Դատախազը նվերներ է ստանում, իսկ պատգամավորները` շահաբաժին
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, ի համեմատ մարզի դատախազի և Գեղարքունիքից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների, աչքի է ընկնում բավականին համեստ ունեցվածքով:
Ըստ «Փաստինֆոյի»՝ 2011թ. Ա.Պետրոսյանը հայտարարագրել է միայն մեկ միավոր շարժական գույք: Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 28 մլն դրամ, տարեվերջին` 30 մլն դրամ: Եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից` 5 մլն 973 հազար 147 դրամ:
Դատարանի նախագահի տիկինը ներկայացրել է 0-ական հայտարարագիր:
Դատելով 2011թ. համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, մարզի դատախազ Վահրամ Մարգարյանն ունի 12 միավոր անշարժ գույք, նաև` շարժական գույք:
Գեղարքունիքի մարզի դատախազի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 17 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 12,5 մլն դրամ և 17 հազար ԱՄՆ դոլար: Սակայն բավականին հետաքրքիր է հայտարարագրի «Եկամուտներ» բաժնում նրա կողմից ներկայացվածը: 2011թ.-ին այս պաշտոնյայի եկամուտները կազմել են 18 մլն 292 հազար 708 դրամ, 300 ԱՄՆ դոլար և սեփական գյուղատնտեսական բնամթերքով` 1,5 մլն դրամ: Այդ գումարից միայն 5 մլն 497 հազար 706 դրամն է աշխատավարձ, 9 մլն դրամը օգնություն է, մնացածը` նվերներ, այդ թվում` ծննդյան:
Դատախազի տիկինը ևս հայտարարագրել է զգալի չափով անշարժ գույք` 11 միավոր, նաև մեկ շարժական գույք: Դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին եղել են անփոփոխ` 30 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո:
Եկամուտները կազմել են 4 մլն 740 հազար դրամ և 1 հազար ԱՄՆ դոլար, որից 2 մլն 340 հազար դրամը` տարածքի վարձավճարից, մնացածը` ծննդյան նվերներ:
Գեղարքունիքի մարզի տարածքից ընտրված Ազգային ժողովի երեք պատգամավորներից երկուսը` ՀՀԿ անդամներ Մանվել Բադեյանը (թ.22) և Հակոբ Հակոբյանը (թ.24), զգալի ունեցվածքի, այդ թվում խոշոր բաժնեմասերի տերեր են:
Այսպես` Մանվել Բադեյանը հայտարարագրել է 3 տնամերձ հողամաս, առանձանտուն` տնամերձով: Նաև` 56 մլն 457 հազար դրամի բաժնետոմս, որը 2011թ.-ին օտարվել է: Սակայն, նրա հետ որպես փոխկապակցված անձ, հայտարարագիր ներկայացրած չափահաս դուստրերից մեկը հայտարարագրել է 2011թ.-ի ընթացքում ձեռքբերված նույնչափ` 56 մլն 457 հազար դրամի, բաժնետոմս:
Մ.Բադեյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 800 մլն դրամ, տարեվերջին` 408 մլն դրամ, 812 հազար ԱՄՆ դոլար և 40 հազար եվրո: Եկամուտները` 34 մլն 455 հազար 310 դրամ, որից 3 մլն 135 հազար 310 դրամը` աշխատավարձ, մնացածը` շահաբաժին:
Նրա դստեր տարեկան եկամուտը գոյացել է 1 մլն 166 հազար դրամի աշխատավարձից: Դրամական միջոցները` 230 հազար ԱՄՆ դոլար:
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք: Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 35 մլն 567 հազար դրամ և 162 հազար 188 ԱՄՆ դոլար: Եկամուտները` 114 մլն 682 հազար 731 դրամ, որից 3 մլն 124 հազար 290 դրամը` աշխատավարձ, մնացածը` շահաբաժին:
Պատգամավորի տիկինը հայտարարագրել է միայն աշխատավարձից գոյացած եկամուտներ` 508 հազար 800 դրամ:
Թիվ 23 ընտրատարածքից ընտրված «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Կարեն Բոթոյանի հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջում տեղադրված չէ: Դատելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Pastinfo.am»-ին տրամադրված` 01.03.2011թ.-01.03.2012թ.-ի ժամանակահատվածի համար հայտարարագրած գույքից և եկամուտներից, այս նորընտիր պատգամավորը չունի անշարժ և շարժական գույք: Նա, սակայն, հայտարարագրել է թանկարժեք գույք` 18 մլն 100 հազար դրամ արժողությամբ կահույք:
Կ.Բոթոյանի եկամուտները կազմել են 37 մլն 993 հազար 400 դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, 993 հազար 400 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացածը` նվիրատվությունից: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են նվիրատվության գումարի չափով` 10 հազար ԱՄՆ դոլար և 37 մլն դրամ: