Մկոն իր երեխաներին արգելում է որոշ սերիալներ ու հաղորդումներ դիտել (լուսանկարներ)
2003 թվականին եթերում հայտնվեց «Կարգին հաղորդումը», որն իր ֆորմատով, ոճով, լեզվով, դերասանական խաղով, երաժշտական ձևավորմամբ նորույթ էր հայ հեռուստադիտողի համար:
168.am-ը հանդիպել և զրուցել է «Կարգին հաղորդման» Մկոյի (Մկրտիչ Արզումանյան) հետ:
– Մկո, երկար տարիներ է` եթերում եք: Այս տարիներին բազմաթիվ հաղորդումներ ստեղծվեցին, բայց Ձեր ծրագրերը միշտ իրենց ուրույն տեղն ունեցան: Գաղտնիքը ո՞րն է:
– Դա առաջին հերթին՝ կապված է մեր աշխատասիրության հետ: Բացի այդ` մեզ համար կարևոր է ինչ-որ նախագիծ սկսելուց առաջ այն լավ ուսումնասիրել, վերլուծել և համոզված լինել, որ մեր ուժերը բավարար կլինեն այն իրականացնելու համար: Պետք է կարողանաս որակը պահել, ընդ որում` ոչ թե նույն գծի վրա, այլ ամեն անգամ ավելի բարձրանալ, գլոբալ փոփոխություններ անել, որպեսզի հեռուստադիտողի համար նորություն լինի:
– Ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր լսարանը կազմում:
– «Կարգին հաղորդման» դեպքում լսարանը շատ մեծ էր: Մեզ դիտում էին շատ փոքր տարիքից սկսած՝ մինչև բավականին մեծ տարիքի մարդիկ: 2003 թվականին չկային նմանատիպ այլ նախագծեր, որոնք այդքան մեծ լսարան ունենային:
Անեկդոտից ուժեղ բան չես կարող մտածել. այն ունի իր սկիզբը, ընթացքը և ուժեղ ավարտը, պարզապես այն պետք է ճիշտ մատուցել` թե՛ նկարահանման առումով, թե՛ երաժշտական ակցենտներով, և այլն:
Սերիալի ֆորմատն էլ էր շատ հետաքրքիր: Մենք երկար ժամանակ ուսումնասիրում էինք ֆորմատի նրբությունները: Փորձը ցույց տվեց, որ այն ևս շատ հետաքրքիր նախագիծ է:
Բնականաբար, սիրում ենք այն ամենը, ինչ անում ենք, կարծես դառնում է մեր երեխան: Դու նրան պետք է անընդհատ պահես, մեծացնես, փայփայես, ճիշտ գծերի վրա դնես: «Աձիկի» կերպարն ինձ համար ամենասիրելի կերպարներից է: Նրան շատ բարդ է խաղալը, և ես դրանից հաճույք եմ ստանում:
– «Կարգին հաղորդումը» կարծես ավելի հեշտ մարսելի է, քան «Կարգին սերիալը»:
– Հեշտ մարսելի է այն առումով, որ եթե անեկդոտի սկիզբը չտեսնես, կեսից նայես, ապա կհասկանաս՝ խոսքն ինչի մասին է: Սերիալի կառուցվածքն այնպիսին է, որ հնարավոր է՝ սկզբում ինչ-որ գործողություն կատարվի, որը սերիալի վերջում է «աշխատելու», և դու այն չտեսնելով` չհասկանաս, թե ինչի՞ մասին է խոսքը:
– «Կարգին հաղորդման» նկարահանումները ե՞րբ կվերսկսվեն:
– Ճիշտն ասած` մոտ ապագայում ցանկանում ենք մշակումները սկսել: Երկար տարիներ եթեր հեռարձակելուց հետո` պետք է նոր շնչով եթեր մտնենք: Պետք է շատ ուժեղ պատրաստվենք: Չեմ կարող ասել, թե երբ կլինի, բայց եթե ամեն ինչ լավ լինի, ապա մյուս տարվա աշնանը եթեր կմտնի: Իսկ եթե հեռուստաեթեր շուտ մուտք գործելը որակի վրա ազդի, ապա կմտնենք այն ժամանակ, երբ որակապես լավ պատրաստ կլինենք:
– 2003 թվականից «Կարգին հաղորդումը» եթերում է, թեմայի փոփոխություններ են եղել, բայց մինչ օրս էլ շարունակում են արդիական լինել:
– Բնականաբար, այս տարիների ընթացքում և՛ թեմաներն են փոխվել, և՛ հումորի որակը, և՛ ոճը: Ամեն ժամանակ իր պահանջներն ունի: Մենք փորձել ենք այնպիսի հումորներ պատրաստել, որոնք բոլորին հասանելի կլինեն և երկար տարիների կյանք կունենան:
– Դուք նաև քաղաքական հումորներ էիք անում, բայց շատ կոլորիտային էիք ներկայացնում, որը դիտելիս քաղաքական գործիչը կարող էր և՛ գլխի ընկնել, որ խոսքն իր մասին է, և՛ հնարավոր է` գլխի չընկներ: Երբևէ ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ եք քաղաքական հումորի պատճառով:
– Շատ լավ հարց եք տալիս: Երբևիցե ոչ մի խնդիր չենք ունեցել, որովհետև մենք ամեն ինչ արել ենք չափի մեջ և կոռեկտ: Կարծում եմ` մի անձի վերաբերյալ հումոր անելու դեպքում այնքան համով պետք է մատուցես այն, որ նույն մարդը տանը նստած ծիծաղի, ոչ թե լարվի, նեղանա և ուզենա քեզ վնաս տալ: Եթե արվեստի մեջ ես, ապա պետք է բարձրաձայնես այն խնդիրների մասին, որոնք տեսնում ես: Պետք չէ բերանը փակել և սպասել, թե ի՞նչ կկատարվի շուրջը: Ցանկացած նորմալ երկրում այսպես է` արվեստի մարդն ազատ մարդ է, ինքը պետք է արտահայտվի:
– Նկարահանման ընթացքում իմպրովիզացիաների հնարավորություն ունենո՞ւմ եք, թե՞ հետևում եք սցենարին:
– Նկարահանման հրապարակում են շատ բաներ ծնվում: «Կարգին հաղորդման» դեպքում, ժամանակի սղության պատճառով, մենք հաճախ գրիմի ժամանակ էինք դիալոգները կառուցում: Նույն դպրոցն անցան նաև մեզ հետ աշխատող մյուս դերասանները` Արմինե Պողոսյանը, Աշոտ Մելոյանը, Հասմիկ Ղարիբյանը, և այլք:
– Հայկական հումորային այլ հաղորդումներին հետևո՞ւմ եք: Որակապես ինչպիսի՞ն են:
– Չես կարող չհետևել, թե շուրջդ ի՞նչ է կատարվում: Կապ չունի՝ լա՞վն է, թե՞ վատը, պետք է անպայման դիտես, որ թեմայի մեջ լինես: Եթե վատն ես տեսնում, ուրեմն հետո պետք է նայես, և տեսնես` այն շտկո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե մի քանի հաղորդում հետո տեսնում ես, որ ոչ մի սխալ բան չի շտկվում, ապա սկսում ես ժամանակդ ափսոսալ:
Այսօրվա հումորային հաղորդումների վրա տարբեր թիմեր են աշխատում, ամեն մեկն ունի իր լսարանը: Բնականաբար, ոչ բոլորն են իմ տեսանկյունից լավ հումորներ անում: Բոլորին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, թե ո՞վ, ինչպե՞ս, ինչի՞ համար է աշխատում: Կուզենայի ոչ թե քանակի, այլ որակի ավելացում տեսնել: Արտասահմանում, օրինակ, սերիալը շաբաթական մեկ անգամ է եթեր հեռարձակվում: Հումորային մեկ սերիան տևում է ընդամենը 20-25 րոպե: Հեռուստաընկերության ողջ ուժերը լարված են այդ 25 րոպեն ապահովելու վրա: Մենք անմարդկային ուժերով սերիալը երկու անգամ եթեր հեռարձակեցինք, չնայած մեկ անգամ պետք է եթերում լիներ: Մեկանգամյա հեռարձակման դեպքում որակն էլ ավելի կլավանա, նկարահանման համար ավելի երկար և մանրակրկիտ աշխատանք կտարվի և սցենարիստներն էլ բավարար ժամանակ կունենան ավելի լավ սցենարներ գրելու համար:
– Ձեր ընտանիքի անդամները դիտո՞ւմ են Ձեր հաղորդումները:
– Բնականաբար, դիտում են ու ամենամեծ քննադատները նրանք են: Ինչ մտածում են` ասում են, ոչ մի բան չեն թաքցնում: Ամեն եթերից հետո զանգահարում են ու ասում` այս մասը լավ էր, այս մասը` ոչ, և այլն: Ինչ ասում են` տեղին են ասում:
– Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները դերասան դառնան:
– Նրանք պետք է որոշեն, մենք էլ հնարավոր ամեն ինչ անենք, որ իրենց երազանքներն իրականանան:
– Նրանց նկատմամբ խի՞ստ եք:
– Երբ պետք է լինում, բնականաբար, խիստ եմ: Եթե երեխան չարություն է անում, պետք է ասես, որ այն երեխայի մոտ, այսպես ասած, «մազոլ» չդառնա:
Այսօր երեխաներն, ի տարբերություն մեզ, ինֆորմացիայի շատ մեծ ծավալ են ստանում: Սա պետք է հաշվի առնենք և երեխաներին այնպես դաստիարակենք, որ կյանքի ընդհանուր ռիթմից հետ չմնան, բայց միևնույն ժամանակ՝ սահմանը չանցնեն, որովհետև այնտեղից այլևս չեն կարող հետ գալ:
– Արգելո՞ւմ եք որոշ հաղորդումներ դիտել:
– Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սերիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ` ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխայի գողանում: Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում: Այդ դեպքերը, գործողությունները երեխաների մեջ տպավորվում են:
Մի սերիալում կրկնում են նույն գործողությունները, որոնք կատարվել են մեկ այլ սերիալում, որ հանկարծ նրանց «ռեյտինգը» չընկնի: Եթերում անառողջ պայքար է գնում, ընդ որում` ոչ թե որակի, դերասանական ճիշտ խաղի, խոսքի, այլ արյան, դաժանության, լացուկոծի հաշվին: Ես իմ երեխաներին փորձում եմ արգելել նմանատիպ սերիալներ ու հաղորդումներ դիտել: Շատ հաճելի, պայծառ հաղորդումներ կան, երեխան առողջ հաղորդումներ պետք է դիտի: