Պատգամավորի գույքը 14 օրում «անհետացել է»
Տավուշի մարզի դատախազը, ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և մարզի թիվ 40 ու 41 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն ընդհանրություն. նրանք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք հայտարարագրել են անշարժ գույք, զգալի դրամական միջոցներ ու եկամուտներ, սակայն չունեն թանկարժեք գույք:
Դատելով 2011թ. համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, այս պաշտոնյաները չունեն նաև արժեթղթեր և այլ ներդրումներ: Սա այն դեպքում, երբ հատկապես մարզի թ.40 և 41 ընտրատարածքներից Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀԿ խմբակցության անդամներ` անկուսակցական Մարինե Մարաբյանը և ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, մինչև ընտրվելն եղել են գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
2005-2012թթ. «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած, իսկ 2006-2012թթ. համատեղության կարգով «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն ղեկավարած Մ.Մարաբյանը, այդուհանդերձ 2011թ. մարտի 1-ից մինչև 2012թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում որպես եկամուտ հայտարարագրած 133 մլն 282 հազար 195 դրամից 22 մլն դրամը նշել է որպես «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունից գումար: Նա 100 մլն դրամը հայտարարագրել է գույքի օտարումից, իսկ մնացածը` աշխատավարձից ստացված եկամուտներ: Մ.Մարաբյանի դրամական միջոցները կազմել են 40 մլն դրամ և 145 հազար ԱՄՆ դոլար: Պատգամավորը նաև Երևանում երկու բնարանների միանձնյա սեփականատեր է:
Թիվ 41 ընտրատարածքի պատգամավոր Հ.Հակոբյանը 2012թ. ապրիլի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ. համար ներկայացրած հայտարարագրում նշել է զգալի չափով փոխառություն: Դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին` 1,9 մլրդ դրամ, տարեվերջին` 1,98 մլրդ դրամ: Եկամուտները 68 մլն 797 հազար 810 դրամ, որից 3 մլն 135 հազար 310 դրամը` աշխատավարձ, 62 մլն 370 հազար դրամը` ավանդից, իսկ մնացածը վարձակալությունից ստացված եկամուտներ: Պատգամավորը, սակայն, չի հայտարարագրել անշարժ և շարժական գույք:
Մինչդեռ ընդամենը 14 օր առաջ` 2012թ. մարտի 30-ին, 2011թ. մարտի 1-ից մինչև 2012թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Հ.Հակոբյանը հայտարարագրել է 28 անշարժ գույք. շենք-շինություններ Երևանում և Դիլիջանում, հողատարածքներ Տավուշի մարզում` մոտ 36 հա մակերեսով, նաև 4 ավտոմեքենա (ԲՄՎ-745, Մերսեդես-Բենց Տ500, ԶԱԶ-968-Մ, ՎԱԶ 21214): Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Հ.Հակոբյանն ունի բաժնեմաս 11 ընկերություններում, այդ թվում` «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ում` 49.98%, «Դիլիջանի բեռնաուղևորատար» ՓԲԸ-ում` 100%, «Կիլիկիա» ՍՊԸ-ում (ՌԴ)` 50%, «Առաքել Ալկո» ՍՊԸ-ում` 50 տոկոս:
Պատգամավորի տիկինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ. համար ներկայացրած հայտարարագրում ևս նշել է զգալի չափով փոխառություններ: Տիկնոջ դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 1,95 մլրդ դրամ, տարեվերջին` 1մլրդ 620 մլն 204 հազար 540 դրամ: Եկամուտները` 5 մլն 490 հազար դրամ, որից 900 հազար դրամը` աշխատավարձ, 4 մլն 590 հազարը` վարձակալությունից ստացված եկամուտներ:
Ի համեմատ պատգամավորների, Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը հայտարարագրել է բավականին համեստ ունեցվածք: Նա ունի 2 միավոր անշարժ գույք: Դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 13 մլն դրամ, տարեվերջին` 17 մլն դրամ: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 4 մլն 662 հազար 190 դրամ:
Դատախազի ամուսինը հայտարարագրել է անշարժ և շարժական գույք: Նրա դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին եղել են 4 մլն դրամ և 1 հազար 400 խորհրդային ռուբլի, տարեվերջին` 5 մլն դրամ և 1 հազար 400 խորհրդային ռուբլի: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 1 մլն 231 հազար 389 դրամ: Դատախազի զավակը հայտարարագրել է մեկական միավոր անշարժ և շարժական գույք:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը 2011թ.-ին ունեցել է մեկ միավոր անշարժ գույք: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 6,5 մլն դրամ, տարեվերջին` 7 մլն դրամ: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձի գումարից` 9 մլն 134 հազար 359 դրամ:
Դատարանի նախագահի տիկինը հայտարարագրել է միայն մեկ բնակարան` որպես նվիրատվություն:
«Փաստինֆո»