Հայաստանի Հարմարվողականների կուսակցություն` ՀՀԿ
«Մեր անցած ճանապարհը հեշտ չի եղել: Սկզբում ունեցել ենք մեկ պատգամավոր՝ հանձինս Աշոտ Նավասարդյանի: Աստիճանաբար պատգամավորների թիվը ավելացել է, և այսօր առաջինն ենք խորհրդարանում մեր ներկայացվածությամբ: Եվ դա մեր աշխատանքի արդյունքում է»,- կուսակցաշինությանը և ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը: Նա ՀՀԿ-ի մասին մի շարք այլ բարձրագոչ հայտարարություններ էլ է արել, ասել է, որ Հանրապետականը «ազգային պահպանողական կուսակցություն է, որի գործունեությունը բխում է ազգի և հայրենիքի հավիտենականության շահերից»: Բացի այդ, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Հանրապետականն ունեցել է երկրի զարգացման իրատեսական տեսլական և հասարակության մեջ մնում է կենսագրություն ունեցող քաղաքական ուժ: «Միշտ համագործակցության առաջարկություն ենք հայտնել: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն սրանով ևս տարբերվում է մյուս քաղաքական ուժերից»,- ասել է նա:
Հետաքրքիր է, երբ մարդիկ ներկայացնում են իշխող կուսակցությունը, որևէ պաշտոն են զբաղեցնում, նրանց հոգեբանության ու մտածողության մեջ ի՞նչ է փոխվում: Դա, իհարկե, առավելապես հոգեբանների ու հասարակագետների ուսումնասիրության առարկա է: Սակայն, երբ նման գաղափարները հաճախ են կրկնվում, սկսում են դառնալ սովորական, ի վերջո, ոմանց կողմից ընկալվելով՝ որպես իրականություն: Այն դեպքում, երբ հարգարժան պարոն Հարությունյանի ասածները, մեղմ ասած, աղավաղում են իրականությունը: Այն իմաստով, որ իրականում ՀՀԿ-ն իր գրեթե ողջ կենսագրությամբ կարող է հավակնել Հայաստանի ամենահարմարվողական ու ամենապատեհապաշտ կուսակցության դափնիներին: Այո, ձևավորման առաջին տարիներին, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի գործունեության ակտիվ շրջանի սկզբում, ՀՀԿ-ն հանդես է եկել՝ որպես գաղափական ուժ, պայքարել է գաղափարների համար: Սակայն 1990-ականների կեսերից ՀՀԿ-ն, ինչպես Ա. Հարությունյանն է ասել, «միշտ համագործակցության առաջարկ է արել» բոլոր իշխանություններին և դարձել է բոլոր իշխանությունների հենարանը` ամբողջապես կամ մասամբ: ՀՀԿ-ն այդ հետևողական գործունեության արդյունքում, ի վերջո, դարձել է իշխանության ամբողջական հենարանը, ինչը շարունակում է նաև այսօր: Ժամանակագրական փաստերը, երբ և ում կողմից, ինչ հիմունքներով ՀՀԿ-ն դարձավ իշխանության հենարան, միտումնավոր չենք չնշում, քանի որ դրանից հարցի էությունը չի փոխվում: Իսկ էությունն այն է, որ ՀՀԿ-ն կուսակցությունը է, որը պատրաստ է ծառայել բոլոր իշխանություններին: Անգամ վառ երևակայություն ունենալու դեպքում դժվար է ՀՀԿ-ին պատկերացնել ընդդիմադիր, իշխանության դեմ պայքարող կուսակցության դերում: Շատ ավելի հեշտ է պատկերացնել ՀՀԿ անդամների մեծամասնության կուսակցափոխությունը` իշխանափոխությունից առաջ:
ՀՀԿ-ի ինքնագնահատականին կարելի էր և չանդրադառնալ, եթե խնդիրը չվերաբերեր կուսակցաշինությանը և ներկուսակցական ժողովրդավարությանը: Եթե կուսակցությունը կառուցվում է միայն իշխանության լինելու (ոչ թե քաղաքական պայքարի արդյունքում իշխանության գալու, այլ մշտապես իշխող լինելու) սկզբունքով, ապա ներկուսակցական, իրականում՝ նաև ընդհանրապես երկրում ժողովրդավարության մասին խոսակցությունները, մեղմ ասած, արժանահավատ չեն: Իրականում ՀՀԿ-ն մարդկանց խմբավորում է, ովքեր հավաքվել են առաջին հերթին՝ «իշխանության կանչով» (իհարկե, ՀՀԿ-ում կան ոչ մեծ թվով մարդիկ, ովքեր իսկապես հավատում են իրենց դավանած գաղափարներին, սակայն նրանք գնալով փոքրամասնություն են կազմում): Իսկ եթե նրանց միավորման առանցքն իշխանությունն է, ապա խոսք չի կարող լինել ներքին ժողովրդավարության մասին. ով ավելի շատ իշխանություն կամ ավելի բարձր պաշտոն ունի, նա էլ իշխում է մնացածներին:
ՀՀԿ-ի բազմամյա կենսագրության մասին հիշեցումներն ակտիվացել են հատկապես վերջին շրջանում և ակնհայտորեն դրանց նպատակը ԲՀԿ-ին «երեսով տալն» է՝ առ այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդամենը մի քանի տարվա կուսակցություն է և գաղափարախոսություն չունի: Իրականում, սակայն, անգամ գաղափարախոսության բացակայության դեպքում, ԲՀԿ-ն այս համատեքստում շատ ավելի շահեկան դիրքերում է, քան ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն շուրջ հինգ տարի իշխանության մաս է կազմել, ունեցել է լծակներ օրենսդիր և գործադիր իշխանությունում և այս տարվա ընտրություններից հետո հրաժարվել է դրանցից: Ոչ թե ՀՀԿ-ն է ԲՀԿ-ին հանել կոալիցիայի կազմից, այլ ԲՀԿ-ն է մերժել նոր կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը: Թե ինչ պատճառով` տվյալ դեպքում կարևոր չէ: Կարևորն այն է, որ անգամ ԲՀԿ-ն Հանրապետական կուսակցության հետ համեմատության մեջ կարող է իրավացիորեն հպարտանալ, որ իր ոչ երկար կենսագրության ընթացքում հասցրել է լինել և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Կամ այլընտրանք: ՀՀԿ-ն, սակայն, նույնիսկ այլընտրանք լինելու տեսական հնարավորություն չունի: