Բաժիններ՝

Պարտքի բեռը 51 միլիոնով ծանրանալու է

Մինչ ներքաղաքական դաշտում բոլորը քննարկում են Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը, տնտեսական դաշտում անաղմուկ կատարվում են որոշ իրադարձություններ, որոնք անտեսելը սխալ է։ Օրինակ, այսօր հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին ևս 51.4 միլիոն դոլար կտրամադրի։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան։

Նա տեղեկացրել է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» (EFF ECF) ծրագրերի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի ամփոփիչ ստուգումը, ինչն իշխանություններին հնարավորություն է տալիս հիմնադրամից ստանալ $51,4 մլն-ի փոխառություն:

Այս ձևակերպումը բավականին հետաքրքիր է, քանի որ դրանից ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի կառավարությունն այս ու այն կողմ ընկած՝ պարտք տվող է փնտրում։ Ու հիմա էլ՝ պարտք տվողը գտնվել է, համաձայնել է փող տալ, ու այդ մասին «ավետում է» մեզ։

Տոլոսան նշել է, որ այդ 51.4 միլիոն դրամի տրամադրումով վերը նշված ծրագրերի շրջանակում Հայաստանի ներգրավված գումարը կհասնի $324,4 մլն-ի (Հայաստանի հետ EFF և ECF եռամյա ծրագրերը հաստատվել են 2010թ. հունիսին և ենթադրում են $ 408,7 մլն-ի ընդհանուր ֆինանսավորում):

Նշենք, սակայն, որ այս 51.4 միլիոն ներգրավումից հետո ԱՄՀ-ից ներգրավված պարտքը ընդհանուր առմամբ կգերազանցի 827 միլիոն դոլարը, իսկ ողջ արտաքին պարտքը՝ 3 միլիարդ 781 միլիոնը (ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, 2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3.730 միլիարդ դոլար, որից 20.8%-ը կամ 776 միլիոնը բաժին է ընկնում ԱՄՀ-ին)։

Մի խոսքով, կառավարությունը շարունակում է անել այն, ինչը նրա մոտ ամենից լավ է ստացվում՝ պարտքեր ներգրավել։ Այս անգամ չենք գրի՝ ինչ պայմաններով է պարտքը, մինչև հիմա ինչ արդյունավետությամբ են օգտագործվել վարկային միջոցները, ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում արտաքին պարտքը, և վտանգավո՞ր է այն արդյոք, թե՞ ոչ, տարեկան որքա՞ն գումար է հատկացվում և որքա՞ն է հատկացվելու այդ պարտքը սպասարկելու համար։

Միայն կհիշեցնենք, որ 2008 թվականին, երբ արտաքին պարտքը 1 միլիարդ 557 միլիոն դոլար էր, ՀՆԱ-ն՝ 11 միլիարդ 662 միլիոն։ 2011 թվականի վերջին արտաքին պարտքի ծավալն աճել է 2.3 անգամ՝ հասնելով 3 միլիարդ 568 միլիոն դոլարի, իսկ ՀՆԱ-ն կրճատվել է 1.4 միլիարդ դոլարով՝ հասնելով 10.2 միլիարդի։ Նշենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշները դոլարային արտահայտությամբ վերցված են Համաշխարհային բանկից։

Թե ինչպես է կոչվում այս պատկերը (եթե սրան գումարենք նաև արտագաղթը, գնաճը, ներդրումների նվազումն ու աղքատության ավելացումը), դատեք ինքներդ։ Փոխարենը՝ կարող ենք ասել, որ ԱՄՀ-ն սա համարում է «հարկաբյուջետային քաղաքականության դրական փոփոխություններ» և «գործարար միջավայրի բարելավում»։ Չնայած, դա բնական է. պարտատիրոջը պետք է միշտ ոգևորել, որ հանկարծ «չքաշի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս