Ո՞րն է Դավիթ Հարությունյանի արտասովոր պահվածքի պատճառը
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումը չունեցավ այն ընթացքը, որը սովորաբար լինում է նման դեպքերում. հանձնաժողովը կարող էր քվեարկել և բացասական եզրակացություն տալ ՀԱԿ ներկայացրած որոշման նախագծին՝ ինչը տեղի չունեցավ:
Մենք չենք անդրադառնա կողմերի տեսակետներին, քանի որ դրանք բավականաչափ հայտնի են. ՀԱԿ-ը պնդում է, որ պետք է բացահայտել այն մարդկանց ինքնությունը, ովքեր սպանություններ են կատարել, իսկ իրավապահ մարմինները պնդում են դրա անհնարինության մասին: Ավելի հետաքրքիր էր այն ընթացքը, որով տեղի ունեցավ այս հարցի քննարկումը, և հատկապես հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի պահվածքը: Սովորաբար, երբ ընդդիմությունն օրենքների կամ որոշման նախագծեր է ներկայացնում, հանձնաժողովում նստած խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները շատ հեշտությամբ դրանց վերաբերյալ բացասական եզրակացություն են տալիս, քանի որ հանրապետականները մեծամասնություն են կազմում ոչ միայն խորհրդարանի լիագումար նիստում, այլ նաև հանձնաժողովներում:
Ինչո՞ւ դա տեղի չունեցավ երեկ, դժվար է ասել, բայց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն պահվածքն ակնհայտորեն անսովոր էր և քաղաքական տրամաբանությանը հակասող:
Հանձնաժողովի երեկվա նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված ՀՀԿ խմբակցության չորս անդամներ՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Լևոն Մարտիրոսյանը և Կարեն Ճշմարիտյանը: Նիստին մասնակցում էր նաև ՕԵԿ խմբակցության անդամ, Պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Հովհանես Մարգարյանը: Ընդդիմությունից նիստին ներկա էին ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ ներկայացուցիչ, որոշման նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը:
Այսինքն` հարաբերակցությունը հինգը երեքի էր, հօգուտ կառավարող կոալիցիայի, և եթե Դավիթ Հարությունյանը ցանկանար, հարցի քննարկման ավարտից հետո այն կդներ քվեարկության, և ներկայացված որոշման նախագիծը բացասական եզրակացություն կստանար: Բայց, ինչպես նշեցինք, Դավիթ Հարությունյանն անսովոր, նույնիսկ խիստ տարօրինակ վարքագիծ դրսևորեց. նա հայտարարեց, որ այս հարցում վերջնական եզրահանգման հանգելու համար իր մոտ առաջացել են լրացուցիչ հարցեր կառավարությանը և Քննչական ծառայությանը, և ինքը պատրաստվում է մինչև օրվա ավարտը գրավոր ձևակերպել այդ հարցերը և դրանք ուղարկել հասցեատերերին:
Նա առաջարկեց մինչև երկուշաբթի ժամը 10-ը հետաձգել հարցի քննարկումը, մինչ ինքը կստանա այդ պատասխանները: Ավելին, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովի` երկուշաբթի օրվա նիստին մասնակցելու հնարավորություն կունենան հանձնաժողովի ևս երկու անդամներ, որոնց տեսակետն այս որոշման նախագծի վերաբերյալ իրեն հայտնի է: Հարությունյանը հայտնեց, որ նրանցից մեկն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է, և ավելացրեց, որ նա այս որոշման նախագծի վերաբերյալ ունի դրական տեսակետ:
Մյուս բացակայողի անունը Դավիթ Հարությունյանը չտվեց, բայց կարելի է ենթադրել, որ դա ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է, ով ևս հայտարարել է, թե ինքը կողմ է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը քննարկվեն հնարավորինս հրապարակայնորեն:
Մի՞թե զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանն, ուզում է, որ հանձնաժողովի նիստին մասնակցեն երկու պատգամավորներ, ովքեր արդեն հայտարարել են, որ կողմ են քվեարկելու այս որոշման նախագծին: Չէ՞ որ այդ դեպքում հարաբերակցությունը դառնում է ոչ թե` հինգը` ընդդեմ երեքի, այլ` հինգն` ընդդեմ հինգի, և եթե ՀՀԿ-ականներից որևէ մեկը այդ օրը բացակայի նիստից, կամ հանուն արդարության բացահայտման` Հովհաննես Մարգարյանը միանա ընդդիմությանը, ապա որոշման նախագիծը կստանա դրական եզրակացություն, և կմտնի քառօրյայի օրակարգ:
Այլ հարց է, որ տեխնիկապես խորհրդարանն այս քառօրյայում կամ նույնիսկ մինչև նախագահական ընտրություններ չկարողանա քննարկել այս հարցը, բայց, որ այն կլինի օրակարգում և իր գոյությամբ նոր քաղաքական իրավիճակ կստեղծի` միանշանակ է: Հնարավոր է, որ Դավիթ Հարությունյանը որոշել է դրական եզրակացություն տալ ՀԱԿ ներկայացրած նախագծին, քանի որ, եթե ցանկանար բացասական եզրակացություն տալ, ապա դա կարող էր անել նաև երեկ:
Այն, որ Դավիթ Հարությունյանի և Գագիկ Ջհանգիրյանը միջև որոշակի պայմանավորվածություն կարող էր լինել, երևում էր նաև նրանց երկխոսության բովանդակությունից: Մասնավորապես` Դավիթ Հարությունյանը հարցրեց, թե ինչպես կվերաբերվեն նախագծի հեղինակները, եթե այն քննարկվի նախագահական ընտրություններից հետո:
Այդ հարցին Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես դրան էլ եմ համաձայն»: Մինչդեռ, ըստ քաղաքական տրամաբանության` Գագիկ Ջհանգիրյանը պետք է հայտարարեր, որ ինքը պահանջում է, որ այս հարցը քննարկվի մինչև նախագահական ընտրություններ, որպեսզի բացահայտվեն մեղավորները, մարդասպանները, որ դա դաս լինի այն մարդկանց համար, ովքեր այս նախագահական ընտրությունների ժամանակ կամ դրանց հետևող հետընտրական գործընթացներում կփորձեն իրենց անպատիժ զգալ և կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին:
Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Հարությունյանը դրսևորում էին համաձայնության հասնելու ձգտում, որը չնկատել դժվար էր:
Եվս մեկ ոչ պակաս հետաքրքիր հանգամանք: ԱԺ ներկայացված օրենքների և որոշումների նախագծերի վերաբերյալ ԱԺ Իրավաբանական վարչությունը տալիս է եզրակացություններ:
Ընդդիմության ներկայացրած նախագծերի դեպքում, այդ եզրակացությունները գրեթե միշտ լինում են բացասական, նշվում է, որ դրանք հակասում են այս կամ այն օրենքին կամ Սահմանադրությանը: Մինչդեռ այս դեպքում եզրակացությունը հնարավորինս հակիրճ է և պարզ: «Որոշման նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին: Որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան»,- ասված է եզրակացության մեջ:
Տեսակետ կա, որ այս նախագիծն ուղղված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, և սրանով փորձ է արվում ցույց տալ, որ եթե նա խառնվի նախագահական ընտրություններին, ապա խորհրդարանական հանձնաժողովը նրան կճանաչի` որպես Մարտի 1-2 դեպքերի հիմնական պատասխանատու:
Ճիշտ է, Դավիթ Հարությունյանը հայտարարում է, որ հանձնաժողովը կարող է իր գործունեությունը սկսել նախագահական ընտրություններից հետո, բայց եթե այն ստեղծվեց, ապա կարող է գործել նաև փետվարին, երբ խորհրդարանը վերադառնում է ձմեռային արձակուրդից, և այդ ժամանակը համընկնում է նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ շրջանի հետ: