Բաժիններ՝

Պակիստանը հրթիռ է փորձարկել, Հնդկաստանը հրահանգել է վարժանքներ անցկացնել երկու երկրների միջև լարվածության ֆոնին

Պակիստանը մայիսի 5-ին երկրորդ հրթիռային փորձարկումն է անցկացրել վերջին երեք օրվա ընթացքում, իսկ Հնդկաստանը մի քանի նահանգների հրահանգել է անվտանգության վարժանքներ անցկացնել` Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկու երկրների միջև ստեղծված լարվածության ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը մի քանի նահանգների հրահանգել է մայիսի 7-ին մեկնարկել անվտանգության վարժանքներ՝ ապահովելու քաղաքացիական պատրաստվածությունը, Reuters-ին հայտնել է կառավարության աղբյուրներից մեկը։

Վարժանքները կներառեն օդային տագնապի շչակներ, տարհանման պլաններ և մարդկանց նախապատրաստում հնարավոր հարձակմանն արձագանքելուն։

Իր հերթին, Պակիստանի բանակը մայիսի 5-ին Ֆաթահ շարքի 120 կմ հեռահարությամբ ցամաք-ցամաք հրթիռ է փորձարկել։ Դրանից երկու օր առաջ երկիրը փորձարկել էր Աբդալի ցամաք-ցամաք բալիստիկ հրթիռը՝ 450 կմ հեռահարությամբ։

Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ ներկայում Հնդկաստանի հետ որևէ կապուղի չի գործում։

Երկու միջուկային տերությունների միջև հարաբերությունները սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։

Ահաբեկիչները թիրախավորել են հինդու զբոսաշրջիկներին։ Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը ներգրավված լինելու մեջ։

Երկրները փակել են իրենց ցամաքային սահմանները, կասեցրել առևտուրը, փակել օդային տարածքը մեկը մյուսի ավիաընկերությունների համար։

Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը, որը կարգավորում է մի շարք գետերի օգտագործումը երկու երկրների կողմից։ Երկու երկրների սահմանին նաև տեղի է ունեցել փոխհրաձգություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս