«21-րդ դարը համարվում է կենսատեխնոլոգիայի, կենսաբանական զենքի դար»

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը ստեղծվել է 2010թ. աշնանը: Կառավարության հատուկ որոշմամբ այս կառույցը ներառում է իր մեջ երեք կազմակերպություններ` ՀՀ ԳԱԱ Կենսատեխնոլոգիայի ինստիտուտը, Միկրոբիոլոգիայի ինստիտուտը և Մանրէների ավանդադրման կենտրոնը: Այս երեք կառույցների միաձուլման արդյունքում ստեղծվել է իրավաբանական մեկ կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որը կոչվում է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն:

Ձեզ ենք ներկայացնում «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանի հետ հարցազրույցը:

– Որո՞նք են եղել այդ երեք կառույցների միացումից հետո Ձեր առաջին քայլերը:

– Կենտրոնը ստեղծվելուց հետո առաջին հերթին մեր խնդիրն է եղել` այն աստիճանաբար տեղափոխել Աբովյանից այստեղ` գլխավոր մասնաշենք: Դրա համար կատարվել են գումարային մինչև 200 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ, որից մոտ 90մլն դրամը տրամադրել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, իսկ 110 մլն դրամն իրականացրել ենք մեր` «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի արտաբյուջետային միջոցների հաշվին: Արդյունքում` վերանորոգվել է մեր կառույցի 4-րդ հարկն ամբողջությամբ, ամբողջ շենքի համար ստեղծվել է ջեռուցման ավտոնոմ համակարգ, մեր բոլոր լաբորատորիաները վերանորոգվել են, և ամբողջությամբ արդեն այդ երկու հիմնարկները տեղափոխվել են այստեղ: 2011թ.-ին տեղափոխվել է Միկրոբիոլոգիայի ինստիտուտը, իսկ 2012թ.` Մանրէների ավանդադրման կենտրոնը: Այժմ այս կենտրոնում է ամբողջանում ողջ բիոտեխնոլոգիայի կոմպլեքսը, որը Հայաստանում, կարելի է ասել` միակն է: Այս կենտրոնի, որն ունի թվով մինչև 200 աշխատակիցներ, այսպես ասած` ուսերին է դրված ընդհանրապես ՀՀ-ում բիոտեխնոլոգիայի զարգացումը:

Կարդացեք նաև

Բիոտեխնոլոգիայի զարգացումը պետք է ծառայի և բժշկությանը, և դեղագործությանը, և գյուղատնտեսությանը, և սննդի արդյունաբերությանը, և կենսաահաբեկչության դեմ պայքարին: Այսօր ամբողջ աշխարհում բիոտեխնոլոգիան ժամանակակից գերակա ուղղություններից է, և եթե 20-րդ դարը համարվում էր ատոմային զենքի դարաշրջան, ապա 21-րդ դարը համարվում է ավելի շատ կենսատեխնոլոգիայի, կենսաբանական զենքի դար, որն, անշուշտ, շատ ավելի սարսափելի բնույթ ունի, քան ատոմային զենքը: Այդ կապակցությամբ այսօր ամբողջ աշխարհում, անշուշտ, նաև մեր հանրապետությունում, մեծ ուշադրություն են դարձնում կենսատեխնոլոգիային: Պատճառներից մեկն էլ հենց այս համալիր կառույցի ստեղծումն է, որն ունի իր հիմնական ուղղությունները: Դա և գյուղատնտեսության, և դեղագործության, և սննդարդյունաբերության և բժշկագիտության ոլորտն է:

Մեր խնդիրն է` մշակել, կենսատեխնոլոգիաներ և տարբեր կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրություն կազմակերպել, որոնք հիմնականում անհրաժեշտ են ժողովրդի, մարդկանց կարիքների բավարարման համար: Ընդհանուր առմամբ այս համալիրը ներառում է բիոտեխնոլոգիայի ամբողջական սխեման, ցիկլը` սկսած մանրէների հավաքածուից, այսպես կոչված` շտամ-արտադրիչներից, որոնք վայրի ձևով անջատում են հողից և տարբեր աղբյուրներից, հետո ակտիվացնում են, բերում ակտիվ վիճակի, այնուհետև` դրանց սնուցմամբ և օպտիմալ պայմանների ստեղծմամբ, որպեսզի արդյունքում արտադրի այն նյութը, որը պետք է ժողովրդական տնտեսությանը: Այսինքն` որևէ միացություն, որը մարդիկ ներարկում են արյան մեջ, սննդի հետ են օգտագործում, և այլն:
Օրինակ, Կենսատեխնոլոգիայի ինստիտուտը, որը ստեղծված էր դեռևս 1980թ.-ին, նախկին ԽՍՀՄ կազմում, որպես գլխամասային կազմակերպություն, ուներ մի շարք գործարաններ:

Այդ գործարանները և Հայաստանում էին, և Ուկրաինայում, և Ղրղըզստանում, և Ռուսաստանում, և Բելառուսում: Այդ բոլորի գլխամասային կազմակերպությունը հենց այս ինստիտուտն էր, որն այն ժամանակ զբաղվում էր, օրինակ` արհեստական արյան փոխարինիչների արտադրությամբ, ինչը հատկապես անհրաժեշտ է պատերազմների ժամանակ: Երբ պատերազմի դաշտում մարդը վիրավորվում է, բնականաբար, այդ ժամանակ ոչ միշտ է հնարավոր լինում որոշել նրա արյան կարգը` նրան անհրաժեշտ կարգի արյունը գտնելու և ներարկելու համար, մինչև կարողանան նրան հիվանդանոց հասցնել:

Դրա փոխարեն օգտագործում են արհեստական արյուն, որն իրենից ներկայացնում է ամինաթթուներից կազմված խառնուրդ, որը, որպես արյան փոխարինող նյութ, օգտագործում են և ներերակային սնուցում են կատարում` մինչև հիվանդին հիվանդանոց տեղափոխելը: Նման հնարավորությունը հատկապես կարևորվեց 1988թ.-ին` երկրաշարժի ժամանակ, և այդ խնդիրը լուծում էր հենց այս ինստիտուտը: Այդ ժամանակ արդեն այդ բոլոր տեխնոլոգիաները` 13 ամինաթթուների տեխնոլոգիաները, մշակված էին և փորձարկված էին տարբեր գործարաններում, պատրաստ էր նաև արյան փոխարինիչ պոլիամին պատրաստուկի (պրեպարատը) վերջնական արտադրանքը, որը հաջողությամբ փորձարկված էր նախակլինիկական և կլինիկական պայմաններում: Արդեն պատրաստվում էինք մեծ ծավալով արտադրություն սկսելու, սակայն, ցավոք, ԽՍՀՄ-ը փլուզվեց, և այդ ծրագիրը Հայաստանի համար դարձավ անիրականանալի:

Գործարանները հայտնվեցին տարբեր պետություններում, ծրագիրը խափանվեց: Սակայն, ամենացավալին այն էր, որ ՀՀ-ում երկու հզոր կենսատեխնոլոգիական գործարաններ կային, որոնցից մեկը` Չարենցավանում գործող «Լիզին», մյուսը` Աբովյանի Կենսաքիմիական պատրաստուկների գործարանները: Այդ տարիներին այդ գործարանները չպահպանվեցին, մասնավորեցվեցին և որպես այդպիսին` վերացան: Եթե այդ գործարաններից գոնե մեկն այսօր պահպանված լիներ, ապա Հայաստանը մի շարք կենսատեխնոլոգիական արտադրություններ կկազմակերպեր և արտադրանք կտար ոչ միայն իր, այլև հարևան հանրապետությունների կարիքների համար:

Սակայն, ստացվել է այնպես, որ մեր գործարանի հզոր կենսառեակտորները վաճառել են պարսիկներին, պարսիկներն էլ արտադրություն են կազմակերպում և արտադրանքը վաճառում են մեզ: Այժմ ամենամեծ խնդիրը Հայաստանում դա է, որ այստեղ այդ գործարանները չկան: Մինչդեռ կենսատեխնոլոգիան սիրում է մեծածավալ, բազմատոննա արտադրություն, որպեսզի այն լինի եկամտաբեր` ինքնարժեքի տեսակետից ձեռնտու:

– Այսօր կենտրոնը զբաղվում է նաև արտադրությամբ: Խոսքը կենսապարարտանյութերի արտադրության մասին է: Որքանո՞վ է այն ձեռնտու շահութաբերության տեսակետից:

– Այո, այսօր մենք արտադրում ենք կենսապարարտանյութեր` «Ազոտովիտ» և «Ազոցեովիտ»: Դրանք համարվում են սելիտրային փոխարինող էկոլոգիապես մաքուր օրգանական պարարտանյութեր: 1 տարվա ընթացքում մենք ինստիտուտի պայմաններում 20 տոննա կենսապարարտանյութ ենք արտադրել, սակայն, եթե գործարան լիներ, ապա հազարավոր տոննաներ կարտադրվեին: Իսկ այդ արտադրանքը կօգտագործվեր ոչ միայն ՀՀ-ում, այլև կարտահանեինք այն: Այսօր այս երեք կենտրոնների միավորման արդյունքում, մենք փորձում ենք միավորել և զարգացնել մեր ուժերն ու ուղղությունները: Կարևորն այն է, որ այստեղ նրանք արդեն աշխատում են նորմալ` ջեռուցված, վերանորոգված պայմաններում:

Այստեղ գիտնականներին տրվել է այդ հնարավորությունը, որպեսզի նրանք կարողանան աշխատել և դրսևորել/ցուցադրել իրենց ունակությունները: Ճիշտ է, դեռևս սարքավորումներն այն չեն, ինչ մենք կցանկանայինք, որ լինեին, սակայն նշեմ, որ մենք կարողացել ենք բազմաթիվ նոր ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել: Միայն անցյալ տարի մոտ 80-100 մլն դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել դրամաշնորհային ծրագրերի հաշվին, և այս վերջին տասը տարիների ընթացքում դրամաշնորհների հաշվին մենք փորձում ենք թարմացնել մեր սարքավորումների պարկը:

– Սարքավորումները բավական թանկ են, հաճախ տարբեր գիտական կառույցների ղեկավարները նշում են, որ դրամաշնորհները բավարար չեն անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Իսկ Ձեզ այն բավականացնո՞ւմ է, որպեսզի սարքավորումներ ձեռք բերեք:

– Իհարկե, հիմնականում մեր ինստիտուտը ստանում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհը: Վերջին դրամաշնորհը մինչև 690 հազ. դոլար արժեր: Նման դրամաշնորհները հնարավորություն են տալիս, դրա մինչև 20-25%-ը, այսինքն` մինչև 80-100 հազ. դոլար օգտագործել սարքավորումների վրա, իսկ դա բավական գումար է` լաբորատորիաները գոնե ժամանակակից տեսքի բերելու համար: Իհարկե, դա այն չէ, ինչ այսօր ունեն արտասահմանի զարգացած երկրների լաբորատորիաները, սակայն այլ ինստիտուտների հետ համեմատած` մենք կարողացել ենք որոշ բավական ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել: Այս ամենի արդյունքում` մենք ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրություն ենք կազմակերպել:

Այդ նյութերի 1 գրամը միջին հաշվով արժե 100-350 դոլար, և մենք, իհարկե փոքր քանակներով, մինչև 100 գրամ քանակներով արտադրում և վաճառում ենք այն բելգիական և գերմանական երկու հայտնի ընկերությունների պայմանագրային հիմունքներով: Ներկայումս մեր խնդիրն է` մեր արտադրությունն ընդլայնելը, հենց դա է պատճառը, որ ես շատ եմ կարևորում կենսատեխնոլոգիական արտադրություն կազմակերպելու համար նախատեսված գործարանների առկայության անհրաժեշտությունը մեր երկրում:

– Ոչ սպիտակուցային ամինաթթուների արտադրության մասին կպատմե՞ք:

– Մենք արտադրում ենք ոչ սպիտակուցային ամինաթթուներ, այսինքն` այնպիսի ամինաթթուներ, որոնք օրգանիզմի համար օտար են: Այսօր դեղագործության մեջ դա շատ կարևոր է, որովհետև ժամանակակից մի շարք դեղեր իրենց կառուցվածքում որպես դեղաբանորեն ակտիվ բաղադրիչ` ոչ սպիտակուցային տարր են պարունակում, որը մարդու օրգանիզմի համար անծանոթ է:

Ուստի, երբ մարդը խմում է դեղը, դեղը մարդու օրգանիզմի համար օտար նյութ է, միանգամից օրգանիզմի պաշտպանական ֆերմենտներ են սինթեզվում, որոնք հարձակվում են, որպեսզի վերացնեն այդ դեղը, արդյունքում` դեղի ազդեցությունն արագ է վերանում: Միջին տվյալներով` դա տևում է 15-20 րոպե: Այսինքն` դեղի ազդեցությունն ընդամենը 15-20 րոպե է գործում: Իսկ հատկապես, երբ խնդիրը վերաբերում է այն դեղերին, որոնք պետք է ստամոքսից դուրս գան և հասնեն հիվանդի ավելի հեռու օրգաններ և հիվանդության օջախներին, դրա համար անհրաժեշտ է, որ դրանք ավելի երկար մնան:

Պեպտիդային բնույթի դեղի բաղադրության մեջ, օրինակ` սպիտակուցային ամինաթթուն, փոխում են նրա ոչ սպիտակուցային նմանակով, այսինքն` այն ֆերմենտները, երբ գնում են հարձակման, որպեսզի վերացնեն օրգանիզմ մտած օտար նյութը դեղը, նրանք դա անել չեն կարողանում, որովհետև նրանք ուղղակի չեն հասկանում` այդ նյութի մեջ կա՞ օտար տարր, քանի որ չեն ճանաչում այն: Արդյունքում, դեղի ազդեցությունն օրգանիզմում երկարաձգվում է մինչև 100-1000 անգամ:

Դա բերում է նրան, որ նախ` ֆինանսական տեսակետից ավելի ձեռնտու է, որովհետև, եթե մարդ պետք է օրը երեք անգամ դեղ խմի, այս դեպքում նա դեղը կխմի, օրինակ, ամիսը մեկ անգամ: Այս կարևոր դեղի ազդեցության երկարաձգվածության հնարավորությունն օգտագործվում է, որպեսզի դեղի բաղադրության մեջ մտցնեն և կառուցեն, օրինակ, հակաքաղցկեղային բաղադրիչ: Դա է հիմնական պատճառը, որ ներկայումս այդ նյութերը, որոնք մենք ստանում ենք, մեծ հետաքրքրություն են առաջացնում դեղագործության մեջ: Մենք 80-ից ավելի այդպիսի նոր նյութեր ենք ստացել, որոնք պարբերաբար մեզանից գնում են բելգիական և գերմանական դեղագործական ընկերությունները:

– Իսկ հայկական դեղագործական ընկերությունները հետաքրքրված չե՞ն Ձեր առաջարկով:

– Ցավոք, Հայաստանում դեղագործություն չկա, դեղանյութ չեն արտադրում: Հայաստանում դեղանյութերը դրսից բերում են` դրա փոշին կամ հեղուկը, և այստեղ պատրաստում են արդեն պատրաստի դեղաձև: Իսկ մեր արտադրանքը վերաբերում է դեղանյութի ստացմանը:

Այս արտադրության պահանջարկը դրսի ընկերությունների կողմից բավական մեծացել է, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք այդ նյութերի արտադրությունը մեծացնել` գրամներից անցնելով կիլոգրամների: Մենք մեր առջև խնդիր ենք դրել` ստեղծել փոքր արտադրական բազա: Դրա համար դրամաշնորհային ծրագրերով կարողացել ենք արդեն ձեռք բերել սարքավորումներ և արդեն պատրաստվում ենք, ինչպես ասում են, գործի անցնել: Գործը հեշտացնելու համար Ռիգայում գործող մի ընկերության հետ համատեղ ընկերություն ենք բացել, որը կոչվում է «Բիոարմ», որի միջոցով մեր արտադրանքը պետք է արտահանենք եվրոպական շուկա:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս