ՀՅԴ օրակարգի կետերից առնվազն 2-ը անընդունելի են ՀՀԿ-ի համար
Դաշնակցության ներկայացրած 7 կետերի շուրջ «հնարավոր չի լինի կոնսենսուսի գալ Հանրապետական կուսակցության հետ»: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ խոսելով շաբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում կայացած Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին:
Սերժ Սարգսյանը դեմ է եղել Դաշնակցության առաջարկներից 2-ին` անցմանը խորհրդարանական կառավարման եւ հայ- թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելուն:
Առաջինի մասին ասել է, թե համակարգով չէ, որ պայմանավորված է երկրի լավ կամ վատ լինելը, իսկ արձանագրությունների մասին նշել է, որ որ իր քայլը ճիշտ էր:
Մարգարյանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերել կրկին հանդիպել: Հարցին, թե ինչ իմաստ ունի նոր հանդիպումը այն դեպքում, երբ Դաշնակցությունը պնդում է, որ հարկավոր է ընդունել իրենց բոլոր առաջարկները, և իրենց չեն բավարարվի մասնակի համաձայնությամբ: Մինչդեռ ՀՀԿ-ի առաջնորդը առաջին իսկ հանդիպմանը 2 կետ մերժել է, իսկ մյուս կետերին չեն հասցրել անդրադառնալ:
«Անիմա՞ստ էր նախագահի հետ հանդիպումը: Ինչ-որ իմաստով, եթե զուտ գործնապաշտության առումով մտածեն` այո: Բայց նաեւ իմաստ ուներ, որովհետև կարող է մեր հիմնավորումները, մեր տեսակետները ազդեն ընդհանրապես իր մտածողության վրա: Դարձյալ ճիգ է, որ կարողանանք բացատրել, համոզել, որ մենք ճիշտ ենք, – նշել է Մարգարյանը` շարունակելով,- Կընդունվի` շնորհակալ կլինենք, չի ընդունվի` առնվազն չենք ունենա այն հոգեբանական վիճակը, որ մենք չբացատրեցինք. եթե բացատրեինք, կարող է տարբեր լիներ»:
Դեռ պարզ չէ` Դաշնակությունը նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով, կսատարի այլ կուսակցության ներկայացուցիչ միասնական թեկնածուի, թե ընդհանրապես չի մասնակցի: Հարցը որոշելու է մինչև տարեվերջ անցկացվելիք ՀՅԴ գերագույն ժողովը: