Տեր-Պետրոսյանը «մնում է քաղաքականության մեջ»

Արձագանքելով առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե այդ որոշումը «քաղաքականությունից դուրս գալ չի նշանակում»:

«Նման բան գոյություն չունի. սա ընդամենը որոշում է չառաջադրվելու մասին: Բայց ինքը մնում է քաղաքականության մեջ, այս հինգ տարվա պայքարը շարունակվում է, շարժումը շարունակելու է անել իր գործը և Տեր-Պետրոսյանն էլ հետը: Շատերը կուզեին դա ներկայացնել որպես իր քաղաքական գործունեության ավարտ կամ հեռանալ: Դա այդպես չէ»,- ասել է նա:

Հարցին, թե իսկ ինչպե՞ս է մնալու, ինչպե՞ս է Կոնգրեսը շարունակելու իր գործունեությունը, Կոնգրեսի համակարգողը պատասխանել է. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխագուշակում անել, առավել ևս, որ նման հարցեր դեռ չեն քննարկվել, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ պահից, այո, կվերսկսվեն հանրահավաքներ, մենք լրջագույն խնդիրներ ենք դնելու: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Հայաստանը, այնուամենայնիվ, շատ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»:

Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու գլխավոր փաստարկն այն էր, որ «68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը», հետևաբար, ՀՀ առաջին նախագահը ընդգծել էր իրենից ավելի երիտասարդների «ասպարեզ իջնելու անհրաժեշտությունը»: Ասվածը Լևոն Զուրաբյանը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել` խորհուրդ տալով «ուշադիր կարդալ հարցազրույցը»:

«Այնտեղ հստակ բացատրվում է նաև, որ դա միակ պատճառը չէ»,- ասել է նա:

Հարցին, թե չի բացահայտվելո՞ւ Տեր-Պետրոսյանի մատնանշած հաջորդ «զուտ տեխնիկական պատճառը», Կոնգրեսի համակարգողը պատասխանել է. «Ինձ թվում է, դա բավականին թափանցիկ ակնարկ է, որը կամ պետք է հասկանալ, կամ հաշտվել չհասկանալու հետ»:

Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումից հետո ընդդիմադիր Կոնգրեսի պառակտման վտանգ Լևոն Զուրաբյանը չի տեսնում, չի կանխատեսում նաև զանգվածային հիասթափություններ:

«Կարող է լինել որոշակի արտահոսք, բայց պառակտում ես բացառում եմ: Որովհետև ի վերջո 2007 թվականից հետո քաղաքականություն Տեր-Պետրոսյանի մուտքով ձևավորվել է այս հզոր շարժումը, և Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ անգամ այս որոշումից հետո շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ: Եվ ամենակարևորը` շարժման ներսում կա շատ հստակ, առողջ, կուռ թիմ, որը միավորում է շարժման պոտենցիալի, երևի 90 տոկոսը: Դա այն մարդիկ են, որոնք գիտեն, որ գոյություն ունի ներքաղաքական պայքարի մի թիրախ` դա այն ռեժիմն է, որի դեմ մենք պայքարում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ամենամեծ նվերը, որ կարելի է մատուցել իշխանություններին, դա այն է, որ ընդդիմադիրների միջև սկսվեն փոխադարձ մեղադրանքներ կամ քննադատություն: Նման բան այդ առողջ կորիզը երբեք թույլ չի տա»,- ասել է նա:

Կոնգրեսի համակարգողը նաև «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, որևէ որոշում չկա, բայց «քննարկումները չեն կարող երկար ձգձգվել»:

«Հրանտ Բագրատյանը նախօրեին ասաց, որ «վատ չէր լինի», եթե Կոնգրեսն իրեն սատարեր», դիտարկմանը Զուրաբյանը հակադարձել է. «Այդ հայտարարությունը կարելի է ընդունել ի գիտություն, բայց որոշողը Կոնգրեսն է»:

Նա ձեռնպահ է մնացել առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու` Հրանտ Բագրատյանի որոշման վերաբերյալ որևէ մեկնաբանությունից:

«Կարծում եմ` իմ վերաբերմունքն այստեղ որևէ նշանակություն չունի: Կարևորը Կոնգրեսի անդամ կուսակցություններից բաղկացած քաղխորհրդի որոշումն է»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս