Օլիգարխները խանգարում են պարարտանյութերի արտադրությանը
Հայաստանում բավական բարդ է որևէ արտադրության կազմակերպումը: Նախապես պետք է պատրաստ լինել այն բազմաթիվ խնդիրներին և խոչընդոտներին, որոնք կարող են գործընթացին խանգարել: Օրինակ, կարող են հայտնվել ինչ-ինչ օլիգարխներ, գործարարներ, որոնք տվյալ արտադրանքը ներկրում են արտերկրից՝ ստանալով գերշահույթներ, և կփորձեն ամեն կերպ խոչընդոտել տվյալ ապրանքատեսակի արտադրությանը: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն արտադրում է կենսապարարտանյութեր՝ «Ազոտովիտ» և «Ազոցեովիտ»: Դրանք համարվում են սելիտրային փոխարինող էկոլոգիապես մաքուր օրգանական պարարտանյութեր:
168.am-ի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանը նշելով այս խոչընդոտների մասին, այնուամենայնիվ, նկատեց, որ, չնայած այդ ամենին, ՀՀ կառավարությունը մի ուղղություն է որդեգրել, որով փորձում է խթանել սեփական արտադրությունը, ինչը կարող է նպաստել նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Մեր արտադրանքը սելիտրա չի, այլ էկոլոգիապես մաքուր պարարտանյութ է և վնաս չի տալիս մարդկանց, ուրեմն էլ ինչո՞ւ մենք պետք է դրսից ներկրենք այն»,- ասաց Ա. Սաղյանը՝ ավելացնելով, սակայն, որ տարբեր երկրներից ոչ մաքուր օրգանական պարարտանյութեր ներկրող գործարարներ կան, որոնք առաջին հերթին մտածում են իրենց շահույթի մասին և խանգարում են կենտրոնի արտադրությանը, գործունեությանը:
Մեր հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում արտադրություն կազմակերպել, Ա. Սաղյանը պատասխանեց. «Հիմնականում դիմում ենք կառավարությանը, վարչապետին և պետական միջամտությամբ ինչ-որ ձևով խնդիրը հարթում ենք»,- ասաց Ա. Սաղյանը՝ ավելացնելով, որ իրենց կենտրոնը ոչ թե գիտահետազոտական կենտրոն է, այլ գիտաարտադրական, ինչը նշանակում է, որ իրենց գիտությունը, վերջիվերջո, պետք է մտնի արտադրություն: «Դա մեր գերագույն նպատակն է, և այդ կապակցությամբ, բացի նրանից, որ մենք զարգացնում ենք հիմնարար ուղղություններն ու հիմնարար գիտությունը, դրա հետ մեկտեղ՝ մենք զբաղվում ենք նաև հիմնարար արդյունքների առևտրայնացմամբ:
Այսինքն՝ արտադրության մեջ այդ ամենի ներդրմամբ ու կիրառմամբ և ժողովրդի կարիքների համար կենսաբանորեն, դեղաբանորեն նոր ակտիվ նյութերի ստացման ուղղությամբ»,- ասաց Ա. Սաղյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ կենտրոնի մասնագետներն արդեն մշակել են մի շարք տեխնոլոգիաներ, որոնք պարտրաստ են արտադրության, և դրանք նույնպես պետք է փորձել ներմուծել արտադրություն: Պարզապես դրանց արտադրությունը կազմակերպելու համար պետք է լրջորեն ուսումնասիրվի շուկան:
Աշոտ Սաղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք « 168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: