«Գրականություն սիրող և հասկացող մարդկանց համար այս գիրքը կդառնա կարևոր գիրք» (լուսանկարներ)

Օրերս տեղի ունեցավ  «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր»  մատենաշարի և այդ մատենաշարով լույս տեսած առաջին գրքի` ամերիկացի մեծանուն գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»  սկանդալային վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Այն կազմակերպվել էր Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ձմեռային այգում: Երեկոն ուղեկցվում էր երաժշտական, պարային և թատերական կատարումներով: Հյուրերի մեծ մասը ներկայացել էր 30-ականների ոճի հագուստով: Հրավերն այդպես էր ձևակերպվել:

168.am-ը երեկոյի ընթացքում զրուցել էր թարգմանիչ Զավեն Բոյաջյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Թարգմանիչ Զավեն Բոյաջյան. «Միլլերի հայերեն թարգմանությունը բնագրին ամենամոտ թարգմանությունն է»

Կարդացեք նաև

– Պարոն Բոյաջյան, գրքի թարգմանության վրա որքա՞ն ժամանակ եք աշխատել:

–  Ընդհանուր՝ ութ ամիս, որից յոթը` թարգմանության, մեկ ամիսն էլ՝ ծանոթագրություններ կազմելու վրա:

– Դժվա՞ր էր այն թարգմանելը:

– Վեպը թարգմանելը շատ բարդ էր, որովհետև Միլլերն այն գրողներից է, ով միանշանակ բառաշերտ չունի: Վեպն իր ժանրով շատ հետաքրքիր է, այն և՛ կենսագրական արձակ է, և՛ գիտակցության հոսքի սկզբունքն է կիրառված, և՛ տեղ-տեղ խոհափիլիսոփայական էսսեի սկզբունքով է գրված, և՛ բաց էրոտիկ տեսարաններ և սեքսուալ նկարագրություններ կան, որոնք ավելի շատ հատուկ են բուլվարային վեպերին: Այս ամենը պահանջում էր ամեն անգամ կիրառել հատուկ բառապաշար, բառաշերտ, հատուկ արտահայտչամիջոցներ: Այս ամենը պետք է արվեր այնպես, որ ես ստանայի հայերեն օրգանական, բնական սահուն տեքստ:

Այս առումով շատ դժվար խնդիր էր, հատկապես, որ վեպում սեքսուալ և էրոտիկ նկարագրությունները շատ հաճախ ներկայացված էին գռեհկաբանություններով, անպատշաճ բառապաշարով: Ինչպես գիտենք` հայերենում այդ ամենը տաբուավորված է, և շատ դժվար էր հատակից այդ ամենը լույս աշխարհ հանել, տեքստի մեջ ներմուծել և տեքստի մյուս բաղադրամասերի հետ միասին՝ ստանալ օրգանական միացություն: Շատ եմ չարչարվել, որ տեքստը հայ ընթերցողի համար հնարավորին չափ զերծ լինի ստորջրյա խութերից ու խոչընդոտներից, որ ընթերցողը հաճույքով կարդա և ամեն անգամ չմտածի, որ գործ ունի թարգմանության հետ:

– Հնարավո՞ր էր հայերենով արտահայտել այն ամենն, ինչ հեղինակը նկատի ուներ:

– Իհա՛րկե հնարավոր էր: Ես հայերեն թարգմանությունն արել եմ` առաջնորդվելով հենց մաքսիմալիստական ծրագրով: Վեպը համեմատել եմ այլ լեզուներով արված թարգմանությունների հետ: Ռուսերեն թարգմանությունը շատ թույլ էր և այլ լեզուներով արված թարգմանություններին շատ էր զիջում: Համեմատել եմ նաև ֆրանսերեն, չեխերեն, իսպաներեն, լեհերեն թարգմանությունները:

Իմ ծրագիրն այնպիսին է եղել՝ առավելագույնս հարազատ մնալով բնագրին՝ այնպես թարգմանել, կարծես Միլլերը հայ հեղինակ է: Այս իմաստով` հայերեն թարգմանությունը բնագրին ամենամոտ թարգմանությունն է, և ի տարբերություն մյուս թարգմանիչների՝ ոչինչ բաց չեմ թողել: Միայն մի բառ կար, որը ոչ մեկը չգիտեր` ի՞նչ է նշանակում: Դա Միլլերի հորինած բառն էր: Ես շատ աղբյուրներ պրպտեցի: Տարբեր ֆորումներում ասում էին, որ այդ բառը ժամանակին ոչ մեկը չի հասկացել:

– Ի՞նչ եք կարծում` գիրքը հայ ընթերցողի համար կդառնա՞ սիրելի գիրք:

– Կուզենայի, որ դառնար սիրելի գիրք, քանի որ այն 20-րդ դարի լավագույն գործերից մեկն է, որը նույնիսկ տասը լավագույն վեպերի շարքում է: Կուզենայի, որ այս գիրքը մարսվեր և դառնար հայ ընթերցողի սիրելի գրքերից մեկը:  Կարծում եմ` վաղուց ժամանակն է, որ հայ ընթերցողի սեղանին դրվեն բարձրորակ այլ թարգմանություններ ևս:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան. «30 տարի անց ԱՄՆ-ում հասկացան, որ այս գիրքը պոռնոգրաֆիկ չէ»

– Պարոն Մարտիրոսյան, «Խեցգետնի արևադարձը» վեպը 30 տարի արգելված է եղել…

– Այո, այս գրքի հրատարակումն ԱՄՆ-ում արգելվել է, քանի որ այն ժամանակվա իշխանությունների կարծիքով՝ սա պոռնոգրաֆիկ նյութ էր պարունակում: Այնինչ, սա բոհեմական կյանքով ապրող մարդու փնտրտուքներն են, նա, իմ կարծիքով, փնտրում է իր սկիզբը: Լուրջ փիլիսոփայություն կա այս գրքում: Քանի որ Միացյալ Նահանգներում հրաժարվեցին այս գիրքը հրատարակել, այն հրատարակվեց Փարիզում, ընդ որում՝ անգլերեն լեզվով: Միայն 30 տարի անց ԱՄՆ-ում հասկացան, որ այս գիրքը պոռնոգրաֆիկ չէ, և թույլ տվեցին այս գիրքը հրատարակել:

– Վեպի հայերեն թարգմանությունը սպասվա՞ծ գիրք է:

– Եթե գրքասերը կամ գրականասերը ցանկանում է համաշխարհային մակարդակի գիրք կարդալ, ապա սա սպասված գիրք է: Այս գիրքը կեղծ բարեպաշտական վիճակների վերջի սկիզբն է: Այս գիրքը նույնիսկ դատական իշխանության համար ունի շատ կարևոր նշանակություն: Հայաստանում դատարաններում հայհոյանք արտասանելն արգելված է, և եթե մարդուն դատապարտում են հայհոյելու համար, ապա դատավորը չիմանալով, թե ի՞նչ է ասել այդ մարդը, կարող է նրան պատժել:

Լինում են կուրիոզ վիճակներ, երբ տուժողին, որն ասում է, թե իրեն հայհոյել են, փաստաբանն ասում է` «Դե ասե՛ք, ի՞նչ են Ձեզ ասել»: Տուժողն ասում է`  «Չեմ կարող պատասխանել, կուզե՞ք Ձեր ականջին ասեմ»: Փաստաբանն ասում է` «Իմ ականջին մի ասա, դատավորի ականջին ասա»: Սա խեղկատակություն է, և կարծում եմ` գիրքն այս դաշտում էլ իր դերը կունենա: Այս գիրքը վերից վար փիլիսոփայություն է:

– Գիրքը ո՞ր գրախանութներում կարելի է գտնել:

– Մենք աշխատում ենք անխտիր բոլոր գրախանութների հետ: Ասում են, թե «Բյուրոկրատ» գրախանութը մեր գրքերը չի վերցնում, դա էլ նրա քաղաքականությունն է, երևի մի բան այնպես չենք արել (ժպտում է.-  Գ. Ա.): Մնացած բոլոր գրախանութները վերցնում են, այն էլ` անկաշկանդ ձևով: Ես կարծում էի, որ այս գրքի հետ կապված խնդիրներ կլինեն, բայց, փառք Աստծո, չկան:

Իսկ սա նշանակում է, որ հասարակությունն այս գիրքը նորմալ է ընդունել: Եթե խնդիրներ լինեին, տարօրինակ կլիներ, քանի որ այս գրքի ռուսերեն տարբերակը տարիներ շարունակ վաճառվում էր: Գրքի փափուկ կազմովը վաճառվելու է 5000 դրամով, կոշտ կազմովը` 6000 դրամով:

– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ եք այս տարի ունեցել:

– Այս տարվա ձեռքբերումներից մեկն այն է, որ կատալոգային վաճառքի միջոցով փոստային բոլոր բաժանմունքներում հնարավոր է գրքեր գնել: Գիրք հնարավոր է գնել նաև 20 դեղատներից, ինչպես նաև՝ թերթերի վաճառակետերից: Կարծում եմ՝ սրանք գրքի տարում մեծ ձեռքբերումներ են:

Գրեթե բոլոր հեռուստաընկերություններում կան գրքի մասին հաղորդումներ, լրատվամիջոցները գրքերին շատ են անդրադառնում: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե գրքի բովանդակությանն անդրադառնային: Կարծում եմ` գրքի շնորհանդեսի նմանատիպ մոտեցում դեռևս չէր եղել, մենք փորձում ենք տարբեր ձևերով գիրքը, գաղափարը խթանել:

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյան. «Գրականություն սիրող և հասկացող մարդկանց համար այս գիրքը կդառնա կարևոր գիրք»

– Պարոն Մարտիրոսյան, հայ ընթերցողը պատրա՞ստ է նմանատիպ գրքերի:

– Կարծում եմ` դեռևս ոչ, չնայած այսօր մետրոյում ուշադրություն դարձրեցի, որ երիտասարդ աղջիկների մեծամասնությունը ջինսե տաբատով է: 30 տարի առաջ մեր հասարակության մեջ սկանդալ էր, երբ նույնիսկ տղան էր ջինսե տաբատ հագնում, և, բառի բուն իմաստով՝ ծեծկռտուքներ էին լինում: Ընկալման իմաստով` ընթերցողը սովոր չէ նման գրականության:

– Եթե անդրադառնանք վեպի բառապաշարին, ընթերցողը կմարսի՞ նման բառապաշար:

– Գրողի ինքնարտահայտման համար շատ փոքր սահմանափակումներ կարող են լինել, որովհետև, եթե գրողը պատկերում է մի այնպիսի միջավայր, որը բնորոշելու համար պետք է ոչ ֆորմատիվ բառապաշար օգտագործել, ուրեմն պետք է այն օգտագործել:

Հակառակ դեպքում` ընթերցողը միջավայրը ճիշտ չի տեսնի, աշխարհը թերի կլինի: Արվեստը պետք է լիարժեք լինի, և գրաքննությունը չպետք է որոշի, թե արվեստագետն իր մտքերն ի՞նչ ձևով արտահայտի:

Պոռնոգրաֆիկությանը բնորոշ տարրեր օգտագործելով` կարելի է պոռնկության դեմ շատ ազդեցիկ գործ ստեղծել, իսկ երևույթն ամոթխածորեն թաքցնելով և ամոթխած լեզվով խոսելով` մենք կարող ենք այդ խոցերը թաքցնել, որի հետևանքով խոցերն ավելի կխորանան, որովհետև կլինեն թաքուն և կարող են ավելի մեծ այլասերման հանգեցնել: Գրականություն սիրող և հասկացող մարդկանց համար այս գիրքը կդառնա կարևոր գիրք: Այս գրքի հայերեն թարգմանությունը ես համարում եմ շատ հաջողված:

Այն, ինչ որ գրողներն են անում՝ չեն կարող լրագրողները, քաղաքագետները, սոցիոլոգներն անել: Կուզենայի, որ այս շնորհանդեսը դառնար այն բանի սկիզբը, որ մարդիկ ոչ թե գրքի լույս տեսնելուց խոսեին, այլ սկսեին բովանդակությունը քննարկել, և պարտադիր չէ, որ հայ  ստեղծագործողի գրքերը քննարկեին, այլ համաշխարհային երևույթների մասին ևս խոսեին:

Ճիշտ է` մեր երկու սահմանները փակ են, բայց համացանցը, օդային հաղորդակցությունը փակ չեն, և մենք չենք կարող անվերջ խոսել մի երկու օլիգարխի և մի վատ իշխանության մասին, որովհետև կյանքը շատ հարուստ է ու բազմազան:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան. «Գիտակցում էինք, որ այս գրքով կարող ենք մեր հասարակության մեջ ևս մեկ տաբու կոտրել»

– Արքմենիկ, գիրքը հրատարակելուց ի՞նչ մտավախություններ ունեիք:

– Գիրքը հայերեն թարգմանելիս ունեինք մտավախություն, որ այն կարող է հայ ընթերցողի կողմից չընկալվել, բայց թե՛ Զավեն Բոյաջյանը, և՛ թե «Անտարես» հրատարակչությունը գիտակցում էին, որ այս գրքով կարող ենք մեր հասարակության մեջ ևս մեկ տաբու կոտրել: Բնականաբար, սպասում ենք, որ կլինեն ազգային նկարագիրն աղարտելու հետ կապված խոսակցություններ, բայց գիտենք, որ դրանք ուղղակի խոսակցություններ են, վաղը-մյուս օրը արդյունքն է մնալու, որով մեր հասարակությունը դուրս ենք բերելու որոշակի ճահիճներից:

Մյուս կողմից էլ` այս գիրքը գրականության ընկալման առումով շատ հարցերի պատասխանները կտա: Մեր գրողների մոտ ամենահասարակ տեսարանները մեկնաբանվում են որպես պոռնոգրաֆիա: Թող իմանան, թե աշխարհում դեռևս 30-ական թվականներին ինչ հնարանք է օգտագործվել: Այս գիրքը հնարավորություն կտա տեսնելու, որ պոռնոգրաֆիա պատկերելն ու էրոտիկ գրելը գեղարվեստական գրականության մեջ կարող է հետապնդել նաև գեղագիտական մարդու խնդիր:

Եթե անկեղծ լինեմ` այս գիրքն ինձ համար այնքան էլ սիրելի չէ: Ես արժևորում եմ այն փոփոխությունները, որոնց այս գիրքը կբերի, կարևորում եմ նաև այս վեպի հայերեն թարգմանությունը, որովհետև Զավեն Բոյաջյանին հաջողվեց թարգմանական ասպարեզում շատ տաբուներ հաղթահարել: Կինոնկարները թարգմանելիս հաճախ ենք տեսել, որ հետևի ձայնում ուրիշ բառ է ասում, բայց թարգմանում են բոլորովին այլ բառ: Զավենը կարողացավ ներմուծել բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնք շատերի կարծիքով՝ մեր լեզվում չկային:

– «Խեցգետնի արևադարձը»  ընթերցելուց հետո` մարդու մեջ ի՞նչը կփոխվի:

– Մարդու մեջ գիրքն ընթերցելուց հետո շատ բան կփոխվի: Փիլիսոփայական եզրահանգումը երևի թե միշտ նույնն է` ունայնություն ունայնությանց: Այս վեպը կօգնի ավելի քիչ բարդույթներով, ավելի քիչ նախապաշարումներով և ավելի քիչ ագրեսիվ նայել աշխարհին և հասկանալ, որ սեռական, բնազդային, բնական ցանկությունները միայն իրենց մեջ չեն, և դրանք թաքցնելը պարզապես զուր է:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ռեժիսոր Վահե Յանը, ով մեզ հետ զրույցում ասաց. «Շատ ոգևորված եմ, որովհետև այսօր թարգմանիչ-մասնագետները մեր երկրում շատ քիչ են: Եզակի երևույթ է Զավեն Բոյաջյանը: Վստահ եմ, որ կատարվել է գրագետ և ճիշտ թարգմանություն: Սրանք քայլեր են, որոնք քիչ-քիչ կատարվում են, կուզենայի՝ ավելի ակտիվ լինեին: Ողջունելի է, որ գրականության մեջ և առհասարակ արվեստում կան այնպիսի մասնագետներ, որոնք ընտրում են ոչ թե անգործությունն ու լռությունը, այլ գործը, շարժումն ու առաջընթացը»:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս