Հայը, ռուսը, չինացին…
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը, որը հայկական կողմից նախագահել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ Ռուսաստանի կողմից` Դաշնային ժողովի սենատոր Նիկոլայ Ռիժկովը:
Այս անգամ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է երիտասարդական քաղաքականությունը և այդ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Եվ Հերմինե Նաղդալյանը, և Նիկոլայ Ռիժկովը համատեղ հրավիրված մամուլի ասուլիսում շեշտեցին, որ կան բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք պետք է իրականացնել, որ անհրաժեշտ է մշակել նորերը՝ սերտացնելու երկու երկրների երիտասարդության ակտիվ շփումները և փոխգործակցությունը:
Բայց պարզ է, որ այս ամենն ընդամենը պաշտոնական արարողակարգի համար է: Այսօր հայ-ռուսական հարաբերություններում կա ընդամենը մեկ հարց. ՀՀ քաղաքացիների մասսայական վերաբնակեցումը Ռուսաստանի Դաշնության առավել քիչ բնակեցված բնակավայրերում:
Քննարկելով երիտասարդության հարցը, այս հանձնաժողովը չէր կարող չքննարկել հայ երիտասարդության վերաբնակեցման խնդիրը: Հերմինե Նաղդալյանն ասում է, որ իրենք, իհարկե, վերաբնակեցման հարցը կապել են երիտասարդության խնդիրների հետ, որին ռուսական կողմից եղել է պատասխան, որ Ռուսաստանը հատուկ քաղաքականություն չի իրականացնում հայ երիտասարդությանն այստեղից Ռուսաստան տեղափոխելու ուղղությամբ, այլ՝ ընդհակառակը, կցանկանար, որ հայ երիտասարդությունը մնար և աշխատեր իր հայրենիքում:
Տարօրինակ կլիներ, եթե ռուս պաշտոնյաները, իսկ այս դեպքում՝ սույն միտքը հնչեցրած «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, հայտարարեր, որ իրենք հատուկ քաղաքականություն են իրականացնում հայ երիտասարդությանն այստեղից Ռուսաստան տեղափոխելու համար, և այդ նպատակով ստեղծում են առավել բարենպաստ և գայթակղիչ պայմաններ:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը կանգնած է դեմոգրաֆիական նույնպիսի խնդրի առաջ, ինչպես Հայաստանը. Ռուսաստանի բնակչությունը տարեցտարի պակասում է, և այդ պակասը լցնելու համար Ռուսաստանն այլ ելք չունի, քան ԱՊՀ անդամ երկրներից դեպի Ռուսաստան ներհոսք կազմակերպելը:
Այս տարի Վլադիմիր Պուտինը նույնիսկ առաջարկեց ՌԴ քաղաքացիություն տալ ԽՍՀՄ քաղաքացիներին և նրանց իրավահաջորդներին, այսինքն՝ նախկին ԽՍՀՄ գրեթե ամբողջ բնակչությանը: Ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան հոգատար վերաբերվում նախկին ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ, ինչո՞վ են նրանք տարբերվում այլ օտարերկրացիներից: Չէ՞ որ, եթե Ռուսաստանը ցանկանա, ապա կարող է պակասող մարդկային ռեսուրսը լրացնել ԽՍՀՄ սահմաններից դուրս: Օրինակ, ինչո՞ւ են հայերը ռուսների համար հայրենակից, իսկ, օրինակ, չինացիները՝ ոչ:
Որովհետև Չինաստանը մեծ երկիր է, մարդկային անսպառ ռեսուրսներով, և եթե չինացիները սկսեն վերաբնակվել Ռուսաստանում, դա կարող է հանգեցնել նրան, որ շատ կարճ ժամանակ հետո նրանք կարող են դառնալ մեծամասնություն՝ դրանից բխող հետևանքներով: Հայերը, տաջիկները կամ ուզբեկներն այնքան շատ չեն, որ կարողանան փոխել Ռուսաստանի դեմոգրաֆիական պատկերը: Եթե նույնիսկ ամբողջ Հայաստանը դատարկվի և վերաբնակվի Ուրալյան լեռներից այն կողմ, ապա, միևնույն է, դրանից ոչ մի վտանգ Ռուսաստանին չի կարող սպառնալ: Դրա համար մենք ռուսների համար հայրենակից ենք, իսկ չինացիները՝ ոչ:
Արդյո՞ք Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանա, և երիտասարդության կյանքի մակարդակը բարձրանա: Դժվար թե, քանի որ այդ դեպքում հայրենակիցները ոչ մի ցանկություն չեն դրսևորի վերաբնակվելու: Այնպես՝ ինչպես այն միլիոնավոր ռուսները, ովքեր բնակվում են Ռուսաստանից դուրս, և որոնց ռուս ազգայնականներն առաջարկում են հետ բերել Ռուսաստան, որպեսզի նրանց միջոցով հնարավոր լինի լուծել դեմոգրաֆիական խնդիրները:
Այնպես որ, ռուսների հետ նման քննարկումները միանգամայն անարդյունք են և անիմաստ: Նրանք շարունակելու են «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը, թեկուզ՝ կարճատև դադարներով, որն ավելի շատ աժիոտաժ է ստեղծում և ավելացնում մեկնել ցանկացողների քանակը: Հայաստանի խորհրդարանականներին և իշխանություններին ամենալավ դասը տվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, ով բաց տեքստով ասել է, որ վերաբնակեցման համար պետք չէ մեղադրել ռուսական կողմին, այլ խնդիրը պետք է տեսնել այլ տեղ: