Համեստություն, որը չի զարդարում

Հայաստանում գրանցված է յոթ տասնյակից ավելի կուսակցություն: Այս կուսակցությունները, նախանձելի համերաշխությամբ, չեն հավատում ընտրությունների միջոցով իշխանության գալու հեռանկարին:

Ընտրություններից առաջ վաղուց մոռացված, փոշոտ կուսակցությունները հանկարծ հայտնվում են և հայտարարում, թե քանի որ չեն հավատում ընտրություններին, հետևաբար նպատակահարմար չեն գտնում սեփական թեկնածուով հանդես գալը: Կարճ ասած` բոյկոտում են ընտրությունները: Այսինքն` տասնյակ կուսակցությունների ողջ արսենալը չափազանց աղքատիկ է. սկսվում և ավարտվում է չորս տարին մեկ արված նման հայտարարությամբ: Քաղաքական դաշտում հիմնական դերակատարություն ունեցող կուսակցությունները 5-6-ն են: Այս կուսակցություններում ևս ոչ ոք չի հավատում ազատ և արդար ընտրություններին:

Միայն հանրապետականներն են ձևացնում, թե անկեղծորեն հավատում են իրենց առաջնորդի անվերապահ հաղթանակին: Սակայն այնտեղ էլ գիտեն` առանց իշխանական լծակների և ընտրակաշառքի` չեն կարողանա հավաքել անգամ բազիսային այն ձայները, որոնց վրա հետո կառուցեն «վերնաշենքը»` գումարեն ևս 30-40 տոկոս:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան` Gallup-ի հետ համատեղ, սոցիոլոգիական թարմ հարցում էր անցկացրել: 1020 չափահաս մարդկանց հետ զրույցում` պարզվել է, որ հարցվածների 49 տոկոսը պատրաստ է քվեարկելու` հօգուտ Սերժ Սարգսյանի: Սոցիոլոգիան գիտություն է, որի նրբությունները ոչ մասնագետներին հասու չեն: Սակայն 1020 մարդու հետ զրույցից ընդհանրացումներ անել, թե իշխանության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցությունը կլինի մոտ 65 տոկոս, հավատ չի ներշնչում:

Կարդացեք նաև

Հակառակ դեպքում` հարցման արդյունքներից հետևությունները պետք է վերաբերեին ոչ թե ընտրություններին, այլ երկրում մոլեգնած առողջապահական խնդիրներին: Ունենալ անորակ կյանք, կոռումպացված իշխանական համակարգ, ոչ հուսալի ապագա և, այդուհանդերձ, ձայնը տալ գործող իշխանություններին, նշանակում է` կասկածի տակ առնել հարցման մասնակիցների հոգեկան առողջությունը: Իշխանական կուսակցության միակ առավելությունն այն է, որ նա հաջողեց հրավիրել շքեղ համագումար, ապահովել բուռն ծափեր և առաջադրել սեփական թեկնածուին: Ինչը մյուս բոլոր կուսակցությունների համար չափազանց բարդ խնդիր դուրս եկավ: Տակավին երեկ իր 6-րդ համագումարն էր հրավիրել ՀԱԿ-ից անջատված «Հանրապետություն» կուսակցությունը: Այստեղ ևս, ինչպես ԲՀԿ-ի դեպքում, նպատակահարմար չգտան առաջադրել սեփական թեկնածուին:

Գագիկ Ծառուկյանի և Արամ Սարգսյանի չառաջադրման մոտիվները գուցե տարբեր են, սակայն հետևանքը` նույնը: «Հանրապետությունը» որոշեց բոյկոտել ընտրությունները: Նման մարտավարություն են ընտրել նաև բազում այլ, սակավամարդ կուսակցություններ:
Բոլոր կուսակցությունները կանխավ ընդունել են պարտությունը և, ըստ այդմ, պատրաստվում են մեկնել չորսամյա արձակուրդի:

Մինչև հաջորդ ընտրություններին բոյկոտի կամ թեկնածուներից որևէ մեկին աջակցելու մասին հայտարարություն: Ստացվում է` կուսակցությունների դերը վերանայման անհրաժեշտություն ունի: Նախ` կուսակցություններին, կուսակցական գործիչների ազնվությանը սկսել են առհասարակ չհավատալ: Այն կուսակցությունը, որը պատրաստ է հանդես գալ սեփական թեկնածուով (պաշտոնապես այդ մասին, ՀՀԿ-ից բացի, հայտնել է միայն «Ժառանգությունը»), համարում են իշխանության դրածո: Իբր` իր մասնակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը (կամ ցանկացած այլ թեկնածու) կլեգիտիմացնի Սերժ Սարգսյանի վերընտրման գործընթացը: Նույնը` նաև «Ազատ դեմոկրատների» պարագայում է:

Առաջադրվելու մասին հայտարարել է նաև Պարույր Հայրիկյանը: «Սարդարապատ» շարժումը, ինչպես միշտ, հայտարարում է` միա՛յն «բոյկոտ և նախախորհրդարան»: Քաղաքական այն գործիչների համար, ովքեր ընդդիմության կողմից թեկնածուի առաջադրումը համարում են խիստ անհրաժեշտ և սկզբունքային, կուսակցական պատկանելությունը, քաղաքական համակրանքները խոչընդոտ են` առաջադրման համար: Ինչպես, օրինակ, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի կամ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի համար:

Վարդան Օսկանյանին կուսակցությունն ուղղակի խանգարեց առաջադրվել, իսկ Հրանտ Բագրատյանը, նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նախ` ազատվեց ՀԱԿ-ի բարոյական կապանքներից` դադարեցնելով իր անդամակցությունն այդ կառույցին:

Մյուս թեկնածուներն էլ` էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Հովիկ Աղազարյանը կամ Մարտիկ Սարգսյանը կուսակցական պատկանելությունից ազատ են: Ավելին, Վարդան Սեդրակյանը հայացքը հառել է երկնքին` «Վերևում Աստված կա», իսկ Մարտիկ Սարգսյանը խորհուրդ է տալիս առավոտյան աղոթել Վահագնին, երեկոյան` Անահիտ դիցուհուն: Բանը հասել է այնտեղ, որ անգամ քննարկվում է Սուրեն Սուրենյանցի առաջադրման հարցը:

ՀՀ-ում գրանցված 70 և ավելի կուսակցությունների առաջնորդների հավակնությունների համեստությունն այս դեպքում որևէ մեկին չի զարդարում: Ըստ տրամաբանության` նրանք պետք է ունենան լուրջ հավակնություններ` նվաճել իշխանություն, զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը` իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ նրանց քաղաքական պոտենցիալը, ստացվում է, չափազանց թույլ է` հանդես գալ հետաքրքրություն չներկայացնող հայտարարություններով: Եվ վերջ…

Բոյկոտելը, որքան հասկանում ենք, բացարձակապես ջանք չպահանջող գործողություն է: Բոյկոտը կարելի է հայտարարել համագումարում: Սակայն կարելի է անգամ նման նեղություն չկրել. բոյկոտել համացանցով` բազմոցին պառկած, սուրճի բաժակը` մի, ծխախոտը` մյուս ձեռքին: Եվ հաշվել բոյկոտի մասին ստատուսի տակ հայտնված «լայքերը»:

Տեսանյութեր

Լրահոս