Կալանքի միջնորդությունների աճն արդյոք չի նշանակում, որ դատական համակարգը ավելի քիչ անկախ է. Թորոսյան

ՀՀ-ում, երբ փաստաբանական ծառայությունները շրջհարկից անցան ԱԱՀ դաշտ, այդպիսով ոչ թե նրանց, այլ քաղաքացու ֆինանսական բեռը բարձրացավ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

«Եթե համեմատում ենք, օրինակ, ուսուցչի, բժիշկի, զինվորականի հետ, որոնք 20 տոկոս են հարկվում, ապա այս դեպքում արդարության դեֆիցիտ նույնպես կա, երբ փաստաբանները պետք է շարունակեին հարկվել 5 տոկոս, իսկ վերոնշյալ մասնագիտությունների տեր մարդիկ` 20 տոկոս։ Ո՞րն է լուծումը»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Հարությունյանն այս հարցին պատասխանեց որպես արդարադատության նախկին փոխնախարար և միաժամանակ քաղաքացի, որը բախվել է խնդրին։ Նրա խոսքով` այն փոփոխությունները, որոնք իշխանությունները պարտադրված են իրականացրել՝ տվյալ պահի դրությամբ որևէ խնդրիների լուծման նպատակով, կարող էին հանգեցնել արդարատության մատչելիության կորստի։

«Փոխելով փաստաբանների հարկման համակարգը` արդյունքում ունենք իրավիճակ, երբ փաստաբանների մի մասն ահռելի չափով բարձրացրել են իրենց գնացուցակները։ Արդյոք այդպիսով չե՞նք նպաստել, որ հանրությունը հիմա ավելի քիչ հնարավորություն ունենա իր իրավունքները պաշտպանելու դատական կարգով»,– ընդգծեց Հարությունյանը։

Ըստ նրա` սա ծանրացրել է որոշ քաղաքացիների վիճակը, որոնք առանց այդ էլ հնարավորություն և, շատ հաճախ, մեծ ցանկություն էլ չունեին դատական համակարգի հետ առնչվելու և այդպիսով իրենք իրենց պաշտպանելու։

Հարությունյանը նաև նշեց, որ նմանատիպ էլի եղել են օրենսդրական փոփոխություններ, որոնք խոչընդոտել են արդարադատության հասանելիությանը, սակայն նա նախընտրեց դրանց մասին այս անգամ չանդրադառնալ։

Տեսանյութեր

Լրահոս