Բուդից բուդ՝ կյանք

Հերթական տարին ավարտվում է, բոլորս վազվզում ենք` փորձելով ամեն ինչ հասցնել։ Բնականաբար, ոչինչ էլ չենք հասցնում։ Երազում ենք՝ շաբաթվա մեջ լինի գոնե ինը օր, օրվա մեջ էլ՝ մի քառասուն ժամ։ Այդ դեպքում, միգուցե, ամեն ինչ կհասցնենք, հետն էլ՝ մի քանի ժամ կհանգստանանք։ Բայց դե, որտեղի՞ց մեզ այդքան բախտ, ոչ ոք չի ուզում մեզ ընդառաջել, օրերը երկարացնել…

Ստիպված վազվզում ենք։ Տարեցտարի ավելի արագ ենք վազվզում, քանի որ ամեն Նոր տարվա հետ մեզ մոտ սրվում է այն զգացողությունը, որ ժամանակը զսպանակի պես սեղմվում է։ Թվում է, թե դա շատ սուբյեկտիվ զգացում է, սակայն իրականությունն այն է, որ իսկապես ժամանակը սկսել է արագանալ։ Այ, մեր պապերը… Պապերը՝ և բառիս բուն իմաստով, և՝ ավելի լայն իմաստով։ Իրենց կյանքի ընթացքում մարդկանց հագուկապը հազիվ էր հասցնում թեթև փոփոխության ենթարկվել։ Ավանդույթները գալիս էին նախանախապապերից և գնում՝ դեպի թոռներն ու ծոռները։ Այդպես էին մտածում մեր պապերը։

Սակայն թոռները հայտնվեցին մի դարաշրջանում, որում, եթե մի բան կես տարի չի փոխվում, ապա համարում են, որ արդեն «էն չի»։ Առաջ ինչպե՞ս էր. հարսը հետը օժիտ էր բերում, օրինակ, չորս հատ աթոռ։ Հետո աթոռները ժառանգաբար անցնում էին թոռներին, ծոռներին… Հիմա ինչպե՞ս  է՝ առնում ենք աթոռ։ Կամ՝ դա մի երկու տարի գործածելուց հետո կոտրվում է, քանի որ և աթոռ սարքողը գիտի, և գնողը, որ ընդամենը մի քանի տարի պետք է այն նորմալ վիճակում լինի։ Կամ էլ, անսպասելիորեն չի կոտրվում, բայց, ինչպես ընդունված է այսօր ասել՝  բարոյապես մաշվում է։ Այսինքն, մեր ծանոթների ու բարեկամների մոտ արդեն հայտնվում են շատ ավելի նոր, շատ ավելի ոճային, թարմ դիզայնով աթոռներ, և մենք նույնիսկ ամաչում ենք տուն հյուր հրավիրել, որ հանկարծ չտեսնեն, թե ինչ խայտառակ հնացած կահույք է մեր տանը։ Դե, որ խայտառակ չլինենք, ստիպված գնում ենք նոր, ոճային աթոռներ։ Հետո դարդոտված սպասում ենք, թե ե՞րբ են սրանք էլ հնանալու, որ ստիպված լինենք էլի թարմացնել բնակարանը։

Աթոռը՝ մի կողմ, իմ գրածը դեռ շատ դեպքերում մեծ չափազանցություն է։ Բայց, որպես օրինակ, վերցնենք բջջային հեռախոսները։ Հայտնի բան է՝ բջջային հեռախոսը զանգելու համար է։ Իհարկե, կան նաև սմարթֆոններ (կամ, ինչպես հիմա ասում ենք արդեն թարգմանաբար՝ խելախոսներ), որոնք թույլ են տալիս էլեկտրոնային նամակները ստուգել, «ֆեյսբուքներ» կամ «օդնոկլասսնիկ» մտնել և, ինչը ամենակարևորն է՝ խաղեր խաղալ, և, իհարկե, Օպերայի մոտի կանաչապատ դաշնամուրի մոտ լուսանկարվել ու նկարները տեղադրել նույն այդ  «օդնոկլասսնիկում»։ Շատ քիչ մարդ կա, ով օգտագործում է իր խելախոսի հնարավորությունների գոնե 50 տոկոսը։

Կարդացեք նաև

Հեռախոսների հանդեպ մենք թուլություն ունենք։ Շատերը, օրինակ, գնում են ամենավերջին «այֆոնը», բայց օգտվում են դրա հնարավորությունների 4-5 տոկոսից միայն։ Հիմնական ֆունկցիան, որը կատարաում է այդ «այֆոնը»՝ դրվում է սրճարանում, սեղանի ամենաերևացող մասում, որպեսզի բոլոր անկյուններից ամեն մի հաճախորդ և մատուցող լավ տեսնի, որ դա ամենավերջին «այֆոնն» է, և վերջ։ Անցնում է մի քանի ամիս և… ախ, ինչ դաժան է կյանքը, դուրս է գալիս նոր «այֆոնը»։ Այս անգամ դա մի քանի սանտիմետրով երկար է, ավելի լավ է երևում սրճարանի սեղանի վրա։ Եվ փողոցում էլ, երբ քեզ զանգում են, վերցնում ես խելախոսդ, մոտեցնում ականջիդ, և բոլորը 50 մետր շառավղով տեսնում են, որ քո ձեռքին «այֆոն» է։

Այն էլ՝ ամենավերջին «այֆոնը»։ Մարդիկ չգիտեն, որ իրականում, եթե դրանից օգտվել չգիտեն, ապա  նույն հաջողությամբ կարող էին գնել մի հիսուն անգամ ավելի էժան հեռախոս և լիովին բավարարվել։ Բայց բանը նրանում է, որ մենք այսօր նմանատիպ հարցերում փորձում ենք առաջնորդվել ոչ թե տրամաբանությամբ, այլ հասցնել աշխարհում կատարվող փոփոխությունների ետևից։ Նման տրամաբանությամբ՝ եթե թողարկվում է նոր «այֆոնը», ապա հին «այֆոնը», որը նորմալ աշխատում էր, անմիջապես հնանում է, դառնում պատմություն, որը պետք է հաղթահարել և գնալ առաջ։

Սա միայն «այֆոնացավով» տառապող քաղաքացիների հարցը չէ։ Գրեթե ամեն հարցում մենք գերադասում ենք դեն նետել հինը, նույնիսկ այն դեպքում, եթե այն մեզ անխափան ծառայում է՝ հեռուստացույցը, ավտոմեքենան, կահույքը, հագուստը, և այլն, և այլն։ Եվ այդպես ենք վարվում և այն ժամանակ, երբ կա դրա հնարավորությունը, և նույնիսկ այն ժամանակ, երբ չունենք դրա ֆինանսական հնարավորությունը։ Անում ենք, որովհետև աշխարհը գնալով ավելի արագ է փոփոխվում, իսկ մենք պարտավոր ենք փոխվել աշխարհին համընթաց։ Ուրեմն՝ վազենք, վազենք։

Երբ աշխարհն անընդհատ փոփոխվում է՝ մտածում  ես, որ պետք է հետ չընկնես, որ պետք է աշխարհի հետևից վազես: Եվ արդյունքում լինում է հենց այն, ինչը լինում է՝ ժամանակը սկսում է սեղմվել, մենք սկսում ենք ամեն ինչ ուշացնել, ժամանակ չենք ունենում մի պահ նստելու, հասկանալու, թե ամանորյա խոզի մի բուդից դեպի նոր խոզի բուդը վազքի մեջտեղում ի՞նչ է կատարվում։ Իրականում, սակայն,  այդ խոզի բդերի միջև ընկած ժամանակահատվածը, որը չենք էլ հասցնում նկատել, հենց դա է մեր կյանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս