Աննա Իսրայելյանը գրազը պարտվել է

Քաղաքական թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է Առցանց Առավոտի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ:

– Աննա, ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական նման զարգացումներ սպասո՞ւմ էիք:

– Ոչ: Ես գրազը պարտվեցի, որովհետև վստահ էի, որ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, կառաջադրվի: Ամեն ինչ բերում էր նրան, որ նա պիտի առաջադրվի: Պետք չէ խորը վերլուծաբան լինել` հասկանալու, թե ի՞նչ է կատարվել: Ինձ թվում էր, որ նա արդեն ռուբիկոնն անցել է և ձեռնտու երկրորդ տեղի թեկնածու է, ով կշնորհավորի ընտրված նախագահին և բողոքի ալիք էլ չի բարձրացնի: Դա հարմար առիթ կլիներ նաև արտաքին աշխարհին ցույց տալու, թե՝ տեսե՛ք, ինչ մրցակցային էին մեր ընտրությունները: Սակայն, պարզվեց, որ իրականությունը կարող է շատ ավելի անսպասելի լինել, քան մենք կարող ենք այն կանխատեսել:

– Իսկ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)՝ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու հայտարարությունը սպասելի՞  էր:

– Եթե 2008 թվականի ընտրությունների ժամանակ կարծես խաղադրույք էր արված «Մանվել Գրիգորյան» հավաքական կերպարի վրա, ապա այս անգամ խաղադրույքն արված էր Գագիկ Ծառուկյանի վրա, և երբ խաղադրույքը չգործեց, ինձ թվում է, ՀԱԿ-ն ուղղակի չհասկացավ, թե ինքն էլ ի՞նչ պետք է անի:

– Ինչպիսի՞  նախագահական ընտրություններ են սպասվում:

– Հարցին ուզում եմ պատասխանել Յարոսլավ Հաշեկի բառերով` «Շատ անհետաքրքիր համաշխարհային պատերազմ դուրս եկավ, ես այդ ամենը լրիվ այլ կերպ էի պատկերացնում…»:

– Այս տարիների ընթացքում կուսակցությունների կողմից քեզ առաջարկներ եղե՞լ են իրենց շարքերում ընդգրկվելու համար:

– Այո: Մերժել եմ, որովհետև ես քաղաքական գործիչ չեմ, ես լրագրող եմ:

– Քաղաքական գործիչներից շատ-շատերն արտասահման են մեկնում, այլ մշակույթների հետ են հարաբերվում, դա նրանց վրա նկատելի՞ է: Փոխվո՞ւմ են:

– Այո, ես տեսնում եմ: Ես տեսնում եմ, որ մեր այն պատգամավորները, ովքեր Եվրոպայի խորհրդում են ներկայացված և հաճախակի են դուրս գնում, իրենց հայացքները, մտահորիզոնն ընդլայնվում է: Մարդը որքան քիչ է խրվում մեր այս գավառային իրականության մեջ, որքան ավելի շատ է դուրս գնալու հնարավորություն ունենում, այնքան շատ է փոխվում:

– Բայց Երևանում անճաշակ փոփոխություններ են արվում…

– Ես չեմ հասկանում` ինչո՞ւ են ամանորյա զարդարանքից բողոքում: Երևի անընդհատ դժգոհելը բնավորություն է դարձել մեզանում: Ինձ համար այնքան հաճելի է այս ամենը տեսնել: Երբ 1997 թվականին Փարիզի ամանորյա ձևավորումը տեսա, ինձ թվաց, որ ես հեքիաթի մեջ եմ հայտնվել: Չէի էլ կարող երազել, որ իմ երկրի մայրաքաղաքում էլ կլինեն նման ձևավորումներ: Կարող է` ինչ-որ մեկին պեգասը դուր չի եկել, մյուսին` թիթեռը, ինձ էլ դուր չի գալիս այն, որ դրանք միայն Երևանի կենտրոնում են տեղադրված: Ես հույս ունեմ, որ քաղաքի ծայրամասերում էլ կլինեն: Նախորդ տարիներին տեսել ենք, թե այդ փողերն այլ քաղաքապետերն ինչպես են ծախսել: Ինձ դուր է գալիս, որ այդ փողերը հիմա ծախսվում են կամարները զարդարելու, ծաղկապատման, կանաչապատման, ամանորյա զարդարանքի համար: Այնպես չէ, որ ես չգիտեմ աղբի մեջ քջջողներին, բայց ես հույս ունեմ, որ և՛ աղբահանության, և՛ ամանորյա տրամադրության խնդիրները զուգահեռ կընթանան:

– Ձեր կարծիքով՝ քաղաքականությունն ու բարոյականությունը համատեղելի՞ են մեզանում:

– Չգիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ:

– Իսկ որպես լրագրող` ելնելով տարիների փորձից:

– Փորձից ելնելով` կարող եմ ասել, որ քաղաքականությունն ու սկզբունքայնությունն են անհամատեղելի: Այս տարիների ընթացքում ես 180 աստիճանով տարբեր շրջադարձեր և հանուն քաղաքական նպատակահարմարության սեփական սկզբունքներից նահանջներ եմ տեսնում: Սա բարոյականության հետ կապ չունի, բայց սկզբունքներին դավաճանելն ինձ համար մեծ մեղք է:

Տեսանյութեր

Լրահոս