«Մեր պետության գլուխը Եվրոպայում է»
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենում «Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկում-սեմինարը, որին մասնակցում են հայաստանյան տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ: Այն կազմակերպում է «Համաձայնություն« կենտրոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ:
«Եվրոինտեգրացիան ետխորհրդային տարածքի համար դրախտի պես մի բան է: Բոլորը գիտեն, որ այն կա, բայց չգիտեն այն ճանապարհը՝ ինչպես դրան հասնել»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկում-սեմինարի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ոչ թափանցիկ տնտեսութուն, որտեղ եվրոինտեգրման ստանդարտները չեն կարող գործել: Ըստ նրա՝ եվրոինտեգրման առաջին պայմանը թափանցիկ և սոցիալական արդար շուկան է:
Նրա կարծիքով, շուկայի վերահսկման մոդելը Հայաստանի համար խորթ է: «Մենք սովոր ենք բռնատիրության: Մենք սովոր չենք սովորական վերահսկման»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Քննարկման մյուս բանախոսը՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, խոսելով եվրոինտեգրացիայի մասին, նշեց առաջին հերթին աշխարհագրական գործոնը:
«Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, և մենք պարտավոր ենք այդ խաչմերուկն օգտագործել ի շահ մեր պետության: Եթե անգամ մեր սահմաններն Ասիայում են, պետության գլուխը Եվրոպայում է»,- ասաց Նարինե Մկրտչյանը:
Խոսելով տնտեսական գործոնի մասին՝ Նարինե Մկրտրչյանը նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների, 2012 հունվար-հոկտեմբեր ամիսներին ոչ եվրոպական շուկա համարվող Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 23.6 տոկոս, իսկ, օրինակ, Ֆրանսիայի դեպքում անկումը կազմել է 61.5 տոկոս:
Անդրադառնալով քաղաքական գործոնին՝ ՄԱԱ նախագահը կարևորեց ժողովրդավարական հիմնական ինստիտուտների ներդրումը: «Հայաստանը կարիք ունի արևմտյան ժողովրդավարական մոդելների ներդրման»,- նշեց նա:
Նարինե Մկրտչյանը հույս հայտնեց, որ Հայաստանում ևս եվրոպական ժողովրդավարական արժեքները՝ բազմակուսակցությունը, մամուլի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկապես կհիմնավորվեն, և Եվրոպան իսկապես կօգնի Հայաստանին, այլ ոչ թե կհայտարարի, որ եվրոպական նավերը չեն կարողանում բարձրանալ հայկական բարձր լեռները, ինչպես հնչել էր այդ արտահայտությունը 1915թ. հայոց ցեղասպանության ժամանակ:
Քննարկմանը մասնակցում են նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, Հայաստանի քաղաքագետների նախագահ Հմայակ Հովհանննիսյանը և այլք: Քննարկումը վարում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: