«Երևի շոու-բիզնեսը նաև քաղաքականության մեջ է թելադրող». Գնել Նալբանդյան
«Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր ձայնը հաճույքով կտա կին թեկնածուի, եթե նա լինի գեղեցիկ և խելացի. «Իհարկե, կարծում եմ` քանի դեռ մենք ունենք Ղարաբաղյան խնդիր` դժվար թե կին թեկնածուն հնարավորություն ունենա հաղթել»: 168.am-ը զրուցել է Գնել Նալբանդյանի հետ:
– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց և հայտարարեց, որ չի սատարելու որևէ թեկնածուի, չառաջադրվեց նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Դուք քաղաքական նման զարգացումներ սպասո՞ւմ էիք:
– Հիմա բոլորն ասում են, թե գիտեին, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն առաջադրվելու: Ես, իհարկե, չգիտեի: Խնդիրն այն է, որ քաղաքականություն կոչվածը տարեցտարի ավելի շատ է միմոսությանը նմանվում: Քաղաքականությունը, կարծես, շոու-բիզնեսի կանոնների մեջ տեղավորվող ինչ-որ գործընթաց է դառնում: Մի բան, որը չպետք է լիներ, բայց այդպես է ստացվում: Երևի շոու-բիզնեսը նաև քաղաքականության մեջ է թելադրող:
– Ի՞նչ եք կարծում` քաղաքականությունն ու բարոյականությունը համատեղելի՞ են:
– Իմ կարծիքով` քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, և քաղաքականությունը չպետք է քիթն այլ ասպարեզներ խցկի: Անբարոյականությունը սկսվում է այն պահին, եթե քաղաքականությամբ են սկսում զբաղվել մարմնավաճառները, մարդասպանները, գողականները, շուլերները: Անբարոյականությունը սկսում է նաև այն պահին, երբ քաղաքականությունն իր քիթը խցկում է լրատվության, արվեստի, տնտեսության, պատերազմի, կենցաղի մեջ: Ամեն ինչ իր տեղում բարոյական է և նորմալ, բայց երբ քո պարարտ հողից կտրվում ես ու հայտնվում ուրիշի բոստանում, ապա անբարոյականությունն անխուսափելի է դառնում:
– Այսօր մեզանում քաղաքականությունը միախառնված է և՛ արվեստին, և՛ լրատվությանը, և՛ մնացած այլ ասպարեզներին… այս ամեն ինչը բարոյակա՞ն է, թե՞ անբարոյական:
– Այս դեպքում ոչ թե քաղաքականությունն է անբարոյականություն, այլ այն միջավայրը կամ այն մարդիկ, ովքեր այդ միախառնումի հետևանքով շահ են ստանում: Այսինքն` քաղաքականությունը քիթը խցկում է լրատվության մեջ, որի արդյունքում մի քանի հոգի շահում են: Այ սա է անբարոյականությունը:
– Այս տարիների ընթացքում Ձեզ տարբեր կուսակցություններից իրենց շարքերում ընդգրկվելու առաջարկներ եղե՞լ են:
– Սովետական շրջանում ինձ համոզում էին, որ կոմունիստ դառնայի, ես հրաժարվեցի: Ինքս ինձ համար որոշել եմ՝ երբեք չլինել որևէ կուսակցության անդամ: Ես մի մարդու կուսակցության մեջ եմ` իմ կուսակցության մեջ միայն ես եմ:
– 2013 թվականից ի՞նչ սպասելիքներ ունեք, առջևում նախագահական ընտրություններն են:
– Ես շատ կուզենայի, որ 2013 թվականին մարդիկ մի քիչ ավելի բարեկիրթ և հանդուրժող լինեին:
– Իսկ նախագահական ընտրություններն ինչպե՞ս կանցնեն:
– Վերջին 22 տարում ես ում տվել եմ իմ ձայնը՝ նա չի անցել: Անցել են բոլոր նրանք, որոնց դեմ եմ քվեարկել: Կարծում եմ` այստեղ իմ մեղքի բաժինն էլ կա, որովհետև եթե ես հիմա էլ ինչ-որ մեկին դեմ քվեարկեմ, նա նախագահ կդառնա: Այդ պատճառով էլ` հիմա մտածում եմ` ո՞ւմ դեմ քվեարկեմ, որ նախագահ դառնա (ժպտում է.- Գ. Ա.):
– Ակտիվ քարոզարշավ կարծես թե չի սպասվում…
– Լրագրողների շրջանում բոլորը խոսում են այն մասին, որ ափսոս, այս անգամ ընտրապայքարն ակտիվ չի լինի, ձանձրալի կլինի, որովհետև ամեն ինչ արդեն պարզ է, իրար գլուխ չեն կոտրի, սկանդալներ չեն լինի: Մեզ` լրագրողներիս, պետք են տեսարաններ, սկանդալներ, անհետաքրքիր քարոզարշավը սովորաբար լսարան չի ունենում, լուսաբանումն էլ անհետաքրքիր է, ձանձրալի: Մենք ուզում ենք, որ այստեղ էլ շոու լինի, որ մենք հավեսով գործի լծվենք: Սա, իհարկե, նաև մոտենում է մասնագիտական ցինիզմին: