ԱԺ պատգամավորների հին ու նոր, ունեցած և չունեցած դիպլոմները (ցանկ)
Գաղտնիք չէ, որ դիպլոմ ասվածը մենք՝ հայերս, միշտ ավելի բարձր ենք գնահատել, քան բուն կրթությունը։ Սակայն դիպլոմ ունենալու և կենսագրության կրթության հատվածը «սրբագրելու» անհրաժեշտությունը երբեմն ավելի սուր զգացվում է հասուն տարիքում։ Մանավանդ, երբ մարդը պաշտոն ունի կամ ցանկանում է պաշտոն ստանալ։
Ասվածն ապացուցելու համար բավական է նայել ՀՀ իշխանավորների կենսագրությունները և պարզել, թե ով քանի տարեկանում է սովորել բուհում։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ որ տարիքում է կենսագրությունը հարստացրել դիպլոմով։
168.am-ը ուսումնասիրել է Ազգային Ժողովի, այսպես ասած, կրթական նկարագիրը։ Ոչ թե գիտելիքները, այլ՝ «դիպլոմավորվելու» նրբություններն ու օրինաչափությունները. քանիսը բուհի դիպլոմ ունեն, երբ են ստացել, ովքեր են այս պահին սովորում, ինչ բուհերում և այլն։
Սկսենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից։ Նրա կրթության վերաբերյալ քիչ թե շատ ճշգրիտ տվյալներ գտնելը գրեթե անհնարին է։ ԱԺ նախագահի կենսագրության մեջ նշված է, որ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն որևէ տեղ նշված չէ, թե որ թվականին։ Նման տեղեկատվություն չկա թե ազգային ժողովի կայքում, թե Facebook-ի նրա էջում, թե Վիքիպեդիա հանրագիտարանում և մնացած աղբյուրներում։ Հիշեցնենք, որ չնայած այս անհասկանալի «գաղտնիությանը», Հ. Աբրահամյանն այսօր հադիսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (նույն Ժողինստիտուտի) խորհրդի նախագահը։
Ընդհանուր առմամբ, ԱԺ գրեթե բոլոր պատգամավորներն ունեն բուհի դիպլոմ։ Այդ փաստաթուղթը չունեցողների թիվն ընդամենը չորսն է՝ Ռազմիկ Զոհրաբյան (ՀՀԿ), Արագած Ախոյան (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյան (ՀԱԿ) և Լյուդմիլա Սարգսյան (ՀԱԿ)։ Ռ. Զոհրաբյանը չի սովորել բուհում, թերևս այն պատճառով, որ զբաղվել է ընդհատակյա քաղաքական գործունեությամբ և դատապարտվել ազատազրկման։ Ա. Ախոյանը բավարարվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելով։ Ն. Փաշինյանինը այլ պատմություն է, որը շատերին է հայտնի. 1991թ. նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին սակայն ֆակուլտետի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 1995թ. հեռացվել է։ Լյուդմիլա Սարգսյանը 23 տարեկանում ավարտել է Երևանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը։ Սակայն տկն Սարգսյանի մոտ դեռ ամեն ինչ առջևում է. նա արդեն բուհի ուսանող է։ 2011թ.` 52 տարեկան հասակում Լ. Սարգսյանն ընդունվել է Հյուսիսային համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ: ԱԺ պատգամավորներից այսօր սովորում է նաև ԲՀԿ-ական Արագած Ախոյանը։ Նա 1998թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, իսկ 2011թ. ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան։
Վերադառնալով Լյուդմիլա Սարգսյանին` նշենք, որ Հյուսիսային համալսարանն ավարտելուց հետո նա կգլխավորի այն ազգընտիրների ցանկը ում մոտ բարձրագույն ուսման նկատմամբ սերն ու որպես արդյունք՝ դիպլոմը, բավական հասուն տարիքում են ի հայտ եկել։ ԱԺ պատգամավորների կենսագրությունները ուսումնասիրելով՝ մենք կազմել ենք նման մի ցանկ։ Այնտեղ ներառվել են այն օրենսդիրները, ովքեր բուհի բաղձալի դիպլոմը ձեռք են բերել 30-ից բարձր տարիքում։ Ցանկում տեղ են գտել 16 պատգամավորներ։ Առաջին տեղում ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանն է։ Նա անցյալ տարի՝ 50 տարեկանում է ավարտել ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը։
Այն պատգամավորների ցանկը, ովքեր բուհի դիպլոմ ստացել են 30 տարեկանից հետո
Երկրորդ տեղում ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանն է՝ գլխավոր դատախազի եղբայրը։ Նա 1982թ. (24 տարեկանում) ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը, 23 տարի անց՝ 2005թ., Մոսկվայի ոչ առևտրային ինքնավար կազմակերպության և ձեռներեցության միջազգային ակադեմիայի Երևանի մասնաճյուղը։
Ամենատարիքավոր շրջանավարտների ցանկի երրորդ տեղում ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանն է, ով 42 տարեկանում (1998թ.) ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 16-ի ցանկը եզրափակում է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը։ Վերջինս ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը 1991 թվականին՝ 30 տարեկանում։
Կարծում ենք՝ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ նաև, թե ովքեր են ավարտել մասնավոր բուհեր։ Հայաստանյան մասնավոր բուհերի դիպլոմներ ունեն 11 պատգամավորներ՝ Կարեն Սարիբեկյան (ՀՀԿ)՝ Վանաձորի «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան, Հրանտ Գրիգորյան (ՀՀԿ)՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան, Աբրահամ Մանուկյան (ԲՀԿ)՝ «Վարդանանց» համալսարան, Դավիթ Քոչարյան (ԲՀԿ)՝ Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարան, Մուշեղ Պետոյան (ԲՀԿ)՝ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ)՝ Երևանի կառավարման և կրթության զարգացման համալսարան, Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ)՝ Երևանի «Հայբուսակ» համալսարան, Ռուստամ Գասպարյան (ԲՀԿ)՝ Արմավիրի «Արարատ» համալսարան, Զարուհի Փոստանջյան (Ժառանգություն)՝ Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտ, Արմեն Բաբայան (ՀՅԴ)՝ «Վարդանանց» համալսարան, Լյուդմիլա Սարգսյան (ՀԱԿ)՝ Հյուսիսային համալսարան։