Ո՞ւմ գրպանին խփեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ապա նաև՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը 2013թ. նախագահական ընտրություններում արդեն մանրամասն քննարկվել է և դեռ կշարունակի քննարկվել։
Այս պահի դրությամբ՝ արդեն առաջադրվել են 10 թեկնածուներ, որոնց թվում կան մարդիկ, ում ճանաչում են միայն իրենց բարեկամներն ու ընկերները։ Այսինքն` սա այն դեպքերից է, երբ թեկնածուների քանակն ամենևին չի խոսում թեժ մրցակցության մասին, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու շանսերն աննախադեպ բարձր են։ Իշխանական թեկնածուի համար նախընտրական այսպիսի իդեալական պայմաններ չեն եղել Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում։
Թե ներքաղաքական-հասարակական կյանքում ի՞նչ հետևանքներ կունենա գործող նախագահի երկու հիմնական հակառակորդների՝ պայքարից հրաժարվելը (որի համար գեղեցիկ բառ շրջանառության մեջ դրվեց՝ «բոյկոտ»), ցույց կտա ժամանակը։ Սակայն տնտեսական առումով՝ արդեն պարզ է, թե ում համար է այս ամենը խիստ անցանկալի։
Մրցակցության և ինտրիգի բացակայությունը խիստ վնասում է, առաջին հերթին, PR մասնագետներին կամ իրենց այդպես ներկայացնողներին: Նրանց ծառայությունների կարիքն այլևս չի զգացվելու։ Կամ զգացվելու է շատ քիչ՝ ընդամենը մրցակցային «ֆոն» ապահովելու համար։ «PR-շչիկների» կարիք, թերևս, ավելի կզգան այն թեկնածուները, որոնք ոչ թե նախագահ դառնալու նպատակ ունեն, այլ՝ փոքր-ինչ ճանաչում ձեռք բերելու։ Թեև հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորությունները՝ հայրենի PR մասնագետների համար այս մարդիկ լուրջ հաճախորդ չեն հանդիսանա։
Վերը նշված գործիչների չառաջադրումը, սակայն, ավելի մեծ հարված է հասցրել հայրենի սոցիոլոգների համար։ Այլևս կարիք չկա նրանց գումարներ վճարել և իշխանական թեկնածուների «լրջագույն առավելությունն» ապացուցող հարցումներ պատվիրել։ Իմաստ չկա։ Բոլորի համար արդեն ամեն ինչ պարզ է։ Խեղճերը ստիպված մնացել են անցյալ պայմանական ժամանակի հույսին՝ ում կգնային ձայները, եթե այսինչն առաջադրվեր, և այլն, և այդպես շարունակ։ Ու, չնայած սրան, մեր սոցիոլոգներն առայժմ չեն հանձնվում և նախատոնական աժիոտաժի մեջ ժամանակ են գտնում ասուլիսներ տալ ու արդյունքներ հրապարակել։ Օրինակ՝ Ահարոն Ադիբեկյանն այսօր հայտարարել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կստանա ձայների 72%-ը։ Սակայն որքան մեծ է Ս. Սարգսյանի ընտրվելու հավանականությունը, այնքան փոքրանում է հետաքրքրությունը սոցիոլոգների և նրանց հարցումների նկատմամբ։
Սակայն ֆինանսապես տուժածների ամենամեծ բանակն այն մարդիկ են, որոնք սերտորեն կապված են ընտրակաշառքների հետ՝ բուն ընտրակաշառք ստացողներն ու, այսպես ասած, «փողի կուրատորներն» (այն մարդիկ, ովքեր կազմակերպում են կաշառման գործընթացը)։ Նրանց փող տվող չի լինելու։ Համենայնդեպս, գործող նախագահի թիմն ընտրակաշառք բաժանելու կարիք չունի։ Հակառակորդներն էլ ավելորդ փող չունեն՝ ջուրը գցելու համար։
Վերջում ավելացնենք, որ վերը նշված երեք խմբերի կորուստներից որոշակիորեն շահում է հասարակությունը։ Քանի որ այն փողը, որը պետք է ծախսվեր «PR-շչիկների», սոցհարցումների և ընտրակաշառքի վրա, հետո տասնապատիկ ավելի թալանվելու էր անխտիր բոլոր քաղաքացիներից։