Բնությունը ներմուծեց պոեզիա, ինչպես դա արեց Վորդսվորթը վաղ ռոմանտիկական պոեզիայի մեջ, որն ի հայտ եկավ դասական շրջանից հետո: Բասյոյի ձեռքի տակ բանաստեղծական ֆորման ավելի նրբին դարձավ և լեզվով, և բովանդակությամբ և դրանով բարձրացավ մաքուր գրականության ավելի բարձր որակի:

Այսպիսով, նա լավագույն դասական ավանդույթի ներկայացուցիչն էր:
Բասյոն ավելի ավանդապաշտ մնաց, քան Սայկակուն, Տիկամացուն և այլ հեղինակները: Նա իսկապես ոչ խռովարար էր, ոչ էլ նորարար: Նա շարունակում էր աշխատել հոքքուի դասական ձևավորված ժանրում: Դրանով նա հավատարիմ մնաց իրեն ժառանգված ավանդույթներին և շատ առումներով եռատող հոքքուների ժանրը հասցրեց լիարժեք կատարելության: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ իր արած կատարելագործումները, որ Բասյոյի ոճ անվանումը ստացան, իրենց սահմանափակված ոլորտում չափազանց նշանակալից եղան: Այդ իմաստով նա նույնպես պատկանում է փոփոխությունների և հարմարվողականությունների դարաշրջանին, որը տասնյոթերորդ դարին նվիրված մեր ուսումնասիրության կենտրոնական թեման է: Բասյոյի ամենահատկանշական յուահատկություններից մեկը ցանկացած կեղծիքի և տափակության չընդունումն է: Նա չէր կարող, և չէր էլ փորձում ազատվել իր ժամանակի և իր մշակույթի գրական պայմանականություններից, բայց նա դրանց մեջ նոր կյանք ներարկեց, դրանց թարմություն և ճկունություն հաղորդեց: «Այսպես կոչված՝ տաղասացության կանոնների վրա,- գրում է մի գիտնական,- նա քիչ ուշադրություն է դարձնում, ըստ էության, այնքան քիչ, որ նրա հետևորդները, որոնք մոլեռանդորեն ղեկավարվում էին իրենց ստեղծագործության մեջ այդ օրենքներով, ստիպված էին իրենց ուսուցչին թույլ տալու գտնվել այդ կանոնների շրջանակներից դուրս:

Հավանաբար, նա բնազդաբար զգում էր այն բոլոր սահմանափակումների անիմաստությունը, որոնք պահանջվում էին այդքան կարճ բանաստեղծական պատյանների համար, բայց իսկական ընդվզումն այնքան խորթ էր ձենի ոգուն գեղարվեստական ոլորտում, ինչպես նաև սոցիալական և քաղաքական բնագավառում: Բասյոյի տեսությունն ու պրակտիկան պարփակված էր չորս վանկերում` ֆուեկի ռյուկո, որ կարելի է ազատ թարգմանել՝ որպես «անփոփոխ ֆորմա փոփոխվող ձևում», այսինքն, բարձրացվող հարցերը պետք է մշտական հետաքրքրություն առաջացնեն, իսկ դրանց արտահայտման ձևը պետք է համապատասխանի ժամանակի ոգուն: Համարվում է, նա էր ասում, որ ոճի սկիզբը ճշմարտացիությունն է, և ճշմարտացի էր համարում այն ոճը, որն օժտված է ներդաշնակությամբ և պարզությամբ: «Երբ ստեղծագործում ես,- ասում էր նա,- չափազանց շատ մի հորինիր, այլապես կկորցնես անմիջականությունը:

Թող քո հոքքուն ծնվի սրտից, այլ ոչ թե վարպետությունից»: Իր ընկերներից մեկին գրած մի նամակում նա ասում է. «Ինձ հաճելի է, որ դու այդքան տարված ես հոքքու հորինելով, բայց բանաստեղծությունը, որ ծնվում է սրտում, ավելի կարևոր է, քան քո էրուդիցիայի պտուղը: Շատերն են կարող հոքքու հորինել, բայց քչերն են հետևում սրտի թելադրանքին»: Կամ, ասենք, այսպիսի ասացվածները. «Ոճը պետք է բնական լինի, թեմայի նրբին շրջադարձը: Յուրօրինակությունը, անսովորի ետևից ընկնելը ցանկալի չենգ Եղիր բնական և մշտապես դիմիր բնությանըգ Թող քո հոքքուները նման լինեն անձրևի կաթիլներով ուռենու ճյուղին, որ երբեմն օրորվում են քամու ճոճքի տակ»:

Հստակորեն տեսանելի է, թե որքան է Բասյոն հեռացել ավանդական ձևերի կարծրացած ֆորմալիզմից, դրանց բոլոր անփոփոխ կանոններով և պայմանականություններով: Այդ իմաստով նա փորձարարների, նորարարների և բնականության կողմնակիցների ավանգարդում էր:

Նրա կենաց օրոք ձգտումն առ մաքրություն, որ «Բասյոյի ոճ» անունը ստացավ, լայն տարածում գտավ Ճապոնիայի բոլոր գրական խմբակներում, չնայած նրա աշակերտների անհատական և բարոյական հատկանիշներին: Իսկ նրա մահից հետո, երբ անհետել էր՝ որպես մարդու և բանաստեղծի նրա ուժեղ ազդեցությունը, դատարկություն գոյացավ, որը փութաց լցնել ավելի պրիմիտիվ և կոպիտ ոճը: Թեպետ բանաստեղծություններում դեռևս շարունակվում էր զգացվել Բասյոյի գրելաոճը, իսկ նրա անունն ու ստեղծագործությունները հարգանք էին վայելում (ինչը որ պահպանվում է մինչև այսօր), նրա աշակերտներն ու հետևորդներն ընտրեցին շուտով այլ ուղղություններ, իսկ ժամանակի ընթացքում այդ խախտումն ավելի ուժգնացավ: Ի հայտ եկավ նոր միտում` ձգտումն առ գռեհկացումը, որ բնորոշ էր նոր ուղղության արվեստի ռամկական տեսակներին:

Հետագա կեսդարյա ընթացքը եղավ անկման և անշարժության շրջաններ, որ չնշանավորվեցին համարյա թե և ոչ մի ձեռքբերմամբ: Միայն 18-րդ դարի սկզբում, որ հաջորդեց մեծ բանաստեղծի ապրած օրերին, Տանիգուտին (կամ Յոսա) Բուսոնը (1715-1783), ով նպաստել էր «Տեմեյ շրջանի վերածննդին» և ջանացել էր վերականգնել Բասյոյի ոճը, համատեղելով դրանք իր որոշ նորամուծություններով, հաջողվեց ժամանակավորապես ընդհատել այդ անկումը: Բուսոնը, ով նաև երևելի նկարիչ էր, գտնվում էր իր շրջակայքի և ժամանակի ազդեցության ներքո:

Թեև նա ծնվել էր Օսակայի մոտակայքում, բայց շուտով տեղափոխվեց Էդո, հնարավոր է, այդ պատճառով էլ նրա պոեզիայում ավելի շատ են մարդկային խնդիրները, րոպեական ուրվանկարներն ու կենցաղային թեմաները, քան Բասյոյի մոտ իր բնությանը երկրպագող մաքուր գեղագիտությամբ: Արտահայտման միջոցների ողջ սահմանափակությամբ հանդերձ, Բուսոնի ստեղծագործության մեջ տեղ են գտել ռոմանտիկական սյուժեները, որ երբեմն քաղված են չինական և ճապոնական դասական գրքերից, հետաքրքիր պատմական իրադարձությունները, տեղական պատահարները: Թեմատիկայի այդպիսի ընդարձակումը Սայկակուին էլ բերեց նոր ոլորտներ, ուր նա վերջնականապես կապերը խզեց հոքքուի հետ և սկիզբ դրեց հանրահայտ արձակ ժանրին:

Թեպետ համարվում է, որ թանկայի և հոքքուի պայմանական պոեզիան դասական և ինչ-որ առումով չափազանց նրբին և ֆորմալիստական դարաշրջանի ծնունդ է, իսկ նրա ֆորման ենթարկվում է նույնպիսի քննադատության, ինչպես իտալական սոնետը, վիպա-նելլան, տրիոլետը, ռոնդելը և մյուս սահմանափակ բանաստեղծական ժանրերը, դրանցում կարելի է հայտնաբերել կարգուկանոնի բերող արժեք: Ֆորմայից զատ՝ Բասյոյի մեթոդի գլխավոր առանձնահատկությունը բնության մեջ խորասուզվելու այն անձնական անկեղծությունն էր, որը, ինչպես մենք ցույց տվեցինք, հնուց անտի բնորոշ է ճապոնացիներին, սակայն ի հեճուկս տարածված կարծիքի՝ բնորոշ է ոչ միայն ճապոնացիներին:

Տասնութերորդ դարը Շոտլանդիայում, և մեկեն դրանից հետո և Անգլիայում, նշանավորվել էր որպես օբյեկտ բնության «հայտնաբերմամբ», իսկ որոշ առավել զգայուն բանաստեղծներ, հատկապես Վորդսվորթը, բացահայտեց բնությունը և որպես սուբյեկտ: Նոգուտի Ենան ճշմարտացիորեն նշում է. «Ինձ համար կրկնակի հաճելի է անգլիական պոեզիայում հայտնաբերել նույնպիսի, թեև ոչ այնքան հաճախակի, բնության երկրպագությունը, հարգալից և երկյուղած, ինչպես Վորդսվորթի մոտ, ով սրտի սարսուռով նայում էր ծիածանին, կամ Ձոն Քիթսի վերջին սոնետներում, երբ նա խոսում է լուսնով հիանալու մասին»:

Սակայն, որքան էլ արհեստական լինի Բասյոյի բանաստեղծությունների ֆորմայի պայմանականությունը և որքան էլ տարօրինակ թվա նրա համառ ենթակայությունը բնությանը, երբ նա վերածվում էր լիովին հնչող, բայց անկատար քնարի, որի վրա խաղում էին երկնային շիթերը, հնարավոր է, ամենամեծ տպավորությունը թողնում է նրա անհատականությունը իր աղոթկեր հեզությամբ և անկեղծությամբ:
Բասյոյի կյանքն ուսումնասիրողի համար հիշողության մեջ մնում է իմաստունի կերպարը` բնության մեծ գաղտնիքի երկրպագուի, որի մի մասնիկ էլ ինքն է, հայեցող, ում կարելի է վերագրել Ու.Գ.Դևիսի խոսքերը. «Ի՞նչ արժե կենաց ունայն շրջապտույտը, եթե շուրջդ նայելու ժամանակ չունես», հավատարիմ և իսկական ընկեր, իր աշակերտների և հետևորդների ներշնչողը, պարզ և չքավոր մարդը, որ ոչ կարգին առողջություն ուներ, ոչ էլ ունեցվածք, և ով այդ ամենով հանդերձ՝ կյանքին վերաբերվում էր՝ որպես կյանքից չկտրված փիլիսոփա, և ով մշտապես մնում էր աշխարհի մի մասնիկը: Արվեստագետի ետևում միշտ կանգնած է մարդը, և «փոփոխական աշխարհում», որ արագ պտտվում է գեղադիտակային շրջապատում:

Բասյո մարդը կեցած էր, բոլոր քամիներով տարուբերվող, հանց ծռված հին սոճի, և թույլատրում էր տարվա բոլոր եղանակներին ներթափանցել իր հոգու մեջ, և այն արձագանքում էր դրանց:

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս