Արտակ Զեյնալյան. «Ա1+»-ի նպատակը իրավունքի խախտման փաստի հաստատումն է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանն արդեն ներկայացրել են հիմնական գանգատը «Ա1+»-ն ընդդեմ ՀՀ-ի գործով: Ավելի վաղ հեռուստաընկերության ներկայացուցիչները ներկայացրել էին Հայաստանի Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի գործողությունների ու որոշումների իրավաչափությունը վիճարկող նախնական գանգատը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արտակ Զեյնալյանը, գանգատում բարձրացվել է խոսքի ազատության իրավունքը երաշխավորող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման հարցը: Մասնավորապես, հեռուստաընկերությունը վիճարկում է 2010 թ դեկտեմբերի 16-ի հեռուստառադիոհեռարձակման հաճախություններ տրամադրելու համար անցկացված մրցույթի օրինականությունն ու արդարությունը՝ այդ մրցույթում, որում հեռուստաընկերության մրցակիցն էր «Armnews» հեռուստաընկերությունը, հերթական անգամ մերժվեց «Ա1+»-ի դիմումը:
«Ա1+»-ի ներկայացուցիչները բարձրացնում են նաև հանձնաժողովային կարգով հաղթողին որոշելու իրավաչափության հարցը՝ կիրառվող չափանիշներն, ըստ կողմի, հանգեցնում են հեռուստաընկերությունների, լրատվական դաշտի կոմերցիալիզացիայի և չեն ապահովում բազմակարծությունը: Ա.Զեյնալյանն ընդգծեց, որ այս կոնցեպցիան առկա է նաև միջազգային փաստաթղթերում: Մասնավորապես, 2010թ. ընդունված իր թ. 1837 բանաձևում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գտել է, որ իսկական բազմակարծիք մեդիամիջավայրի առկայությունը էական պայման է ժողովրդավարական զարգացումների համար: ԵԽԽՎ-ի գնահատմամբ, հեռուստակապուղիների լիցենզավորման հիշյալ մրցույթը չի հանգեցրել ավելի բազմակարծիք միջավայրի ձևավորմանը և մրցույթի արդյունքներն այդ առումով չեն համապատասխանում Վեհաժողովի պահանջներին: ԵԽԽՎ-ն նաև իշխանություններին կոչ է արել կատարել փոփոխություններ, ներմուծել իրավական պարտավորություն, ըստ որի լիցենզավորման վերաբերյալ որոշումները կընդունվեն՝ ապահովելով մեդիամիջավայրում բազմակարծության և բազմազանության բարձրացումը:
Ա.Զեյնալյանն ընդգծեց, որ ՄԻԵԴ-ում գործը շահելու նպատակը ամենևին էլ փոխհատուցում ստանալը չէ, այլ խոսքի ազատության իրավունքի խախտման փաստի հաստատումն է, «որպեսզի մենք հնարավորություն ունենանք վերաբացելու այն դատական գործերը, որոնցով սպառել ենք դատական պաշտպանության միջոցները Հայաստանում, նպատակը գործի վերաբացումն է և ի վերջո ՀՌԱՀ-ի վերոհիշյալ որոշման անվավեր ճանաչումն է»:
«Ա1+»-ը դիմել էր նաև ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենքը, որը կիրառել էր Վճռաբեկ դատարանը ՍԴ որոշման հիման վրա դատական գործը վերաբացելու պահանջի վերաբերյալ: ՍԴ-ն արձանագրել էր, որ արդեն իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ արտահայտել է և որ «իրավակիրառական պրակտիկան զարգանում է հակառակ ուղղությամբ»:
«Ա1+»-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը չի կատարում ՍԴ որոշումները, մասնավորապես, ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը: «Չի կատարվել ՄԻԵԴ վճիռը, որով ճանաչվեց «Մելտեքս» ՍՊԸ-ի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության իրավունքի խախտումը, դատական գործը չի վերաբացվել, չեն կատարվել ՍԴ որոշումները, որոնք վերաբերում էին ՄԻԵԴ վճռի կատարմանը: Պետությունը թեև հասել է այն բանին, որ ԵԽ նախարարների կոմիտեի «վերահսկողության ցուցակից» հանել են որպես կատարված գործ, բայց մենք ունենք ՍԴ որոշում, որը կատարված չէ»,- ասաց Արտակ Զեյնալյանը: