«Ավազակաիշխանությունը ստեղծում է երկկուսակցական համակարգ` ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններով»
Հարցազրույց ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի հետ
– Ինչո՞վ են պայմանավորված Ձեր կուսակցության` ՀԱԿ-ի պաշտոնական շատ տեսակետների հետ տարաձայնությունները: Առաջին հերթին` նկատի ունեմ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, ով լիազորված է ՀԱԿ-ի անունից պաշտոնական հայտարարություններ անելու: Մասնավորապես, նախագահական ընտրություններում որպես ՀԱԿ-ի կողմից նախագահի թեկնածու` Դուք առաջադրել եք Նիկոլ Փաշինյանին: Չէ՞ որ ՀԱԿ-ում գերիշխող է այն տեսակետը, որ ՀԱԿ-ի թեկնածուն պետք է լինի միայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
– Անկասկած, շատերին է պարզ, որ ՀԱԿ-ի անունից հանդես եկող Առաջին նախագահի գրասենյակը՝ «ՀԱԿ կենտրոնական գրասենյակ» անվանումով, «ոտքից գլուխ» ապօրինի կառույց է՝ անգամ կանոնակարգ չունի, իսկ նրա անդամ-կուսակցությունները, հիմնականում, չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Եվ միայն ապօրինությունների սիրահար Ս.Սարգսյանի շահագրգռվածությամբ է, որ Առաջին նախագահը, բացի այգեգործությունից՝ հասցնում է առաջնորդել նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին:
Եվ եթե հիշենք նաև Երևանի ավագանու ՀԱԿ խմբակցության խնդիրը, ապա առնվազն այսքանով կհիմնավորվի առաջին նախագահի համագործակցությունը Ս.Սարգսյանի հետ: Երկրորդ՝ Զուրաբյանը ոչ միայն ՀԱԿ համակարգող չէ, այլև չի էլ կարող լինել, քանի որ, բացի նրանից, որ ՀԱԿ անդամ-կուսակցության ղեկավար և քաղխորհրդի անդամ չէ, նա անգամ որևէ կուսակցություն չի ներկայացնում (ԲՀԿ-ն նկատի չունեմ): Ի դեպ, Զուրաբյանին սկզբից ներկայացրեցին` որպես Առաջին նախագահի հանձնարարությամբ քաղխորհրդի նիստեր վարողի, մինչև ՀԱԿ կանոնակարգի ընդունումը, սակայն առ այսօր անամոթաբար նրան ներկայացնում են` որպես ՀԱԿ համակարգող:
Անգամ, Ս.Սարգսյանը նման կերպ չի վարվում՝ գոնե ձևականորեն պահպանում է կոլեկտիվ մարմնի կառավարման կարգը: Թերևս, այս հարցերը պատճառ դարձան, որ մենք վաղուց չենք մասնակցում քաղխորհրդի նիստերին: Երրորդ՝ ավազակաիշխանությունը ստեղծում է երկկուսակցական համակարգ՝ ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններով, որոնց փաստացի ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը որոշել են պարբերաբար փոխարինել մեկը մյուսին ՀՀ նախագահի պաշտոնում:
ԲՀԿ-ն արդեն իսկ նախապատրաստվում է Քոչարյանի առաջադրմանը հաջորդ ընտրություններին, իսկ ԲՀԿ ներկա ղեկավարը շատ հարմար գործիք է այդ ճանապարհին՝ կհամախմբի և կգլխավորի «ընդդիմություններին» և պատվով կպարտվի ՀՀԿ ղեկավարին: Այսինքն, ԲՀԿ-ի հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի «սիլի-բիլին» լիովին տեղավորվում է Ս.Սարգսյանի, կամ որ նույնն է՝ ավազակաիշխանության հետ համագործակցության շրջանակներում:
Իսկ հիմա` ավելի կոնկրետ. այո, մեր տարաձայնությունները ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հետ է, դեռևս այն ժամանակվանից, երբ առաջին նախագահը փոխեց հռչակագրային ՀԱԿ-ի ռազմավարությունը՝ փաստորեն հրաժարվելով ընտրական իրավունքի պաշտպանությունից, այսինքն՝ ընդունեց Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Իսկ Ն.Փաշինյանին մենք առաջադրեցինք` հաշվի առնելով երկու հանգամանք. նախ, որ առաջին նախագահն ինքն ապացուցեց, որ ի վիճակի չէ պայքարել ՀՀ թիվ մեկ խնդրի՝ ընտրական իրավունքի պաշտպանության համար և, երկրորդ՝ ՀԱԿ ղեկավարության երիտասարդացման հարցում սխալ ընտրություն է արել: Իհարկե, ստեղծված պայմաններում, հասկանալի է` Փաշինյանն էլ հաղթելու շանս չունի` «ընդդիմությունների» անգործությամբ ավազակաիշխանության հերթական ծրագրված ընտրություններում, սակայն նա, իմ կարծիքով՝ այն անկոտրում և սկզբունքային գործիչն է, ով համապատասխան աջակցության դեպքում կարող է ճիշտ բացահայտել և անգամ փոխել այդ «ընտրության» սպասվող հանցավոր ընթացքը, այդ թվում՝ հետընտրական գործընթացներում: Առաջին նախագահը պետք է լրջորեն մտածի այս ուղղությամբ:
– Դուք հատկապես դեմ եք արտահայտվում «Բարգավաճ Հայաստանի» հետ տարվող ՀԱԿ քաղաքական կուրսին (նաև հայտարարություն տարածեցիք` ի պատասխան Արամ Մանուկյանի պնդմանը, թե ՀԱԿ-ի քաղխորհրդում եղել է որոշում ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի վերաբերյալ): Ճիշտ չէ՞ այս փուլում համահունչ լինել ՀԱԿ-ի ընդհանուր ռազմավարությանը, թե՞ Դուք առաջարկում եք այլ մարտավարություն նախագահական ընտրություններում:
– Այն, որ ԲՀԿ-ի առնչությամբ որևէ որոշում չի եղել և չէր էլ կարող լինել, հայտարարեցին նաև իմ մի շարք գործընկերներ: Այսինքն, ՀՀՇ «ղեկավարի» հայատարարությունն այնքան կեղծ էր, որքան իր ընտրությունը ՀՀՇ-ի նախագահի պաշտոնում: Ներկա ԲՀԿ-ին կամ, որ նույնն է՝ նրա առաջնորդին հավատալ և կատարած ապօրինությունները ներել կարող է միայն ցնորված կամ «բարեգործված» քաղաքական գործիչը:
Իսկ քանի որ առաջին նախագահին ցնորված չի կարելի համարել, ապա ավազակաիշխանության կառույցներից մեկի՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հետ համահունչ գործելը բացառում ենք՝ միաժամանակ գտնելով, որ մեր գործունեությունը համահունչ է հռչակագրային ՀԱԿ-ի սկզբունքներին: Իսկ մեր «մարտավարական» առաջարկությունները վաղուց ուղարկել ենք նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին, սակայն որևէ քննարկման չեն արժանացել և, հավանաբար, չէին էլ կարող:
– Իսկ հաշվի առնելով նման սկզբունքային հակասությունները ՀԱԿ ղեկավարության հետ` ինչո՞վ է պայմանավորված «Մարդու իրավունքներ-96» կուսակցության` մինչ օրս ՀԱԿ-ի կազմում մնալը:
– Մենք հռչակագրային ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ ենք և շարունակելու ենք գործել նրա չկանոնակարգված «կանոնակարգով», իսկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակը ՀԱԿ չէ, ավելին՝ ՀՀՇ է: Այլ հարց է, որ ավազակաիշխանությունը վերջինիս է ճանաչում որպես ՀԱԿ, ինչպես նույնը կարելի է ասել Երևանի ավագանու ՀԱԿ խմբակցության մասին, այն է՝ ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ ես եմ ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը, սակայն, Ս.Սարգսյանը ճանաչում է առաջին նախագահի գոյություն չունեցող խմբակցությունը:
– Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն միանա ՀԱԿ-ին նախագահական ընտրություններում և աջակցի ՀԱԿ-ի թեկնածուին, և ինչպե՞ս եք ընկալում ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, որ կուսակցությունում գերիշխող է այն տրամադրությունը, որ ԲՀԿ-ն պետք է հանդես գա սեփական թեկնածուով` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ով իր հերթին` հայտարարեց, թե «ինքն իր մեջ որոշումն արդեն կայացրել է»:
– ԲՀԿ-ն երբեք չի սատարի ՀԱԿ-ի թեկնածուին: Ի դեպ, նա իր ուզածն արդեն ստացել է ՀԱԿ կենտորնական գրասենյակից՝ դարձել է ընդդիմադիր, այն էլ՝ առաջնորդ: ԲՀԿ-ն այս ընտրությունում հանդես կգա իր ինքնազոհ թեկնածուով, ում որակը շատերիս է մտահոգում, չնայած նրան, որ Ս.Սարգսյանից «մի քանի գլուխ» էլ դեռ բարձր է:
– Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ-ի թեկնածուին:
– ՀԱԿ-ը երբևէ չի սատարի ԲՀԿ թեկնածուին, սակայն ՀԱԿ կենտրոնական գրասենյակը դրա ձևը կգտնի:
– Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Չեմ կարծում, որ առաջին նախագահը լռության է մատնվել, ավելին՝ լավ էլ գործում է: Մնում է միայն ուշադիր լսել և հետևել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողին, ով պատասխանատու, սակայն սեփական կարծիք չունեցող գործիչ է և պատշաճորեն կատարում է առաջին նախագահի հրահանգ-ուղեցույցերը: Իսկ վերջինս չի առաջադրվի, քանի որ ամեն ինչ արել է Ծառուկյանի առաջադրման համար… մնում է միայն` դա ըմբռնելի ձևով մատուցի: