Փրկել Սերժ Սարգսյանին` նրան սատարողներից

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ ռամկավարները կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստ են արել ու որոշում են կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին սատարել Սերժ Սարգսյանին: Ահա և վե՛րջ. տևական ներկուսակցական պայքարի արդյունքը, ավելի ճիշտ, հանգուցալուծման նպատակը սա էր:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին 2008թ. չեն սատարել ո՛չ ՀՌԱԿ-ը (Հարություն Առաքելյան), ո՛չ էլ հետագայում նրա կազմի մեջ մտած կուսակցություններից որևէ մեկը՝ «Դաշինք» (Սամվել Բաբայան), «Ազգային վերածնունդ» (Ալբերտ Բազեյան), ՀԱԱԿ (Էդվարդ Անտինյան): Ռամկավարներին իշխանական «գծի մեջ» դնելու բարդ ու «պատասխանատու» գործը ստանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սկզբում ՀՌԱԿ-ին հրաժեշտ տվեցին Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանը, այնուհետև՝ Հարություն Առաքելյանը, իսկ վերջում՝ Էդվարդ Անտինյանը: Փաստորեն, ստացվեց այնպես, որ երկու ռամկավարական կուսակցությունների միավորում ասելով՝  հասկացվում է ընդամենը մայր կուսակցությունից՝ ՀՌԱԿ-ից, տարբեր ժամանակներ պոկված երկու բեկորների միացում՝ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

Եվ քաջ իմանալով վերջինիս ու վարչապետի մտերիմ հարաբերությունները` ակնհայտ էր, որ այս ամենի նպատակն ընդամենը Սերժ Սարգսյանի համար գոնե մեկ ավանդական կուսակցության սատարում ապահովելն էր: Բայց այս ամենն ինչ-որ նպատակ կունենար, եթե Ս. Սարգսյանն ունենար ուժեղ մրցակից, այդ պարագայում ցանկացածի աջակցությունն արժեք կունենար, քանի որ պայքարը թեժ էր լինելու: Բայց գործող նախագահն ընտրությունների ճակատագիրը որոշեց ընտրությունները դեռ չսկսած, քանի որ հիմնական հավանական մրցակիցներին հերթով շարքից հանեց:

Վարդան Օսկանյանին՝ փողերի լվացման մեղադրանքով, Գագիկ Ծառուկյանին՝ հավանաբար, ավելի ծանրակշիռ մեղադրանքով, և վերջապես` նաև Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա միայն մի դեպքում կառաջադրվեր՝ եթե «Բարգավաճ Հայաստանն» իրեն սատարեր:

Կարդացեք նաև

Իսկ ցանկացած այլ թեկնածու անգամ լուրջ դիմադրություն չի կարող ցուցաբերել Սերժ Սարգսյանին, էլ ուր մնաց հաղթելու մասին խոսելը: Դե, եթե ընտրությունների ելքը կանխորոշված է` էլ ի՞նչ իմաստ ունի, որ Սերժ Սարգսյանը կախվածության մեջ հայտնվի տարբեր ուժերից` անգամ իր թիմից, եթե կարող է հաղթել՝ առանց նրանց աջակցության: Իսկ հաղթել այդկերպ, կնշանակի՝ ազատված լինել կրիմինալակլանային թիմի հանդեպ պարտավորվածությունից ու քաղաքական բալաստից: Բայց, ինչպես տեսնում ենք, բալաստը չի ցանկանում Սերժ Սարգսյանից պոկվել և անցել է «բռնասատարման» գործին: Որովհետև հազիվ թե որևէ մեկը կարծի, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ ռամկավարներն իրեն սատարեն:

Ակնհայտ է, որ այս պահին դա հենց ՌԱԿ-ի նախաձեռնությունն է: Մինչդեռ իրեն հարգող կուսակցությունը գոնե կսպասեր, որ բոլորն առաջադրվեին, ավելին՝ գրանցվեին, որպեսզի որոշում կայացներ, թե ում է սատարում: Իսկ պատվախնդիր կուսակցությունը նախապայման կդներ թեկնածուների առջև, և ով կհամաձայներ ամբողջությամբ կամ, ծայրահեղ դեպքում, գոնե հիմնարար դրույթների մակարդակով՝ ընդունել իր ծրագրային առաջնահերթությունները, նա էլ կարժանանար սատարման: Բայց մի՞թե որևէ մեկը կարծում է, որ Ռամկավարները կարող էին Սերժ Սարգսյանի հետ նախապայմաններով խոսել, երբ ավանդական կուսակցություններից բոլոր առումներով ամենահզորին՝ ՀՅԴ-ին, դա չհաջողվեց: Եվ ոչ միայն այս անգամ, այլև՝ երբ նրանք էլ էին կոալիցիայի անդամ, իսկ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մասին մամուլից իմացան:

Ցավալի է, որ ավելի քան հարյուրքսանամյա աշխարհասփյուռ ավանդական կուսակցությունն իր ողջ ռեսուրսը՝ երկրի ներսի ու դրսի, ծառայեցնում է ընդամենն այժմեական շահի. սատարել գործող իշխանություններին և դրա դիմաց ընդամենը նրանց բարեհաճությունն ակնկալել: Քանի որ Սերժ Սարգսյանն այսօր կենաց-մահու կռիվ չի տալիս, որ իրեն սատարողների այս ակնկալվող շքերթի բոլոր մասնակիցներին իշխանական կերակրատաշտին մոտ թողնի:

Հիմա նրանք, ովքեր ցանկանում են օգնել Ս. Սարգսյանին, ամենևին հարկավոր չէ, որ պայքարեն նրա մրցակիցների դեմ, քանի որ Սերժ Սարգսյանը կարողացավ վարպետորեն ազատվել իր հիմնական մրցակիցներից, այլ պետք է կարողանան փրկել նրան իրեն սատարողների ճիրաններից: Ահա սա ավելի դժվար է լինելու, քանի որ քաղաքական բալաստն էլ է կենաց-մահու կռիվ տալու` իշխանության շվաքի տակ տեղ ունենալու համար: Եվ եթե սա չհաջողվի, ապա իշխանափոխությունից հույսը կտրածներին սպասվում է նոր հիասթափություն՝ կորցնել անգամ այն մի փոքր հույսը, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում վճռականորեն կգնա բարեփոխումների, քանի որ կաշկանդող լուրջ որևէ գործոն չկա:

Տեսանյութեր

Լրահոս